Ըստ «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանի՝ եթե նույնիսկ Լուկաշենկոն չժամաներ այդ օրերին Վրաստան, հազիվ թե Վրաստանի նախագահը մեկներ Երեւան:
– Պարոն Ստեփանյան, մեզ մոտ քննարկումների առիթ դարձավ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներում Վրաստանի պատվիրակության մասնակցության մակարդակը: Երեւան ժամանեց Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն, որը խորհրդարանում նաեւ ղեկավարում է Հայաստանի հետ բարեկամության խումբը: Հաշվի առնելով, որ Վրաստանը մեզ հարեւան քրիստոնյա երկիր է, այսպիսի մասնակցության մակարդակը որքանո՞վ էր արդարացված: Այս հարցում Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի աշխատանքի թերացումը կա՞:
– Չարժե կապել դրանք միմյանց հետ: Պետք է հստակ պատկերացնել վրաստանյան իրականությունը: Հազիվ թե հնարավոր լիներ հասնել ավելիին 2015 թվականին` անկախ ցանկացած դեսպանի գործոնից:
Կարդացեք նաև
– Ինչո՞ւ:
– Վրաստանը, այո՛, եղբայրական պետություն է, հայ-վրացական հարաբերությունների մասին կարելի է շատ լավ խոսքեր ասել, բայց միեւնույն ժամանակ նույն բառերը կարելի է ասել նաեւ վրաց-թուրքական հարաբերությունների առնչությամբ, եթե մի կողմ թողնենք երկու քրիստոնյա ժողովուրդներ արտահայտությունը: Վրաց-թուրքական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են, Վրաստանը տնտեսապես կախված է Թուրքիայից, ինչպես նաեւ ռազմական ոլորտում առկա է բավական ակտիվ համագործակցություն: Բազմաթիվ այլ գործոններ ազդում են Վրաստանի քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների վրա Թուրքիայի հետ:
– Հետեւաբար, Թուրքիա` Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով Վրաստանի պաշտպանության նախարարն ու անվտանգության եւ պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագա՞հը մեկնեցին։
– Այո, Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով Վրաստանը ուղարկեց պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահին ու պաշտպանության նախարարին, այսինքն` պաշտպանական ոլորտի համագործակցության վրա շեշտը դրվեց, որպեսզի ընդգծվի Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական համագործակցության մակարդակը: Իսկ Հայաստանի դեպքում Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեի մակարդակով մասնակցություն ապահովվեց, սա ավելի բարձր մակարդակ է, քան խորհրդարանական հանձնաժողովի նախագահը, ինչպես նաեւ նրա` հայ-վրացական միջխորհրդարանական խմբի ղեկավար լինելը: Կարծում եմ՝ առավելապես չափազանցված էին սպասելիքները, թե ում կուղարկի Վրաստանը Հայաստան, գուցե ակնկալիքներ կային, որ կժամանի նախագահը, վարչապետը: Նախագահի դեպքում, նշեմ, որ այդ ժամանակ Վրաստանում պաշտոնական այցով էր գտնվում Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, որը ե՛ւ նախագահի, ե՛ւ վարչապետի հետ հանդիպումներ ուներ: Թեեւ, եթե նույնիսկ Լուկաշենկոն չժամաներ Վրաստան, հազիվ թե նախագահը մեկներ Հայաստան՝ պայմանավորված վրաց-թուրքական հարաբերություններով, որոնք ավելի բարձր մակարդակի վրա են, քան հայ-վրացական հարաբերությունները: Վրաստանի հետաքրքրվածությունը Թուրքիայի նկատմամբ ավելի մեծ է, քան Հայաստանի նկատմամբ: Այդ ընտրությունը կատարվել է պրագմատիկ դատողությունների հիմքում:
– Ձեր նշած գործոնները հաշվի առնելով՝ կարո՞ղ ենք եզրակացնել նաեւ, թե ինչու Վրաստանը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այդպես չէ՞:
– Այո, իհարկե, ինչ վերաբերում է Հայոց Ցեղասպանությանը, վստահ եմ, որ բոլորը` թե քաղաքական, թե հասարակական մակարդակում հստակ գիտեն, որ Թուրքիայում եղել է Ցեղասպանություն, դա գիտեն ոչ թե լսելով կամ գրականությունից, այլ գիտեն, թե որքան հայեր են եկել այդ ժամանակ Վրաստան, այդ ժամանակ են Վրաստանում պատկերացում կազմել Հայոց ցեղասպանության փաստի մասին: Վրաստանն առաջին երկրներից է, որ ընդունել է Օսմանյան Թուրքիայի հայ փախստականներին, որոնց ժառանգները մինչեւ այսօր այստեղ են բնակվում:
