Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կատարվածի տեսանկարահանումներն ու լուսանկարահանումները գործից անհետացել են. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 30,2015 11:05

Երեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Գորիսի նստավայրում, շարունակվեց 2013 թվականի հունիսի 2-ի երեկոյան Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը։

Այդ օրը Գորիսում՝ Լիսկայի տան մոտ հնչած կրակոցներից սպանվեց Արտակ Բուդաղյանի եղբայրը՝ Ավետիք Բուդաղյանը, եւ հրազենային ծանր վիրավորում ստացավ Արտակ Բուդադյանը։ Նա սույն գործով միակ մեղադրյալն է եւ մեղադրվում է Ս. Խաչատրյանի ու նրա հարազատների հասցեին սպանության սպառնալիքներ տալու մեջ։

Երեկվա նիստի ընթացքում Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը մի քանի միջնորդություն է ներկայացրել դատարան։ Ալումյանը, նախ, միջնորդել է դատարան հրավիրել եւ հարցաքննել Սուրիկ Խաչատրյանին եւ նրա վարորդ Արագած Ղետնդյանին։

Փաստաբանը նշեց, որ իր միջնորդությունը հետեւյալ կերպ է հիմնավորել. «Դեպքի վայրում եղած բոլոր անձանց անխտիր դատակոչել էին, բացի երկու հոգուց՝ Սուրիկ Խաչատրյանից եւ Արագած Ղեւոնդյանից, անհասկանալի տրամաբանությամբ։ Մեր միջնորդության վերաբերյալ շատ բուռն առարկություններ լսեցինք թե՛ մեղադրող դատախազից եւ թե՛ տուժողի ներկայացուցիչներից։ Դատարանը որոշեց Արագած Ղեւոնդյանին հրավիրել դատարան, իսկ Սուրիկ Խաչատրյանին՝ ոչ։ Հերթական անգամ ասացին, որ Սուրիկ Խաչատրյանը դեպքի ժամանակ քնած է եղել, քնելը շատ արդյունավետ պաշտպանության միջոց է։ Սուրիկ Խաչատրյանը այս գործով առանցքային ֆիգուր է ամեն իմաստով. այն, որ դեպքի սկիզբը ինքն է դրել ավտոմեքենայի մեջ (սպանված Ավետիք Բուդաղյանը դեպքի օրը Գորիս վերադառնալիս նստել է Սուրիկ Խաչատրյանի մեքենան, որի մեջ եղել են Լիսկան, Զարզանդ Նիկողոսյանը եւ վարորդ Արագած Ղեւոնդյանը։ Սուրիկ Խաչատրյանը հայհոյել եւ հարվածներ է հասցրել Ավետիք Բուդաղյանին,-հեղ.), եւ այն, որ մենք ապացույցներ ունենք, որ կրակոցներից մեկը գոնե իր կողմից է կատարվել, եւ այն, որ իր գործոնն է, որ այս գործը այս ընթացքը ստացավ։ Այս ամեն ինչը իրար գումարած՝ ես համարում եմ, որ այս գործով առանցքային ֆիգուրը հենց ինքն է եւ պետք էր իրեն հարցաքննել։ Ես դժգոհ եմ դատարանի որոշումից, կփորձեմ ուրիշ քայլեր ձեռնարկել, որպեսզի, այնուամենայնիվ, մեզ անհրաժեշտ տեղեկատվությունը կարողանանք ստանալ»,- մանրամասնեց Ալումյանը։

Ալումյանի ներկայացրած երկրորդ միջնորդությունը վերաբերում էր սույն գործով երկու քննիչներին որպես վկա դատարան հրավիրելուն եւ հարցաքննելուն։ «Միջնորդություն ներկայացրեցինք, որպեսզի դատարան հրավիրվեն գործով երկու քննիչները։ Մի քննիչը Գորիսում գործը քննած քննիչն է, որը խայտառակ բացթողումներ է արել։ Մասնավորապես՝ դեպքի վայրի առաջին զննության արձանագրությունը կազմել էր, վերջում էլ գրել էր, որ կատարվել են տեսանկարահանումներ եւ լուսանկարահանումներ։ Հետո այդ տեսանկարահանումներն ու լուսանկարահանումները գործից անհետացել են, հիմա չկան։ Մենք, ուրիշ հնարավորություն չունենալով այս առեղծվածը պարզելու, որոշեցինք միջնորդել, որ գոնե այդ քննիչը գա բացատրի, թե ո՞ւր է կորցրել դրանք։ Մյուս քննիչը Ալեքսան Ղազարյանն է։ Իր կողմից էլ են լուրջ խախտումներ թույլ տրվել։ Դատարանը բավարարեց այս միջնորդությունը»,- ներկայացրեց Բուդաղյանի պաշտպանը։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930