«Երանի նրան, ով չի կարդացել այս սահմանադրության հայեցակարգը, վայն եկավ տարավ նրան, ով կարդացել է»,- ապրիլի 29-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում հայտարարեց Սոցիալիստական հեղափոխության ճակատի ղեկավար Իշխան Թովմասյանը:
Նա բողոքեց, որ ոչինչ չի կարողանում հիշել հայեցակարգից: Նա համարում է, որ փաստաթղթում տեղ է գտել այն, ինչ ձեռնտու է իշխանություններին. «51 էջ կարդում եմ ոչ մի տես չեմ հանդիպում այն, որ պետությունը, նախագահը կամ որեւէ այլ պաշտոնյա պարտավոր կամ պատասխանատու է իր քաղաքացու համար: Փոխարենը՝ այն հեղեղված է նոր տերմիններով»:
Նա շնորհակալություն հայտնեց կառավարությանը՝ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության եւ հանրաքվեի միջոցով սահմանադրական բարեփոխումներ կատարելու համար. «Ես ինձ վատ եմ զգում այդ Ազգային ժողովի անունը տալիս, երբ տեսնում ես այդ Ազգային ժողովի ամբիոնին մոտենում է իբր պատգամավոր, ողբամ այն ազգի վրա, որը կարող է տանել նման պատգամավորին, որն ամբիոնից ծիծաղում է: Կամ ասենք թե ինչո՞վ ենք հպարտանում, որ մեր Ազգային ժողովի նախագահը լավ հումորիստ է ու լավ գիրք է գրում»:
Իշխան Թովմասյանը հայտարարեց, որ որոշում են ընդունել, որ շարժման ղեկավար մարմիններից որեւէ մեկում թե՛ գործադիր կոմիտեն, թե՛ նախագահական կազմը իրավունք չունեն լինելու. «Նրանք, ովքեր նպաստել են այս իշխանությունների գոյատեւմանը եւ գործունեությանը, այս կազմում չեն կարող լինել: Չեն կարող լինել նաեւ այն մարդիկ, ովքեր կապ ունեն հայ ժողովրդի ունեցվածքի եւ թալանի հետ: Այս շարժման եւ ճակատի պատասխանատվությունը պետք է ստանձնեն միայն եւ միայն անցածի փորձ ունեցող, համապատասխան մասնագիտություն ունեցող, ամենակարեւորը՝ վճռականություն ունեցող մարդիկ, որոնց մենք վստահելու ենք: Ես համոզված եմ, որ հաղթանակը ձերն է լինելու, որովհետեւ մեր բռնած գործն արդար է»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