Քաղաքական մակարդակով, սակայն, դժվար է նույնիսկ պատկերացնել, որ վրացական խորհրդարանը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. այստեղ երկու պատճառներ կան, որոնցից առաջինի մասին արդեն նշեցի, իսկ երկրորդը դա նոր իրողություն է: Ադրբեջանական փոքրամասնությունը Վրաստանում բավական հիվանդագին է ընդունում հայ համայնքի ջանքերը, երբ Վրաստանում բարձրացվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այս դեպքում էլ, փաստացի, Վրաստանի իշխանությունները հայտնվում են երկու քարի արանքում: Նույնիսկ տեղի հայերի եւ ադրբեջանցիների միջեւ ընդհարման վտանգ կար, որից, փառք Սստծո, հաջողվեց խուսափել:
Այսինքն՝ նույնիսկ հասարակական մակարդակում Ցեղասպանության հարցի քննարկումը Վրաստանում այլ պրոցեսներ է առաջ բերում, որոնք անվտանգության առումով ստեղծում են լրացուցիչ սպառնալիքներ: Հետեւաբար Վրաստանի ղեկավարությանը եւ քաղաքական էլիտային դժվար է մեղադրել, որ առաջին դեմքերի մակարդակով չմասնակցեցին Երեւանում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառմանը:
– Պարոն Ստեփանյան, Վրաստանի իշխանությունների դիրքորոշումը հասկանալի է՝ իրենց երկրի շահով են առաջնորդվում: Իսկ առհասարակ՝ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի աշխատանքից Դուք գո՞հ եք, նա արդեն տեւական ժամանակ աշխատում է, ինչո՞վ է նա զբաղված, ի՞նչ խնդիրներ է լուծում, ի՞նչ ծրագրեր է իրականացնում, եթե այդպիսիք կան, իհարկե:
– Այն բանից հետո, երբ փոխվեց Վրաստանում ՀՀ դեսպանը, Ձեզ տված հարցազրույցում նշել էի, որ կարեւոր է, որ նոր դեսպանը շարունակի այն կուրսը, որն իր նախորդն էր վարում, այն տեմպը, որը նախկին դեսպանն էր ստեղծել: Այսօր կարող եմ ասել, որ ինտենսիվ աշխատանք է ընթանում միջխորհրդարանական, միջպետական մակարդակով: Ավելիին ձգտելու համար պետք է հստակ խնդիրներ ձեւակերպեն Հայաստանի իշխանությունները: Դեսպանը կատարում է այն, ինչ խնդիրներ առաջադրում է Հայաստանի կառավարությունը: Եթե Հայաստանի կառավարությունը բավարարված է հայ-վրացական հարաբերությունների մակարդակով, ուրեմն ամեն ինչ նորմալ է, իսկ եթե ՀՀ կառավարությունը բավարարված չէ եւ կցանկանար ավելին, ապա պետք է ակտիվացնել ոչ միայն դեսպանատան աշխատանքը, այլեւ ընդհանրապես բոլոր լծակները գործի դնել, այդ թվում՝ Վրաստանի հայկական մեծ, 300 հազարանոց համայնքը, որը պոտենցիալ կամուրջ է հայ-վրացական ինտեգրացիայի համար: Բայց տվյալ դեպքում արդեն Հայաստանի ռեսուրսների հարցն է առաջ գալիս, եւ կարծում եմ, որ բավականաչափ ռեսուրսներ չկան, որպեսզի հայկական շահերի մակարդակը Վրաստանում մեծացվի, հասցվի հարեւան երկրների մակարդակին:
Ինչ վերաբերում է անհրաժեշտ ռեսուրսներին, որոնցով հնարավոր կլիներ Վրաստանում Հայաստանի նկատմամբ հետաքրքրվածության մակարդակը մեծացնել, ապա այս առումով, իհարկե, միշտ էլ թվում է, որ Հայաստանի դիվանագիտական առաքելությունը մինչեւ վերջ չի իրականացնում առաջադրված խնդիրները: Բայց ամեն ինչ համեմատության մեջ է: Ֆինանսական ռեսուրսների առումով եթե համեմատենք հարեւան մյուս երկրների աշխատանքը Վրաստանում եւ Հայաստանինը, համեմատության եզրեր իսկապես հնարավոր չէ գտնել: Հայաստանը փաստացի չի մասնակցում միջազգային այն ծրագրերին, որոնցում մասնակցում է Վրաստանը: Այսինքն՝ Վրաստանում ՀՀ դեսպանատան աշխատանքը պետք է գնահատել այն սահմաններում, թե ինչ խնդիրներ են առաջադրված, եւ ինչ ռեսուրսներ կան դրանք իրականացնելու համար: Համայնքի կարողությունների օգտագործման առումով հստակ կարող եմ ասել, որ այն գործնականում չի օգտագործվում, այստեղ ահռելի աշխատանք կա, օրինակ` տարածաշրջանային ընդհանուր ծրագրերի ոլորտում: Այստեղ հայկական համայնքն իր ռեսուրսները չի օգտագործում, լուրջ աշխատանք չի տարվում այս ուղղությամբ:
– Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին 2013թ. նշել էր, որ անհրաժեշտ է ճիշտ գնահատել «Վրաստանի ու Հայաստանի համագործակցության զարգացման հնարավորությունների ահռելի ներուժը եւ գործակցության համար ընտրել բազմաոլորտ նոր ռազմավարություն»: Փաստորեն, ոչինչ չավելացա՞վ այս ընթացքում հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը: Տպավորություն կա, որ նախկին նախագահ Սաակաշվիլիի օրոք հայ-վրացական հարաբերություններն ավելի պատշա՞ճ մակարդակի վրա էին:
– Կարծում եմ՝ հայ-վրացական հարաբերությունները փոքր քայլերով, կամաց-կամաց ավելի են ինտենսիվանում: Եթե համեմատենք այլ երկրների հետ, ապա այո, Հայաստանը բավական հետ է մնում: Բայց եթե հարց եք բարձրացնում` ե՞րբ էր ավելի ինտենսիվ, ապա իհարկե, հիմա հայ-վրացական հարաբերություններն ավելի ինտենսիվ են, որովհետեւ հիմա Հայաստանի եւ Վրաստանի ղեկավարության միջեւ ավելի մեծ համագործակցություն կա: Եթե Սաակաշվիլիի ժամանակ քաղաքական էլիտայի միջեւ էր համագործակցությունը, ապա հիմա համագործակցությունն ավելի ինստիտուցիոնալ է: Բայց Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական հարաբերություններն անկում ապրեցին, թեեւ այստեղ առավելապես տնտեսական ճգնաժամի հետեւանքներն են, մյուս կողմից նաեւ` Վրաստանի ընտրությունները, նոր իշխանությունների ձեւավորումը:
– Մի քանի շաբաթ առաջ Թբիլիսիում տեղի ունեցավ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցների հակակառավարական ցույցը։ Այն բավական բազմամարդ էր, նշվում էր, որ ավելի քան 50 հազար մարդ է մասնակցում։ Սաակաշվիլին այդ օրը դիմեց ցույցի մասնակիցներին` նշելով, որ կառավարությունն ամբողջապես կորցրել է իր ժողովրդի վստահությունը եւ պետք է հեռանա: Ի՞նչ իրավիճակ է Վրաստանում, արդոք հասարակությունը հիասթափվա՞ծ է գործող իշխանություններից, եւ կա՞ն արդյոք Սաակաշվիլիի վերադարձի հնարավորություններ:
– Հետաքրքիր հարց է: Վրաստանի հասարակության մի հատված կարծում է, որ նրա վերադարձի հնարավորություններ կան, մի հատված էլ համարում է, որ չկա նման հնարավորություն: Ակնհայտ է, որ այսօր ավելի ու ավելի շատ մարդիկ են հիասթափվում ներկայիս իշխանություններից, եւ դա տրամաբանական է մեր տիպի երկրներում:
Ինչ վերաբերում է հարցին` Սաակաշվիլին կարող է վերադառնալ, թե ոչ, ապա անձամբ ես նման հնարավորություն չեմ տեսնում, թեեւ այստեղ երկու պահ կա. շատ բան կախված է նրանից, թե կհաջողի՞ արդյոք Սաակաշվիլին ու նրա թիմը Ուկրաինայում, ի՞նչ հաջողություններ կունենան եւ ի՞նչ բարեփոխումների կհասնեն, ու դրանք ինչպե՞ս ցույց կտան ոչ միայն Վրաստանին, այլեւ ողջ աշխարհին: Վրացական մեկ առաջատար հեռուստաընկերություն արդեն իսկ այդ քարոզչական աշխատանքը լրջորեն տանում է: Եթե Ուկրաինայում հաջող բարեփոխումներ իրականացվեն, դա Վրաստանում կներկայացվի որպես Սաակաշվիլիի ու նրա թիմի ձեռքբերում: Եթե Վրաստանում հետընթացը շարունակվի, եւ հասարակության մեջ նոստալգիա արթնանա Սաակաշվիլիի իշխանավարման տարիների ձեռքբերումների նկատմամբ, ապա այդ դեպքում Սաակաշվիլիի կուսակցությունը քաղաքական գրագետ քայլեր իրականացնելու դեպքում, եթե կոալիցիոն համաձայնությունների գա այլ կուսակցությունների հետ, ապա վերածննդի հնարավորություն կունենա: Սակայն հիմա քչերն են գնում նրանց հանրահավաքներին, ինչը տրամաբանական է, քննարկվում է հարցը, որ թեեւ ներկայիս իշխանությունների իմիջն անկում է ապրում, սակայն դա չի նշանակում, որ մեծացել է Սաակաշվիլիի աջակիցները թիվը: Այսինքն՝ դա այն ընտրազանգվածը չէ, որ այս կողմից գնում է դեպի Սաակաշվիլիի կողմնակիցներ:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.03.2015