Ապրիլի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Նոր Զելանդիայի «Վելինգտոնի հայերի ասոցիացիա» կազմակերպության հիմնադիր անդամ, Վելինգտոնի ներգաղթողների գործակալության պաշտոնյա Արա Կասապյանին:
Պրն Կասապյանը նախարարին տեղեկություններ հայտնեց Նոր Զելանդիայի հայության մասին՝ նշելով, որ հայերը հիմնականում բնակվում են Օքլենդում՝ (շուրջ 200 հոգի) և Վելինգտոնում (շուրջ 40 հոգի): Թեև թվաքանակով մեծ չեն, սակայն շատ հարգված են՝ որպես օրինապահ քաղաքացիներ և բարեխիղճ աշխատողներ: Նրանց մեջ կան նաև բարձր պետական պաշտոնյաներ, բժիշկներ, փաստաբաններ, գործարարներ, քաղաքական գործիչներ և այլն: Գործում է երկու հայկական կազմակերպություն, որոնց հիմնական նպատակը ազգային ինքնության պահպանումն է:
Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Արա Կասապյանին՝ հեռավոր Նոր Զելանդիայում հայրենանվեր աշխատանք իրականացնելու համար: Նա հյուրին ծանոթացրեց Սփյուռքի նախարարության ծրագրերին և հորդորեց գտնել հնարավորություններ՝ Նոր Զելանդիայում բնակվող հայությանը ներգրավելու նախարարության կողմից իրականցվող ծրագրերում:
Քննարկվեցին հայապահպանությանը և Հայաստան-Սփյուռք կապերի զարգացմանն առնչվող այլ հարցեր:
Կարդացեք նաև
ՀՀ սփյուռքի նախարարություն