Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտինն ուզել է ոչ շիշը վառվի, ոչ խորովածը»

Ապրիլ 30,2015 16:00

Պատգամավորները՝ Պուտինի ելույթի եւ Նարիշկինին Թուրքիա գործուղելու մասին

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների առիթով Հայաստան ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթում խոսեց ռուսատյացության մասին եւ Ցեղասպանություն բառն էլ չասաց: Սոցցանցերում Պուտինի ելույթն այս առումով քննարկումների տեղիք է տվել: Տպավորություն կա, որ նա մեր ամբիոնն օգտագործում էր՝ աշխարհին ուղերձներ հղելու համար:

«Այդ տպավորությունը թվացյալ է: Ես այդպիսի տպավորութուն չեմ ստացել: Պուտինի ելույթը բավականին բարձր մակարդակի ելույթ էր»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Մեր հարցին՝ ինչո՞ւ է մեր ռազմավարական գործընկերը փորձում մեր թշնամուն հաճոյանալ եւ Գալիպոլիի միջոցառումներին Սերգեյ Նարիշկինի մակարդակով մասնակցություն ապահովել՝ Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Մենք երբեւէ չենք ասել, որ Թուրքիան մեր թշնամին է: Ոչ էլ Թուրքիան է արտահայտվել, որ Հայաստանն իրենց թշնամին է: Իսկ Նարիշկինի մասնակցությունը վիրավորական չէ»:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի խոսքերով՝ «Նույն ՌԴ նախագահը շատ հստակ ասաց, որ հայերի հետ են: Իսկ դրա մեջ շատ մեծ սպեկտր կա՝ ընկալելու մեր թշնամիների համար: Ինքս առանձնապես խորը վրդովմունքի եզրեր չեմ տեսնում: Արժեհամակարգ կա, որը ավելի ընդհանրական է, պետք չի նայել այնպես, որ խոսք պետք է գնար միմիայն մեր հայկական իրականության մասին: Նա հստակ վերջում ասաց, որ մենք միասին ենք»: Ինչ վերաբերում է Նարիշկինի՝ Թուրքիա գնալուն, Վահե Էնֆիաջյանն ասաց. «Նույն ժամանակահատվածում ՌԴ Պետդումայում ամենատարբեր ելույթներ հնչեցին: Այս ամեն ինչը կարելի է դնել-վերցնել»:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը Նարիշկինին ուղարկելու քայլն այսպես է մեկնաբանում. «Նրանք ամեն դեպքում փորձել են այնպես անել, որ ռուս-թուրքական հարաբերությունները, որ հիմա մի քիչ տաքացել են, չվնասվեն: Բայց չեմ կարծում, որ չվնասվեցին, որովհետեւ Էրդողանի վերջին հայտարարությունները՝ Պուտինի ելույթի հետ կապված, ցույց են տալիս, որ նրանք դա չեն գնահատել: Լավ կլիներ, որ ոչ մեկին էլ չուղարկեին: Վարվեին այնպես, ինչպես ԱՄՆ-ը: Նրանք մարդ չուղարկեցին, բայց ոչ Ցեղասպանություն ասեցին, ոչ էլ նախագահի մակարդակով այց եղավ: ՌԴ-ն փորձել է այնպես անել, որ ոչ շիշը վառվի, ոչ խորովածը: Բայց չեմ կարող ասել, թե մեծ հաշվով ինչ կլինի, դա կերեւա գազային պայմանավորվածությունների արդյունքում՝ խողովակաշարի անցկացման ծրագիրը կիրագործվի՞, թե՞ ոչ»:

ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի դիտարկմամբ՝ մարդիկ փորձում են ամեն ինչի մեջ վատը տեսնել. «Այն, որ ՌԴ նախագահը եկել եւ հարգել է, ելույթ է ունեցել՝ լավ գնահատականի է արժանի: Ինչ վերաբերում է Նարիշկինի այցին, աշխարհում միայն մենք եւ ռուսները չենք, մենք եւ Եվրոպան չենք: Մենք էլ ունենք հարաբերություններ այն երկրների հետ, որոնք լարված են ՌԴ-ի հետ»:

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930