ԴԱՀԿ Լոռու մարզային բաժնի հարկադիր կատարող Բելա Աբրահամյանն իր անօրինական և անհիմն որոշմամբ ուղղակի վաճառքի է դրել զոհված ազատամարտիկ Դավիթ Սոկրատի Ղազարյանի Վանաձորի Ներսիսյան 5/48 բնակարանի գույքը: Վաճառքը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 30-ին, ժամը 11.00-ին, Վանաձորի Գ. Նժդեհի 16 հասցեում գործող ԴԱՀԿ մարզային գրասենյակում:
Խնդիրն այն է, որ զոհվածի ավագ եղբայրը` Հովհաննես Ղազարյանը, լինելով գործազուրկ՝ չի կարողանում մարել «Նարիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությանն ունեցած 1 800 000 դրամի պարտքը, որից նա չի հրաժարվում:
Սակայն վաճառվող գույքը չի պատկանում Հովհաննես Ղազարյանին, ով երկար տարիներ ապրել է Ռուսաստանում, այլ զոհվածի մորը՝ Մանյակ Ղազարյանին: Վերջինս այդ մասին ասել է հարկադիր կատարողին գույքը արգելանքի տակ դնելու օրը՝ մարտի 09-ին, սակայն ի պատասխան՝ հարկադիր կատարող Բ. Աբրահամյանը սպառնացել է, որ եթե նրա որդին չստորագրի ակտը՝ ինքն անհապաղ բրիգադ կկանչի և գույքը բռնի ուժով կտանեն վաճառքի: Ներկայումս, Մ. Ղազարյանն իրավունքների այդ բիրտ ոտնահարումից հայտնվել է հոգեկան ծանր ապրումների ու անհանգիստ սպասումների մեջ:
Մենք՝ ներքոստորագրյալ իրավապաշտպան, հասարակական կազմակերպություններս հայտարարում ենք, որ հարկադիր կատարող Բ. Աբրահամյանն անօրինական քայլերով ահաբեկելով Ղազարյանների ընտանիքի անդամներին, չարաշահել է իր պաշտոնեական դիրքը և անցել պաշտոնեական լիազորությունների սահմանները (ՀՀ քր. օր. 308 և 309 հոդվածներ), ոտնահարել մարդկային իրավունքների և բարոյական նորմերի բոլոր սահմանները:
Կարդացեք նաև
Պահանջում ենք ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանից անհապաղ դադարեցնել զոհված ազատամարտիկի ընտանիքի նկատմամբ անօրինական հետապնդումները և հարկադիր կատարող Բ. Աբրահամյանին պատասխանատվության ենթարկել իր անօրինական գործողությունների համար:
- Արևիկ Սարգսյան, Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում ՀԿ նախագահ
- Սվետլանա Ասլանյան, Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ նախագահ
- Թամարա Աբրահամյան, «Արազա» ՀԿ նախագահ,
- Սիլվա Վարդանյան, Զարթոնք-89 ՀԿ, նախագահ
- Գևորգ Մանուկյան, Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն ՀԿ նախագահ,
«Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ
Սարն էլ է իրենցը, ծառն էլ, կացինն էլ: Ձերը թուղթ ու գրիչն է: Կուզեք գրեք, կուզեք թիթեռ նկարեք: