Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության նախկին աշխատակից, ԵՊՀ դասախոս Արտակ Ղուկասյանի գործով դատական նիստը երեկ հերթական անգամ հետաձգվեց: Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան չէր ներկայացել դատախազ Գյուլումյանը:
Դատավոր Ալեքսանդր Ազարյանը հետաձգեց նիստը եւ այն նշանակեց մայիսի 5-ին: Ուղիղ մեկ տարի առաջ այս գործն ուղարկվեց դատարան:
Արտակ Ղուկասյանի դեմ ՀՔԾ -ն Խարդախության եւ յուրացման եղանակներով առանձնապես խոշոր չափերի հասնող գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցել էր քրեական գործ: Մասնավորապես, որ Արտակ Ղուկասյանը 2008-201Օթթ. ընթացքում տարբեր անձանց անվամբ հիմնադրել է մի շարք գրավատներ եւ տարադրամի փոխանակման կետեր ու անձամբ փաստացի կառավարել դրանց գործունեությունը: Ըստ մեղադրանքի, «Գործունեության սկզբնական փուլում Արտակ Ղուկասյանը գրավատներում եւ տարադրամի փոխանակման կետերում ներդնելու նպատակով տարբեր քաղաքացիներից պարտքով, այդ թվում՝ տոկոսով, գումարներ է վերցրել եկամտից նրանց մասնաբաժին տալու պայմանով, այդ գումարները հիմնականում չմուտքագրելով դրամարկղերում: 2009թ. սկսած՝ Արտակ Ղուկասյանի կողմից նախկինում ստացված ու ձեռնարկատիրական գործունեությունում ներդրած գումարները եւ դրանց շրջանառությունից գոյացած եկամուտները, ինչպես նաեւ իրացված գրավներից գոյացած գումարները պարբերաբար վերցնելու արդյունքում գրավատները եւ տարադրամի փոխանակման կետերը փաստացի աշխատել են ֆինանսական վնասով»:
Մեկ դրվագով էլ, Արտակ Ղուկասյանը տարբեր քաղաքացիների առաջարկել է զբաղվել համատեղ ձեռնարկատիրական գործունեությամբ: Ըստ գործի նյութերի, նա ձեռք էր բերել 28 անձի վստահությունը «խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 1.761.781.986 ՀՀ դրամ»: Ի դեպ, տուժողները դատարան կամ չեն եկել, կամ նախաքննության ժամանակ տված ցուցմունքների միջեւ կային էական հակասություններ: Արտակ Ղուկասյանի պաշտպանությունը դեռ իրականացնում է Հակոբ Ճարոյանը: Արտակ Ղուկասյանի կինը նամակ էր գրել Հատուկ քննչական ծառայության պետին, հայտնել, թե քննիչը փորձագիտական եզրակացությունը ճիշտ կազմելու համար ամուսնուց գումար էր պահանջել, ասելով՝ «հակառակ դեպքում կամ կգրեն անհայտ ձեռագիր»: Հետագայում քննիչը ձերբակալվեց: Նաեւ անդրադարձել էր ամուսնուն առեւանգելու, նրա նկատմամբ իրականացված բռնությունների մասին:
«Առավոտ» օրաթերթ
29.03.2015