«Դեպի Եվրասիական տնտեսական միություն» ժողովրդական շարժումը եւ Հայկական հեղափոխական սոցիալիստական ճակատը ապրիլի 29-ին Թեքեյան կենտրոնում հանդիպում էին կազմակերպել: Հանդիպման օրակարգում էր Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցության անհրաժեշտությունը, սահմանադրության բարեփոխումների հայեցակարգի քննարկումը:
«Դեպի Եվրասիական տնտեսական միություն» ժողովրդական շարժման ղեկավար Արմենուհի Ղազարյանը իր ելույթի ընթացքում ասաց, որ շուրջ երկու տարի իրենք փորձում են պատկան մարմիններից եւ ԱՄՆ դեսպանատնից ճշտել, թե ո՞ր օրենքի հիմքով եւ ի՞նչ գնով են տրամադրել ԱՄՆ դեսպանատան տարածքը. «Սակայն մինչ օրս խուսափում են պատասխանել թե՛ պատկան մարմինները եւ թե՛դեսպանատունը, նույնիսկ փաստի առթիվ քրեական գործ չեն հարուցում: Մենք հաղորդում էինք ներկայացրել գլխավոր դատախազին, ներկայացրել էինք բազմաթիվ հիմնավորող փաստաթղթեր, որոնք ապացուցում եւ հիմնավորում են, որ այդ գործարքն ապօրինի է կատարվել եւ երկուս ու կես միլիոն դոլարի գտնվելու վայրն անհայտ է: Գործ չեն հարուցում, քանի որ ապօրինի հող հատկացնողներն էլ են իշխանությունները, կեղծ գործարք կնքողներն էլ են իշխանությունները, փողը յուրացնողներն էլ են իշխանությունները եւ պետական մարմինները»:
Նա հայտարարեց, որ համարում է՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո արեւմտյան երկրները սկսել են զբաղվել մանուկներով եւ երիտասարդներով: Ըստ նրա՝ Արեւմուտքը քայքայում եւ կազմալուծում է ընտանիքներ՝ բարոյազրկելով, այլասերելով, ապականելով եւ պղծելով նրանց. «Գոյապայքարի մեծ բեռ է ծանրացել ժողովրդի ուսերին՝ հանրապետության ղեկավարների եւ որոշ գործիչների վարած ապաշնորհ եւ ապազգային քաղաքականության արդյունքն է սա: Բոլորիս էլ պարզ է, որ Գորբաչովի դավաճանության արդյունքում արեւմտյան ուժերը, ԱՄՆ-ն հասան իրենց նպատակին՝ կազմալուծելով ԽՍՀՄ-ը: Թե մեր երկրում ո՞վ է աջակցել այդ փլուզմանը, կասի պատմությունը: Այժմ էլ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցելը շահավետ դաշտ է բացել որոշ ուժերի համար հակառուսական հիստերիա բարձրացնելու համար»:
Արմենուհի Ղազարյանի կարծիքով՝ Հայաստանում ստեղծել են անկառավարելի վիճակ. «Հանրապետությունում ձեւավորվել է օլիգարխիկ համակարգ, որը ծնեց Լեւոն-Տեր Պետրոսյանը, սնեց, աճեցրեց Ռոբերտ Քոչարյանը, պահում, փայփայում է Սերժ Սարգսյանը: Արդյունքում՝ երկրում ձեւավորվել են բիզնես օլիգարխիկ ակումբներ, որոնց ղեկավարում են որոշ վայ քաղաքական գործիչներ՝ իրենց անձնական շահից բացի ոչինչ չտեսնելով»:
Կարդացեք նաև
Տիկին Ղազարյանը հայտարարեց, որ կարծում է՝ իշխանությունները ողջերի հետ իրենց հարցերը լուծել են, հիմա էլ անցել են մահացածներին. «Ազգային ժողովում սկսել են քննարկել հանգուցյալների հավերժական տները սեփականաշնորհելու հարցը: Սովետաշենի գերեզմանոցից ինձ լուր հասավ, որ մեր հանգուցյալները խիստ զայրացած են այս իշխանությունների, իրենց ընդդիմություն հորջորջող վայ քաղաքական գործիչների եւ մեզ վրա: Ասել են, որ եթե ժողովուրդը չհամախմբվի, առողջ քաղաքական ուժերը, որոնք համախոհ են Հայաստանի՝ ԵՏՄ միանալուն եւ այդ միության հզորացմանը իրենց նպաստը բերելուն, չհամախմբվեն, պատրաստվում են հեղափոխության եւ պաշտպանելու ողջ մնացած իրենց հարազատների ոտնահարված իրավունքները»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