«Առավոտ» օրաթերթի ապրիլի 18-ի համարում տպագրված հարցազրույցում Հայաստանի ջրացատկի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը տեղեկացրել էր, որ Վլադիմիր եւ Ազատ Հարությունյան եղբայրները Դրեզդենում մասնակցելու են մինչեւ 18 տարեկանների միջազգային խոշոր մրցաշարին, որն իր մակարդակով բարձր է այդ տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունից: Նա հույս էր հայտնել, որ եղբայրները Գերմանիայում հաջող մրցելույթներ կունենան: Եվ մարզչի ակնկալիքներն արդարացան: Աշխարհի 29 երկրների ներկայացուցիչների պայքարում, որոնց հիմնական մասն իրենց երկրների ազգային հավաքականների անդամ կամ թեկնածու են, եղբայրները աշտարակացատկում մտան եզրափակիչ փուլ, որտեղ Վլադիմիրը նվաճեց հաղթողի կոչումը, իսկ Ազատն արժանացավ բրոնզե պարգեւի:
Երեկ լուսադեմին մարզիչն ու սաները վերադարձել են Երեւան: «Առավոտը» կրկին հանդիպեց Հրաչյա Չանդիրյանին:
– Շնորհավորում ենք հաջող մասնակցության առիթով: Պետք է որ գոհ լինեք արդյունքից:
– Շնորհակալություն: Բայց այն օրը, երբ ես որպես գլխավոր մարզիչ գոհանամ իմ սաների մասնակցությունից, նույն պահին կհեռանամ: Դա կնշանակի, որ ես այլեւս անելիք չունեմ: Իսկ ինչ վերաբերում է եղբայրների մասնակցությանը, երբ մեկ պատվո պատվանդանի վրա միաժամանակ երկու հայ է կանգնում, կարծում եմ, վատ չէ:
Կարդացեք նաև
– Ե՞րբ մտածեցիք, որ հաղթողը ձեր սաներից մեկն է լինելու:
– Երբ մրցապայքարն ավարտվեց: Ջրացատկում ոչինչ կանխատեսել կամ կանխազգալ հնարավոր չէ: Մեկ ցատկը կարող է առաջին տեղից այնքան հեռու շպրտել, որ ընդհանրապես մեդալի մասին մտածելն էլ ավելորդ է դառնում: Վլադիմիրը եզրափակչում երկրորդ ցատկը կատարեց 3,5 ետ պտույտ ետկանգ դիրքից, որը գնահատվում է 3,3 գործակցով: Այդ ցատկով նա պոկվեց մրցակիցներից ու առաջատարի դերը պահեց մինչեւ վերջ: Ի դեպ, Դրեզդենում Վլադիմիրը վաստակած ընդհանուր միավորներով՝ 507,10, առաջին անգամ հաղթահարեց 500-ի սահմանը, իսկ Ազատը ընդհուպ մոտեցավ այդ սահմանին՝ 484,10: Սրանք նույնպես վատ ցուցանիշներ չեն: Բայց այս ամենն ինձ ամենեւին էլ չի հանգստացնում: Միեւնույն է, դեռ աշխատելու եւ վարժությունները հղկելու, կատարելագործելու շատ տեղ ունենք: Իմ նպատակը մարզիկների՝ հնարավորին չափ մաքուր եւ կայուն մրցելույթներն ապահովելն է, եթե ցանկանում ենք հիմնավոր տեղ զբաղեցնել լավագույնների ցանկում:
– Մեր ջրացատկորդները նաեւ 6-րդ տեղ գրավեցին մեկ մետր ոստնակից զուգացատկերում:
– Այո: Ու դա եւս վատ արդյունք չեմ համարում: Մեր նախորդ զրույցում ընդհանուր գծերով ներկայացրել էի այդ մրցաձեւի նրբությունները եւ նշել, որ Հայաստանում դրանով զբաղվելու պայման բացարձակապես չկա: Այս մրցաշարից առաջ մեր՝ Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցում, մենք զուգացատկերը փորձել ենք միաժամանակ մեկը՝ 1, մյուսը՝ 3 մետր ոստնակների վրա ցատկերով: Որպեսզի հղկենք միաժամանակյա հրումը ոստնակից եւ պտույտներն ու միաժամանակյա ընկղմումը ջուր: Ընդ որում, «վերեւում աշխատողը» մեկ պտույտ ավելի էր կատարում: Դրեզդենում մրցումից առաջ տղաները մարզվելու համար հավասար ոստնակներից օգտվելու ընդամենը կես ժամ ունեցան… ու գրավեցին վեցերորդ տեղը: Եվ դա այն դեպքում, որ մրցակիցների մեջ կային ցատկորդներ, որոնք տարիներ շարունակ մասնագիտանում են բացառապես սինքրոն ցատկում:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.03.2015