Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանի շուրջ պայմանավորվածությունների տնտեսական հետեւանքներին պետք է զգուշորեն մոտենալ»

Ապրիլ 30,2015 16:30

Նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը`
վերջին տնտեսական իրադարձությունների մասին

– Ի հեճուկս միջազգային կառույցների կանխատեսումների, որ այս տարին Հայաստանը փակելու է 0 տոկոս տնտեսական աճով, վարչապետը օրերս հայտարարեց, որ 2,5-3 տոկոս տնտեսական աճ կապահովվի` ի հաշիվ հանքարդյունաբերության, սպասարկման ոլորտի: Ի դեպ, Դուք դեկտեմբերին դեռեւս, ավելի վաղ, զգուշացրել էիք 1-2%-անոց տնտեսական աճի մասին։ Ասել էիք նաեւ, որ պետք է զգուշանալ 0-ական աճից կամ անկումից։ Հիմա, Ձեր կարծիքով, իրատեսակա՞ն են Հովիկ Աբրահամյանի սպասելիքները, իր նշած ոլորտներով իրական տնտեսական աճի տեմպեր կարելի՞ է արձանագրել, թե՞ զուտ թվային հերթական ամրագրումներ են լինելու:

– Ենթադրում եմ, որ վարչապետի ավելի բարձր սպասելիքները կապված են խոշոր ներդրողների հետ նրա տարած աշխատանքով։ Բառացի ասվում է նաեւ ԵՏՄ առավելությունների մասին, բայց դրանք չեն երեւում։ Ճիշտ հակառակը։ Այնուամենայնիվ, վարչապետի, ԱՄՀ կամ իմ նշած թվերը տնտեսական աճի մասով այդքան հսկայական տարբերություն չունեն։ Մի մոռացեք, որ ՀՆԱ հաշվարկի մեթոդաբանությունն այնպիսին է, որ վիճակագրական սխալները կարող են կազմել մինչեւ 3%։

– Ուզում եք ասել, որ ԱՎԾ-ն կարող է մանիպուլյացիանե՞ր անել։

– Անպայման։ Ի դեպ, կարող է նաեւ կառավարության դեմ անել։ Իհարկե, տվյալ պարագայում ես մանիպուլյացիա բառը չէի օգտագործի։

– Օրինա՞կ։

– Վերցնենք, օրինակ, ամենավերջին վիճակագրական տվյալները՝ 2015թ. հունվար-մարտի մակրոտնտեսական տվյալների մասով։ Դրանցից բխում է, որ տնտեսությունն աճել է 2.5%-ով, առեւտուրը (ներքին) պակասել է 6.3%-ով, իսկ արտաքին առեւտուրը պակասել է 28.5%-ով։ Այդ թվում արտահանումը պակասել է 23.1%-ով։ Միեւնույն ժամանակ միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 10.3, իսկ իրական աշխատավարձը՝ 5.2%-ով։ Ավելացել են թոշակները։ Ի՞նչ է ստացվում, արտադրությունն ավելանում է, բայց առեւտուրը պակասում է շեշտակի։ Ի՞նչ է, պահեստի վրա՞ են աշխատում։ Մարդկանց եկամուտներն էլ ավելանում են, բայց առեւտուրը պակասում է (ծառայությունների աճն ու տեսակարար կշիռը էական չեն), բանկերում ավանդները պակասում են։ Ի՞նչ է, փո՞ղ են արտահանում։ Կառավարության ներկայացուցիչը (էկոնոմիկայի փոխնախարարի մակարդակով) ասում է, որ արտաքին առեւտրի թվերը համադրելի չեն ԵՏՄ մտնելուն։ Այնուամենայնիվ, ԱՎԾ-ն հրապարակում է այն, ինչը հրապարակում է։

– Լրացավ վարչապետի պաշտոնավարման մեկ տարին. ի՞նչ գնահատականներ կտաք, որտե՞ղ հաջողեց Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, որտե՞ղ ձախողեց, ի՞նչ հնարավորություններ բաց թողեց: Ի՞նչ ազդեցություն ունեցավ ՌԴ-ում ստեղծված վիճակը, Հայաստան եկող տրանսվերտների նվազումը, ՌԴ ռուբլու անկումը:

