Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսպիսի հոբելյան ոչ մի ժողովուրդ չունի՝ մորթվի ու հարյուրամյակ նշի»

Ապրիլ 30,2015 11:30

Վստահեցնում է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը

«Առավոտի» հետ զրույցում քաղաքագետ Լեւոն Շիրինյանն անդրադարձավ հայ ազգի միասնականությանն ու դրան խանգարող էլեմենտներին: Մեր դիտարկմանն ի պատասխան՝ դատելով ապրիլի 24-ի մեր պահանջից ու աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ ազգի համընդհանուր ցանկությունից, արդյոք կարո՞ղ ենք ասել, որ հայ ազգը միավորվելու, հզոր ու կայուն պետություն դառնալու ցանկություն ունի, Լեւոն Շիրինյանը հետեւյալն ասաց. «Այո, անպայման: Այն, որ ցանկություն կա, դա միանշանակ է, ցանկությունը մեծ է, բայց կան խանգարողներ, այսինքն՝ խանգարում են նրանք, ովքեր անկարգությունից, թույլ պետությունից, հետամնացությունից շահ ունեն, բայց սա ազգային շահը չէ, սրանք կորպորատիվ շահերն են: Կարելի է նաեւ ասել՝ խանգարողը տոհմացեղային հարաբերություններն են: Մենք մի բան չունենք ու ամբողջ աշխարհի հայությունը դա պետք է իմանա, մենք չենք կարողանում մեր արժանավորին ճանապարհ տալ, այդ մշակույթը հայության մեջ չկա: Մեզ խանգարում է ավանդույթը: Տարբեր պաշտոնյաներից պարբերաբար լսում ենք, թե, հա, ի՞նչ անենք, որ օրենսդրությունը եվրոպական է, չէ՞ որ մենք ենք ավանդական ժողովուրդ, այսինքն՝ ինչ է կոռումպացված ենք, կամ ինչ է նշանակում ավանդական ենք: Այդ ավանդականությունն ասվում է եղած վիճակն արդարացնելու համար»:

Լեւոն Շիրինյանը խոսելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի մասին՝ ասաց, թե ամեն հոբելյան եւ առիթ իր խորհուրդն ունի: Նա տարակուսած է. «Այսպիսի հոբելյան աշխարհում ոչ մի ժողովուրդ չունի՝ մորթվի ու հարյուրամյակ նշի: Հայ ժողովուրդը պետք է մի բան հասկանա, որ աշխարհում բարեկամ ժողովուրդ չունի եւ այս հանգամանքից էլ՝ սգո հանդեսի կատարման, շփոթ վիճակի մեջ չհայտնվի, որովհետեւ ճգնաժամի մեջ ոչ մեկն իր կողքին չի կանգնելու, ինչպես որ 1914 թվականին էր»:

 

Խնդիրը ինչի՞ մեջ է՝ հարցնում է Լեւոն Շիրինյանն ու պատասխանում. «Մեր ազգը պետք է ինքնակազմակերպվի եւ ցանկություն ունենա եւ ոչ թե ամեն մեկն իր հարազատին պետք է առաջ մղի, այլ արժանավորին, ինչպես որ եվրոպական մշակույթի մեջ է: Մենք պետք է իմանանք, որ մեր անվտանգությունը կախված է միայն մեզանից ու ոչ մեկը մեզ օգնության չի հասնելու, ոչ Օլանդը, ոչ էլ Պուտինը: Պետք է վերլուծել եւ կարողանալ նոր էլիտա կազմավորել ու ճանապարհ տալ իսկական էլիտար խմբերին, ոչ թե վերեւում նստել ու խանգարել նրանց»:

Լեւոն Շիրինյանի ցանկությունը հետեւյալն է՝ մեր ազգը պետք է արժանապատիվ ապրի, իսկ արժանապատիվ ապրելը, ըստ նրա՝ «քարշ գալը չէ»: Նրա ձեւակերպմամբ, հայության մեջ տարածված է՝ «ինչպե՞ս ես» հարցին պատասխանում են «յոլա», իսկ «յոլան» ի՞նչ է, կամ ի՞նչ է նշանակում՝ գոյատեւման ռազմավարություն»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. քանի դեռ եհովայի վկաները եւ օտարածին աղանդները վխտում են Հայաստանում, եւ Էջմիածինը շեղւել է իր առաքելության մէջ նաեւ չունենալով արդար պետականութիւն , մենք դատապարւած կլինենք այս վիճակին ինչ ունենք…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930