Միգուցե մի քանի սերունդ հետո Հայաստանը տեղափոխվի երկրորդ տիպի՝ օրինապահ իրավագիտակցություն ունեցող երկրների շարք
Իրավագիտական գրականությունում սահմանված է՝ իրավական մշակույթը մարդկանց կյանքի իրավական (պետական-իրավական) կազմակերպման մեջ ձեռքբերված զարգացման մակարդակն է:
Հասարակության անդամների իրավագիտակցության մեջ արտահայտված իրավական հայացքների՝ պատկերացումների, գաղափարների, արժեքների, գիտելիքների բովանդակությունը, բնույթը եւ որակն ինչպես հասարակության անդամների մշակութային հասունության, այնպես էլ այդ հայացքները գործող իրավունքի համապատասխան իրական (օբյեկտիվացված) ձեւերի, պետական իշխանությունների ինստիտուտների, մարդկանց վարքագծային հարաբերությունների եւ այլնի ձեւով մարմնավորելու, նրանց հոգեւոր պատրաստակամության աստիճանի էական ցուցանիշներն են:
Դասագրքային ճշմարտությունն այն է, որ ժամանակակից իրավական մշակույթին ներհատուկ են այնպիսի որակական բնութագրեր, ինչպիսիք են՝ անձի իրավունքների ու ազատությունների որոշիչ նշանակությունը հասարակական եւ պետական կյանքի կազմակերպման մեջ, զանգվածային իրավագիտակցության մեջ օրենքի եւ իրավակարգի, իրավունքի տիրապետման գաղափարների ու արժեքների նկատմամբ հարգանքի զգացմունքի հաստատումը, սահմանադրականության եւ իրավական օրենքի գերակայության սկզբունքի իրականացումը, պետության բոլոր ճյուղերի արդյունավետ գործունեությունը, պետության վրա քաղաքացիական հասարակության ներգործության եւ դրա գործունեության նկատմամբ վերահսկողության օրինական ձեւերի, միջոցների ու ընթացակարգերի ճյուղավորված համակարգը եւ այլն:
Միաժամանակ, եթե հակիրճ ասեմ, ապա իրավունքն ոչ թե պոզիտիվ իրավունքն է, այսինքն՝ պետության իշխանական-հրամայական պատվիրան՝ օրենքը, որը շատ հաճախ չի համապատասխանում իրավունքին, այլ իրավունքը, որը հիմնված է անձի բնական եւ անօտարելի իրավունքների վրա եւ որոնք իրենց հաստատումն են գտնում իրավական օրենքներում, դրանով իսկ ճանաչվելով, ամրագրվելով եւ պաշտպանվելով պետության կողմից:
Վերը նշված՝ իրավական մշակույթին հակընդդեմ է իրավական նիհիլիզմը՝ իր բազմաթիվ դրսեւորումներով ու ձեւերով, իրավունքը թերագնահատելուց եւ դրա նկատմամբ անհարգալից վերաբերմունքից մինչեւ իրավունքի լիակատար անտեսումն ու բացառումը: Իրավական նիհիլիզմը միշտ էլ պետական նիհիլիզմ է, քանի որ իրավունքի բացառումն իր մեջ, ըստ էության, ներառում է նաեւ պետության՝ որպես հանրային իշխանության իրավական կազմակերպության բացառումը: Ինչպես արդարացիորեն նշում է Ներսեսյանցը, հասարակությունների իրավագիտակցության մակարդակը բաժանվում է երեք տիպերի՝ օրենքին հավանություն տվող, օրինապահ իրավագիտակցություն ունեցող եւ օրինախախտ իրավագիտակցություն ունեցող: Օրենքին հավանություն տվող իրավագիտակցության մեջ (գործող իրավունքի) պահանջները, նպատակներն ու արժեքները սուբյեկտը գիտակցում եւ ընդունում է որպես անվերապահորեն անհրաժեշտ ու օգտակար (իր եւ ուրիշների համար, հասարակության համար ամբողջությամբ) եւ կատարման ենթակա: Սուբյեկտի այսպիսի դիրքորոշումը պայմանավորված է, առաջին հերթին, գործող իրավունքի որակական-բովանդակային արժեքներով (դրա արդարությամբ, արժեքով, օգտակարությամբ եւ այլն), այլ ոչ թե օրենքի հեղինակությամբ (դրա համապարտադիր ուժով, հարկադիր բնույթով եւ այլն):
