Ամեն տարի առողջապահության նախարարությունը որոշում է, թե այս կամ այն բուժհիմնարկին պետպատվերի համար որքան գումար պետք է հատկացնի: Նախարարությունը բուժհիմնարկների հետ աշխատում է պայմանագրային հիմունքներով եւ, որպես կանոն, պետպատվեր տեղադրում է այն բուժհիմնարկներում, որոնք իրենց կադրային, տեխնիկական հագեցվածությամբ համապատասխանում են սահմանված չափորոշիչներին: Չնայած պետպատվեր ունեցող մի շարք բուժհիմնարկներ մասնավոր են, եւ կադրային քաղաքականությունն այդ կազմակերպություններում տնօրինությունն է որոշում, սակայն, ինչպես առողջապահության ոլորտի պատասխանատուներն են նշում, բուժհիմնարկը պարտավոր է պետական գումարները ճիշտ կառավարել: Խոսքն այն մասին է, որ պետպատվերով աշխատող որոշ բուժհիմնարկներ պետության փողերով, այսպես ասած, «խաղեր են» տալիս:
Մանյակ Խաչատրյանը երկար տարիներ «Արմենիա» ՀԲԿ պոլիկլինիկայում աշխատել է պոլիկլինիկայի էլեկտրասրտագրության կաբինետում որպես բուժքույր:
Մեկ-երկու ամիս առաջ պոլիկլինիկայի տնօրինությունը տիկին Մանյակին կանչել եւ հայտնել է, որ աշխատանքից ազատվելու դիմում գրի՝ տիկնոջը պատճառաբանելով, որ բուժհիմնարկում կրճատումներ են գնում: Սակայն, ինչպես «Առավոտի» հետ զրույցում Մանյակ Խաչատրյանն է ասում, իր աշխատանքային պրակտիկայում չի եղել մի օր, որ տնօրինությունը դժգոհ լինի նրա աշխատանքից. անհարկի չի բացակայել եւ բարեխղճորեն փոխարինել է բացականերին, նկատողությունների էլ չի արժանացել:
Սակայն ոչ մի հանգամանք պոլիկլինիկայի տնօրինությունը հաշվի չի առել եւ աշխատանքում պահել է այն աշխատակիցներին, որոնք անգամ մեկ տարով հանրապետությունից բացակայել են, վերադառնալուց հետո էլ կրկին արձակուրդ են ձեւակերպել եւ այլն:
Տիկին Մանյակին չի հաջողվել պոլիկլինիկայի ղեկավարության արարքի վերաբերյալ իր դժգոհությունը հայտնել վերադասին՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Գարիկ Գրիգորյանին: Նշենք, որ «Արմենիա» ՀԲԿ պոլիկլինիկան այս հիվանդանոցի ենթակայությամբ է գործում: Տնօրենի գործավարուհին արգելել է, անգամ տնօրենին չի էլ տեղեկացրել տիկնոջ՝ տնօրենին տեսնելու ցանկության մասին՝ հորդորելով նախկին ղեկավարին՝ պոլիկլինիկայի տնօրենին դիմել:
Ի դեպ, աշխատանքից ազատելը պոլիկլինիկայի տնօրինությունը պատճառաբանել է բուժհիմնարկում ընթացող կրճատումներով, կրճատման ծանուցագրում էլ տնօրինությունը, հղում անելով «Աշխատանքային օրենսգրքի» 113 հոդվածի 1-ին կետի 2-րդ մասին եւ 115 հոդվածին, նշել է, որ մասնագիտական աշխատանք չլինելու կապակցությամբ Մանյակ Խաչատրյանին այլ աշխատանք չի առաջարկվել:
«Առավոտը» 17.02.2015 թվականի «Ամուսնուն «Նաիրիտից» են կրճատել, կնոջը՝ պոլիկլինիկայից» հրապարակմամբ արդեն մեկ անգամ անդրադարձել է Մանյակ Խաչատրյանի խնդրին:
«Առավոտի» թղթակցի հետ զրույցում «Արմենիա» ՀԲԿ-ի իրավախորհրդատու Գոհար Եսոյանը նշել էր, որ իրենց հիմնարկում «անհիմն եւ անօրինական ազատում երբեւէ չի եղել», եւ որ տիկին Խաչատրյանը օրենքով սահմանված կարգով երկու ամիս առաջ ծանուցվել է: Իսկ Մանյակ Խաչատրյանի՝ աշխատանքից ազատումը Գոհար Եսոյանը պատճառաբանել էր այսպես. «Ղեկավարությունը գտնում է, որ աշխատակիցների քանակը շատ է, Մանյակ Խաչատրյանն ազատվել է օրենքի սահմաններում, «Աշխատանքային օրենսգրքի» հոդվածներով»:
«Առավոտին» հասած տեղեկություններով՝ տիկին Մանյակի փոխարեն պոլիկլինիկայի տնօրենը նույն գործին նոր մարդ է ընդունել: Թե ինչ պայմաններով են այսօր այս կամ այն բուժհիմնարկում, թեկուզ պոլիկլինիկայում ամենասովորական բուժքույր ընդունում, պարզից էլ պարզ է, հակառակ դեպքում միանգամայն անհասկանալի է պոլիկլինիկայի տնօրինության ընդունել-ազատելու որոշումները՝ այն դեպքում, երբ նախկին աշխատակիցն իր գործում չի թերացել, նկատողություններ չի ստացել ու բարեխիղճ կատարել է իր պարտականությունները:
Հարկ է նշել, որ այսպիսի դեպքերը՝ երբ մի աշխատակցին աշխատանքից ազատում են՝ հղում անելով աշխատակիցների քանակի ուռճացված լինելուն, ապա կարճ ժամանակ անց նրա փոխարեն նոր մարդ ընդունում, նույնպես պետք է արժանանան իրավապահ, վերահսկող մարմինների ուշադրությանը, որոնք տարվա մեջ հազարումի ստուգում են իրականացնում այս կամ այն հիմնարկում՝ տեսնելու համար, թե ինչպե՞ս են ծախսվել պետբյուջեի միջոցները: Այս պարագայում, երբ բուժհիմնարկի տնօրինությունը բիզնես է անում պետության գումարներով, միայն տնօրինության կամքը բավարար չէ՝ առանց հիմնավոր պատճառաբանության աշխատանքից ազատելու: Եվ որքան էլ առողջապահության նախարարությունը օրենքով չպետք է խառնվի պետպատվեր ստացող բուժհիմնարկի կադրային քաղաքականությանը, այդուհանդերձ՝ Մանյակ Խաչատրյանի նման դեպքերը պետք է նախարարության համար էլ կասկածելի թվան, վերջիվերջո՝ պետպատվերի այդ գումարները, որոնք նախարարությունը տրամադրում է բուժհիմնարկներին, Մանյակ Խաչատրյանի եւ նրա պես շատ աշխատակիցների վճարած հարկերից են գոյանում:
Այս տարի «Արմենիա» ՀԲԿ պոլիկլինիկան պետպատվերի համար 373 միլիոն դրամ է ստացել, անցյալ տարի՝ 318 միլիոն:
Մանյակ Խաչատրյանը թոշակի տարիքի չէ, ուստի աշխատանքը կորցնելով՝ հայտնվել է սոցիալապես վատ վիճակում: Տիկին Մանյակը «Արմենիա» ՀԲԿ պոլիկլինիկայում աշխատել է 1994 թվականից:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.03.2015