Ըստ գրականագետ Արմեն Ավանեսյանի, հեղինակները կարեւորում են մարդու վերաբերմունքը հավատի նկատմամբ եւ մարդ-Աստված հաղորդակցումը
Վերջին տարիներին հայ գրականության մեջ հաճախակի են երեւում քրիստոնեական թեմաներով ստեղծագործություններ: Կարծիք է տարածված, որ այդ դեպքում հեղինակներն ավելի շուտ մշակում են Սուրբ գրքի թեմաները՝ ներհյուսելով դրանք իրենց ստեղծագործությանը: Այս առիթով «Առավոտի» հետ զրույցում գրականագետ Արմեն Ավանեսյանը (լուսանկարում) եւս փաստեց, որ արդի հայ դրամատուրգիայում իրենց թեմատիկ, գաղափարախոսական հատկություններով առանձնանում են սուրբգրային մշակումները: Մանրամասնեց նաեւ, որ այդ դրամաները կարելի է երկու տեսակի բաժանել՝ աստվածաշնչյան թեմաների նորովի մշակումներ եւ քրիստոնեական գաղափարների հիման վրա կառուցված ստեղծագործություններ:
Հարցին՝ ինչի՞ հետ է կապված քրիստոնեական թեմաների այսչափ առատ կիրառությունը, գրականագետը պատասխանեց. «Աստվածաշնչյան թեմաների մշակումը, որպես դրամատուրգիական երկ, ժամանակակից հայ գրականության մեջ պարականոն մոտեցումների հետեւանք է: Հեղինակները վերցնելով աստվածաշնչյան այս կամ այն իրողությունը, այլ կերպ են մեկնաբանում եւ սովորաբար փոփոխությունների են ենթարկվում կարծրատիպերն ու փորձ է արվում վերարժեւորման: Նման մոտեցումների կնիքն իրենց վրա կրում են տարբեր հեղինակների 5 տասնյակից ավելի պիեսներ: Իսկ քանակական այս առատությունը կապված է նաեւ 2001թ. Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի հետ»:
Հետաքրքրվեցինք՝ սովորաբար ի՞նչ գաղափարներ են ներկայացված այդ պիեսներում: Արմեն Ավանեսյանի ձեւակերպմամբ՝ քրիստոնեական-կրոնաբանական դրամաներն առանձնանում են զուտ գաղափարական ուղղվածությամբ. «Գրողն այս պարագայում կարեւորում է մարդու վերաբերմունքը հավատի նկատմամբ եւ մարդ-Աստված հաղորդակցումը: Այստեղ երկակի տրամադրություններ են ի հայտ գալիս: Օրինակ, որոշ թատերագիրներ քննական մոտեցումներ ունեն քրիստոնեության նկատմամբ ու միտված են դրա բացասական հետեւանքներն ի ցույց դնելու, իսկ գրողների մյուս խումբը քրիստոնեության մեջ վեհ, բարոյական, խրատական, վերերկրային իմաստն է ընդգծում»:
Իսկ թե ի՞նչ թեմատիկ ընդգրկումներ ունեն դրանք, մեր զրուցակիցը նախ հայտնեց, թե քրիստոնեական գաղափարների հիման վրա կառուցված դրամաները տարբեր թեմատիկ ընդգրկում ունեն, հետո էլ նշեց. «Գուցե անհամոզիչ թվա, որ մենք դրանք դիտարկում ենք որպես մշակումներ: Սակայն այս դեպքում թեմայի փոխարեն մշակման է ենթարկվում գաղափարական հարցադրումը, որը դարձյալ միջնորդավորված է Աստվածաշնչից կամ քրիստոնեության պատմությունից»: Արմեն Ավանեսյանը նաեւ մասնագիտորեն հավելեց. «Ընդհանրապես սուրբգրային դրամաները, ինչպես, ասենք՝ պատմավեպը կամ պատմական դրաման, առանձնանում, տեսակ են դառնում եւ կարելի է դիտարկել նաեւ որպես ժանրային առանձնահատկություն, այնքանով, որքանով ժանրը բնորոշվում է նաեւ թեմատիկ հիմքով: Սուրբգրային թեման շատ դեպքերում կրկնվող եւ արդեն ծանոթ հերոսներ է պայմանավորում, բովանդակային նմանություններ են առաջանում տարբեր ստեղծագործություններում, գաղափարական հարցադրումների որոշակի նույնականացում է նկատվում եւ Սուրբ գրքից քաղվածքներ են կիրառվում դրամաներում: Նաեւ յուրահատուկ կոլորիտ է ստեղծվում սուրբգրային դրամաներում»:
Մինչ օրս ի՞նչ հայտնի գործեր կառանձնացնի մասնագետը: Արմեն Ավանեսյանը բարձրաձայնեց Պերճ Զեյթունցյանի «Հիսուս Նազովրեցին եւ նրա երկրորդ աշակերտը» դրաման, Աղասի Այվազյանի «Ագիատիկ» եւ Գուրգեն Խանջյանի «Թատրոն 301» պիեսները, Աստղիկ Սիմոնյանի «Հավքի երեք կանչը» ու Վարուժան Նալբանդյանի «Տրդատ III», Վահան Վարդանյանի «Անդին» դրամաները, Ալեքսանդր Թոփչյանի «Ե՛ւ մարդ, ե՛ւ Աստված» մոնոդրաման:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.03.2015