Ասել կուզի, նման սուբյեկտներ ունեցող հասարակարգերում իրավունքը սուբյեկտի համոզմունքն է՝ անկախ դրա պարտադիր լինել կամ չլինելուց: Մասնավորապես, սուբյեկտը կատարում է իրավական օրենքի պահանջը ոչ թե նրա համար, որ եթե չկատարի, կենթարկվի պատասխանատվության, այլ նրա համար, որ այն իր ներքին համոզմունքն է:
Օրինապահ իրավագիտակցության համար հիմնական շարժառիթի գործոնն օրենքի (գործող իրավունքի) հեղինակությունն է: Նման իրավագիտակցության սուբյեկտների դիրքորոշումն օրենքի պահպանման առավելությունների (իր, ուրիշների եւ ամբողջ հասարակության համար) եւ դրա խախտման, թերությունների, անշահավետության բացասական հետեւանքների գնահատման վրա հիմնված նպատակահարմար ընտրության արդյունքն է: Այդ իմաստով օրինապահ իրավագիտակցությունը պրագմատիկ իրավագիտակցությունն է: Օրինակ, սուբյեկտը կատարում է օրենքի (իրավունքի) պահանջն առավելապես նրա համար, որ այն օրենք է, որի չկատարման համար կարող է վրա հասնել պատասխանատվություն: Միաժամանակ այս տիպի իրավագիտակցություն ունեցող հասարակարգերում օրենքները պարտադիր են բոլորի համար՝ առանց խտրականության եւ կախված սուբյեկտի դիրքից՝ այն կիրառվում է անխտիր:
Օրինախախտ իրավագիտակցությունը նույնպես պրագմատիկ է, որը պայմանավորված է իրավունքը չպահպանելու եւ հանցագործություններ եւ իրավախախտումներ կատարելու առավելության ու շահավետության մասին սուբյեկտի պատկերացումներով: Հանցավոր եւ իրավախախտ կենսաոճն ուղեկցվում է անձի դեգրադացիայով եւ իրավագիտակցության էական ձեւախեղմամբ, որում սկսում են տիրապետող դիրքեր գրավել, այսպես կոչված, «գողական օրենքի»՝ հանցավոր աշխարհի յուրահատուկ, չգրված օրենսգրքի հակահասարակական «արժեքները» եւ հանցավոր պատվիրանները:
Ասվածի լույսի ներքո, կարծում եմ, որ ընթերցողը կհամաձայնվի, որ այսօր Հայաստանի հասարակության իրավագիտակցության աստիճանը չի գտնվում ոչ առաջին՝ օրենքին հավանություն տվող եւ ոչ էլ երկրորդ՝ օրինապահ իրավագիտակցության տիպերում: Առաջինի դեպքում պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու (ՀՀ քաղաքացի ասելով նկատի ունեմ ՀՀ-ում բնակվող անձանց մեծամասնությունը, այլ ոչ թե բոլորին) համար առաջին հորիզոնական է գրավում՝ փողը, փառքը, իր եւ իր հարազատների բարեկեցությունը, բայց ոչ երբեք օրենքը (իրավունքը):
Առաջին տիպի մեջ թերեւս ես կառանձնացնեմ եվրոպական մի շարք պետություններին, սակայն ոչ բոլորին: Մասնավորապես հավատացած եմ, որ շատ գերմանացիների համար օրենքների կատարումը ներքին համոզմունք է: Երկրորդ տիպի մեջ թերեւս կարելի է դասել եվրոպական այնպիսի պետությունների, ինչպիսիք են Իտալիան, Հունաստանը եւ այլն: Մասնավորապես այդ պետություններում օրենքները կատարվում են, քանի որ դրանց չկատարումը կարող է բացասական հետեւանքներ առաջացնել կոնկրետ սուբյեկտի համար: Միաժամանակ, այդ պետություններում հարկադրանքն առավելապես կիրառելի է բոլորի նկատմամբ՝ անկախ իրենց սոցիալական վիճակից: Այդ է պատճառը, որ ՀՀ-ն չեմ դասում այդ տիպին, քանի որ այստեղ հարկադրանքը գործում է ավելին, քան խտրական:
