Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի այցն ու ասված եւ չասված խոսքեր

Ապրիլ 30,2015 11:00

Ծանր մթնոլորտ ԵԱՀԿ Մինսկի խմբում եւ նրա շուրջ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ապրիլի 24-ի երեկոյան Երեւանից, ինչպես հայտնի է, մեկնեց Ադրբեջան, որտեղ հանդիպեց Ադրբեջանի նախագահի հետ, քննարկեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը, ինչպես նաեւ տարածաշրջանային, միջազգային այլ հարցեր:

Հոկտեմբերին Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ Փարիզում կայացավ Ֆրանսիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Ներկայումս Ֆրանսիան կրկին փորձում է Սարգսյան-Ալիեւ եւս մեկ հանդիպում կազմակերպել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկում են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպման հնարավորությունը: Համանախագահներն օրերս Փարիզ հրավիրեցին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանին ու Էլմար Մամեդյարովին` նրանց հետ առանձին հանդիպումներ անցկացնելու: Հավանաբար, այս հանդիպումներում էլ որոշվում է Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպման օրակարգը:

Նոր հանդիպման կազմակերպման անհրաժեշտություն, թերեւս, զգում են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երկրները: Այլ հարց է, թե միջնորդ երկրները` Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, միմյանց նկատմամբ, ինչպես նաեւ նրանց` Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ ինչպիսի տրամադրվածության ու ընդհանուր մթնոլորտում կարող է տեղի ունենալ հերթական բանակցային փուլը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, եթե վերջին մի քանի ամիսների իրադարձություններն ու դրան հաջորդած զարգացումները տեղի չունենային, գուցեեւ չայցելեր Երեւան: Բայց այսօր, վստահաբար, կարելի է ասել, որ նա չէր կարող չայցելել Երեւան ապրիլի 24-ին: Կրեմլը արդեն ֆիքսել է, որ Հայաստանում արդարացիորեն Ռուսաստանի նկատմամբ վստահության դեֆիցիտը խորանում է: Հունվարին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո զարգացումները, հասարակական դժգոհությունն ամենավառ կերպով դրսեւորեցին ասվածը:

Մեր հասարակության մեջ արդեն բավական խորը հետք է թողել Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքը, ռուս-ադրբեջանական, ինչպես նաեւ ռուս-թուրքական բավական տպավորիչ համագործակցությունը ամենատարբեր ոլորտներում: Դրանք ի ցույց են դնում Մոսկվայի հետաքրքրությունները Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ. սա արդեն անհերքելի փաստ է:

Թե ինչպես է Մոսկվան «դողում» ռուս-թուրքական հարաբերությունների վրա ու ամեն գնով փորձում պահպանել Անկարայի վստահությունը` այս օրերին դա փաստող հայտարարությունների ու մեկնաբանությունների ականատեսն ենք դառնում: Ապրիլի 22-ին՝ այն բանից հետո, երբ ՌԴ նախագահը ուղերձով դիմեց հայերին՝ նշելով, թե «1915թ. ապրիլի 24-ը ողբերգական տարելից է՝ կապված Հայոց ցեղասպանության՝ մարդկության պատմության ընթացքում ամենասարսափելի եւ ողբերգական իրադարձություններից մեկի հետ», Թուրքիայում իսկական հիստերիա բարձրացավ։ Ապա ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ Պուտինի այցելությունը լրացուցիչ թեժացրեց իրավիճակը: Այս օրերին, սակայն, պաշտոնական Մոսկվան մի քանի մակարդակով անընդհատ հավաստիացնում է, որ ոչինչ չի կարող խոչընդոտել Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններին, ու դրանք ռազմավարական բնույթի են:

Առանց այն էլ Բաքուն ու Անկարան հիացած չէին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությամբ եւ առիթը բաց չէին թողնում՝ արձանագրելու, թե Մինսկի խմբին «չի հաջողվում հաջողության հասնել», այժմ էլ ավելացավ Ռուսաստանի ու Ֆրանսիայի «անկողմնակալության» խնդիրը: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն օրերս նշեց, թե Պուտինի եւ Ֆրանսուա Օլանդի` Ծիծեռնակաբերդում ներկա լինելը կստվերի Մինսկի խմբի չեզոքությունը:

Պուտինը ապրիլի 22-ի ուղերձում ուշագրավ միտք էր արտահայտել. «Հայերի եւ տարածաշրջանի մյուս ժողովուրդների նոր սերունդները պետք է ապրեն խաղաղության եւ համաձայնության պայմաններում՝ չիմանալով սարսափների մասին, որոնց հանգեցնում են կրոնական թշնամությունը, ագրեսիվ ազգայնամոլությունն ու այլատյացությունը»։
Այս «մեսիջը» պարզ է, թե ում է ուղղված: Բայց մինչ Պուտինը պաշտոնական հայտարարություններում արձանագրում է խաղաղության հաստատման կարեւորությունը տարածաշրջանում, գործնականում ոչինչ չի փոխվում Ալիեւի պահվածքում` շփման գիծը մշտապես լարված պահելու, դիվերսիոն գործողություններ իրականացնելու հարցում:

Մյուս կողմից՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում «սառնության» ու դրա պատճառների թեման, Հայաստանի կողմից ՌԴ-ին ներկայացվող պահանջների ու դժգոհությունների թեման վաղուց սկսվել է ռուսական մամուլում քննարկվել: Օրերս նման մի այդպիսի հրապարակում էլ ի հայտ եկավ ռուսաստանյան «Լենտա.ռու» պարբերականում, որում ռուսական կողմը դժգոհում է, թե որքան են հայաստանցիները «սեւ ու սպիտակով» պատկերացնում Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ ինչ մեծ ակնկալիքներ ունեն ՌԴ-ի պարտավորությունների հարցում: Հետաքրքրական է, որ ռուսական քարոզչամեքենան, կարծես, մոնիտորինգի տակ պահելով հայաստանյան քաղաքական ու հասարակական գործիչների` ՌԴ-ին ուղղված մեղադրանքները` արձանագրում է, որ թեեւ Հայաստանը դեռ հեռու է «նարնջագույն հեղափոխությունից», բայց… Բայց, փաստորեն, դեռ մտավախություններ, այնուամենայնիվ, կան:

Օրերս «Պոզներ» հաղորդաշարի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կրկին խոսեց Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելու թեմայի մասին` նշելով, որ Հայաստանը մարտունակ բանակ ունի, եւ թեեւ այդ մարտունակությունն ապահովվում է նաեւ ռազմավարական գործընկերոջ շնորհիվ, այնուամենայնիվ` «…երբ հայ զինվորը գիտի, որ իր վրա կրակում են Ռուսաստանից գնած զենքով, դա շատ ցավալի է»: Որքան էլ խուսափեն ուղիղ արձագանքել պաշտոնական Երեւանի կողմից ավելի ու ավելի հաճախակիացող հայտարարություններին, պարզ է, որ ռուսական կողմին ինչ-որ առումով այսպիսի հայտարարությունները նյարդայնացնում են:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող մյուս երկրին` Միացյալ Նահանգներին, ապա եթե հայ-ամերիկյան հարաբերությունները կարելի է բավական տպավորիչ գնահատել, ապա ընդդեմ Միացյալ Նահանգների, կարելի է ասել, աննախադեպ բացասական վերաբերմունք է ձեւավորվել ու շարունակում է խորանալ Ադրբեջանում: Ադրբեջանական իշխանամետ կայքերում հայտնվում են հակաամերիկյան հրապարակումներ, ադրբեջանցի պաշտոնյաները բաց մեղադրում են ԱՄՆ-ին Ադրբեջանի ներքին գործերին խառնվելու, ընդդիմադիրներին ֆինանսավորելու եւ գործող իշխանությանը «ծնկի բերելու» փորձերի ու Ալիեւի իշխանությանը «վարկաբեկելու» քայլերի մեջ: ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները, մեղմ ասած` ամենալավ ժամանակները չեն ապրում: Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա Փարիզի «կողմնակալության» խնդիրը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Ադրբեջանում պարբերաբար են բարձրացրել:

Ահա այս բավական ծանր մթնոլորտում կարող է տեղի ունենալ Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումը, եթե այն հաջողվի կազմակերպել: Որեւէ մեկը, իհարկե, չէր համարում, որ բանակցող կողմերն այնքան են մոտեցել ԼՂ հակամարտության կարգավորմանը, որ մնացել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների կողմից վերջնական «շտրիխները» դնել:

Սակայն նկատվում է, որ Ադրբեջանի վերաբերմունքը ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներից յուրաքանչյուրի նկատմամբ խիստ տարբեր է, մյուս կողմից` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի տրամադրությունները Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ էական փոփոխությունների են ենթարկվել: Եթե ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի կողմից պաշտոնական Երեւանը գոնե որպես բանակցող կողմ կանխատեսելի գործընկեր է, ապա նույնը չի կարելի ասել Ադրբեջանի դեպքում: Թվում է՝ Ադրբեջանի «թիկունքը» ԵԱՀԿ Մինսկի խմբում այսօր առավելապես Մոսկվան է պահում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ «ՌԻԱ Նովոստի»
գործակալության

«Առավոտ» օրաթերթ
30.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930