«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանից «Առավոտ»-ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Վրաստանը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունների գործոնից բացի՝ մեր զրուցակիցը մի նոր իրողություն էլ նշեց. «Քաղաքական մակարդակով դժվար է նույնիսկ պատկերացնել, որ վրացական խորհրդարանը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ադրբեջանական փոքրամասնությունը Վրաստանում բավական հիվանդագին է ընդունում հայ համայնքի ջանքերը, երբ Վրաստանում բարձրացվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այս դեպքում էլ, փաստացի, Վրաստանի իշխանությունները հայտնվում են երկու քարի արանքում: Նույնիսկ տեղի հայերի եւ ադրբեջանցիների միջեւ ընդհարման վտանգ կար, որից, փառք Աստծո, հաջողվեց խուսափել: Այսինքն` հասարակական մակարդակում Ցեղասպանության հարցի քննարկումը Վրաստանում այլ պրոցեսներ է առաջ բերում, որոնք անվտանգության առումով ստեղծում են լրացուցիչ սպառնալիքներ»:
«Առավոտ» օրաթերթ
29.03.2015