– Կառավարության տնտեսական քաղաքականության գնահատականները հնչեցրել եմ բազմիցս։ Դա երկար խոսելու թեմա է։ Եթե կարճ, ապա համար մեկ խնդիրը ներդրումներ գեներացնելն էր։ Հանգամանք, որը բաց էր թողնվել նախորդ կառավարության կողմից եւ շեշտակիորեն արգելակել տնտեսության զարգացումը։ Այս կառավարությունն այդ ուղղությամբ ջանքեր թափեց։ Ընդունվեցին օրենքներ ու որոշումներ։ Ի վերջո՝ բարենպաստ դաշտ ստեղծվեց խոշորի համար։ Որոշ բաներ արեցին նաեւ ՓՄՁ համար։ Բայց տնտեսությունը կենդանի օրգանիզմ է։ Եթե դու մի քանի անգամ լավացնում ես խոշոր տնտեսվարողների պայմանները, իսկ փոքր ու միջինինը լավացնում ես մի փոքր, ապա հաշվի, որ վերջինիս պայմանները դու վատացնում ես։ Արդյունքում ներդրումների ակտիվացումը հեռու է պահանջվածից։ Սա՝ մի կողմից։ Բայց կա մի ավելի կարեւոր գործոն։ ԵՏՄ անդամ դառնալուց հետո 2014թ. դեկտեմբեր-2015թ. մարտ ժամանակահատվածում դրամը ռուբլու նկատմամբ արժեւորվեց շուրջ 25%-ով։ Այն չնչին առավելությունը, որը կառավարությունն ակնկալում էր այդ գործընթացից, արտահանման աճ դեպի ՌԴ, հօդս ցնդեց։ Նկատի ունեցեք, խոսում ենք ռուբլու նկատմամբ դրամի արժեւորման մասին։ Այս առումով մենք խնդիր չենք ունեցել. ռուբլով տրանսվերտները կտրուկ աճել են։ Այսինքն՝ իդեալական պայմաններ կային տնտեսական աճն արագացնելու։ Բայց արի ու տես՝ ԿԲ-ն ռուբլու նկատմամբ դրամի արժեւորում թույլ տվեց։ Առկա էին (եւ են) այլ կոպիտ սխալներ ԿԲ քաղաքականության մեջ։ Սա էլ դարձավ տնտեսական աճի դանդաղեցման հիմնական գործոնը։ ԿԲ եւ կառավարության քաղաքականությունների միջեւ կոորդինացիա չկա։
– Ո՞վ պետք է կոորդինացներ ԿԲ քաղաքականությունը։

– Գործող Սահմանադրությամբ ԿԲ-ն հաշվետու է ԱԺ-ին եւ ՀՀ նախագահին (հենց նրանք են նշանակում եւ պաշտոնանկ անում ԿԲ ղեկավարին)։

– Որքանո՞վ են արդարացի այն պատճառաբանությունները, որ կառավարության առաջընթացի հիմնական խոչընդոտը աշխարհաքաղաքական զարգացումներն են։
– Իհարկե, ԵՏՄ-ին անդամակցելը պիտի նվազեցներ եւ նվազեցրեց տնտեսական առաջընթացը։ Նկատի ունեցեք՝ ԵՏՄ հիմքը այս պահի դրությամբ մաքսային միությունն է։ Մինչդեռ ԵՏՄ երկրները բնական առեւտրական գործընկերներ չեն. տնտեսագիտական լեզվով ասած՝ նրանք չեն կարող իրար մեջ առեւտուր ստեղծել։ Օրինակ՝ ի՞նչ առեւտուր կարող է լինել ՌԴ եւ Ղազախստանի միջեւ, եթե նրանք արտահանում (նավթ, գազ, հացահատիկ) եւ ներմուծում են նույն ապրանքները։ Նրանց միջեւ պրոցեսներն ավելի շատ քաղաքական են. ՌԴ-ն խնդիրներ ունի ինչպես Ղազախստանի, այնպես էլ Բելառուսի հետ։ Հիմա, այս միությունը տնտեսական ինչ-որ առաջընթաց կարող է գրանցել միայն ավելի խորը ինտեգրացիայի դեպքում. դրամական միություն, միասնական ներդրումային հիմնադրամներ, համատեղ արտադրություններ։ Պատահական չէ, որ Վ. Պուտինը արագորեն դա հասկացավ եւ հիմա հենց դրանով է զբաղված։ Բայց դե ԵՏՄ միանալու որոշում իշխանություններն են կայացրել, իսկ կառավարության ծրագիրը մշակված է եղել հենց ԵՏՄ-ին միանալու հանգամանքով։

– Հայաստանում շատ են ոգեւորվել Իրանի շուրջ գերտերությունների ձեռք բերած պայմանավորվածություններից, նաեւ Սերժ Սարգսյանի` Չինաստան կատարած այցից ու Մետաքսի ճանապարհի գործարկման հնարավորությունից: Եթե դուրս գանք ռոմանտիզմից, իրականում ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենանք, ի՞նչ կերպ պետք է իրացնենք ընձեռված հնարավորությունները, ներկայիս իշխանավորներն ունե՞ն այդ ռեսուրսը՝ ճիշտ օգտագործելու կարողություններ:

– Իրանի շուրջ պայմանավորվածությունների տնտեսական հետեւանքներին պետք է զգուշորեն մոտենալ։ Բայց դա, իհարկե, կարող է ՀՀ տնտեսությանը դրական լիցքեր տալ։ Անձամբ ինձ համար հետաքրքիր է էներգակիրների այլընտրանքային իրական աղբյուր ունենալու պարագան. դա բոլոր դեպքերում պիտի իջեցնի ՀՀ տնտեսության էներգատարությունը։ Չինաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացումը, մետաքսի ճանապարհի կոնցեպտը ոչ հիմա եւ ոչ էլ մոտ ապագայում մեր տնտեսությանը մեծ օգուտներ չեն խոստանում։ Ավելի հետաքրքիր եւ առաջնային է Չինաստանի հետ քաղաքական ու ռազմական համագործակցությունը։ Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի այցը, նախեւառաջ, սրա հետ էր կապված։

(շարունակությունը`
վաղվա «Առավոտում»)

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
29.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930