Ըստ իս՝ պատահական չէ, որ այսօր Հայաստանն իր մեծամասնություն կազմող սուբյեկտներով տեղավորվում է երրորդ տիպի մեջ: Երկիր, որը հարյուրամյակներ չի ունեցել իր պետականությունը, իսկ երբ ունեցել է, դրա վրա կիրառելի է եղել պատմահայր Մովսես Խորենացու ողբը՝ հայոց թագավորության վերաբերյալ, երկիր, որ թեեւ XX դարում մի շատ կարճ ժամանակ ունեցավ պետականություն, սակայն շուտով այն կորցրեց եւ գրեթե 80 տարի ապրեց ստրկության մեջ, որտեղ իրավունքն ասածը դասակարգային պայքարն էր, ուր տիրապետող դասակարգը՝ պետությունը, ճնշում էր շահագործվող դասակարգին՝ ժողովրդին: Որտեղ մասնավոր սեփականության բացակայության պայմաններում զարկ էր տալիս գողությունը հանրային սեկտորից: Երկիր, որտեղ թեեւ օրենքներն առկա էին եւ կարծես թե արտահայտում էին բնակչության շահերը, սակայն դրանք կիրառվում էին այնքանով, որքանով բավարարված էր դատախազն ու դատավորը (բավարարված ասելով նկատի ունեմ միմիայն փողը կամ պատվերը վերեւներից) եւ ինչպես հայտնի ֆիլմում կնոջը տեղեկանք տալու համար, փորձում են անբարոյական դարձնել: Բնականաբար, նման պայմաններում ծաղկում է այլ իրականություն, այսպես կոչված՝ «գողական»:
Այս իրականությունում ստեղծվում են վարքագծի նոր կանոններ, որը գիտակցաբար թույլ էր տրվում տիրապետող դասակարգի կողմից (քանի որ այդպես հեշտ էր կառավարել հասարակությանը), իսկ շահագործվող դասակարգն անխտիր «հարգում» եւ ենթարկվում էր այդ կանոններին, ի տարբերություն պետության կողմից գծված կանոնների: Ահա նման հասարակական դեգրադացիայի պայմաններում ստեղծվում է նոր պետություն, որն իր առաջին քայլերն անում է իրավունքն որպես համակեցության հիմնասյուն դնելով, որտեղ պետությունը սահմանափակված է անձի բնական իրավունքներով:
Թեեւ անկախությունից ի վեր օրենսդրական բազան զարգացավ այնպես, որ անձի իրավունքը գերակայող էր, սակայն իրական կյանք այն այդպես էլ չտեղափոխվեց՝ մնալով միայն թղթի վրա: Այնպես՝ ինչպես Խորհրդային Հայաստանում: Եվ չի էլ տեղափոխվի, քանի դեռ սուբյեկտի արժեքային համակարգում բան չի փոխվել, քանի դեռ դեռեւս գերակայող են գողական գաղափարախոսության (այժմ արդեն ձեւախեղված, համեմատած խորհրդային ժամանակաշրջանի հետ) նկատմամբ նվազագույնը՝ հարգալից մոտեցումը, իսկ որ ավելի վտանգավոր է այդ գաղափարախոսությամբ առաջնորդվելն այնպիսի վայրում, ինչպիսին է պետական ապարատը:
Ահա այս գաղափարախոսությունն է, որ վաղուց ի վեր քարոզվում է Հայաստանում եւ բորոտության նման վարակել է ողջ հասարակությանը, եւ արդյո՞ք արժան է այդպիսի մտածելակերպ ունեցող հասարակությունը լավ ապրելու: Թերեւս նա արժանի է ապրելու այնպես, ինչպես ապրում է՝ մեղմ ասած՝ անօրինական կամ օրինական ձեւով գումար վաստակել, որ մեքենայի համար «գոլդ» համարանիշ գնի, որ իրենից վախենան, իրենից վախենան, որ իրեն ինքնաբավարարված զգա: Մյուս կողմից էլ՝ պետական ապարատում պաշտոն ստանա, որ ծառայի (բնականաբար՝ ոչ ժողովրդին), ծառայի, որ նկատվի «վերեւների» կողմից, նկատվի, որ անօրինական փող աշխատի, փող աշխատի, որ մեքենայի համար «գոլդ» համարանիշ գնի, որ իրենից վախենան:
Ցավոք, այս է Հայաստանում տիրապետող գաղափարախոսությունն ու «իրավական մշակույթը»:
Իսկ ինչպես փոխել այն, կոպիտ չհնչի, բայց այս սերունդն այնպես, ինչպես որ կա, պետք է վերանա, պետք է մաքրվի: Եվ եթե հաջողվի պահպանել Հայաստանի ինքնիշխանությունը (Մաքսային միության ֆոնին կարելի է կռահել), ապա միգուցե մի քանի սերունդ հետո Հայաստանը տեղափոխվի երկրորդ տիպի՝ օրինապահ իրավագիտակցություն ունեցող երկրների շարք:
ԳԵՎՈՐԳ ԳՅՈԶԱԼՅԱՆ
փաստաբան
«Առավոտ» օրաթերթ
29.03.2015