Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխային մորից բաժանելու գործը Վերաքննիչ հասավ

Ապրիլ 29,2015 21:30

Երեւանի բնակիչ Նարինե Նիկողոսյանը, որը պնդում է, թե իր երեխային ծննդատնից դուրս գրվելուց րոպեներ հետ ապօրինաբար իրենից բաժանել են եւ արդեն 2 տարի է չի տեսակցել իր փոքրիկին, Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Նիկողոսյանը առաջին ատյանի դատարան էր դիմել` պահանջով, որ վերացնել Քննչական կոմիտեի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի ավագ քննիչի կայացրած քրեական գործը կարճելու որոշումը: Նիկողոսյանի  եւ նրա ներկայացուցչի` Լեռնիկ Հովհաննիսյանի պնդմամբ` քննիչը քրեական գործը լիարժեքորեն չի կատարել, եւ գործով կարեւոր հանգամանքներ հաշվի չի առել: Առաջին ատյանը  մարտի 23-ին մերժել էր Նիկողոսյանը բողոքը:

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում լսվեց առաջին ատյանի որոշման դեմ բողոքը:

Նիստին Նիկողոսյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց, որ ինչ-որ գործարք է տեղի ունեցել Նիկողոսյանի ծանոթ բժիշկ Կալուստյանի եւ Ադյանի միջեւ, ինչի արդյունքում առանց Նիկողոսյանի համաձայնության նորածինը հայտնվել է Էդիսոն Ադյանի խնամքի տակ: Հիշեցնենք, որ Նարինե Նիկողոսյանը վստահեցնում է, որ Էդիսոն Ադյանը չի հանդիսանում իր երեխայի կենսաբանական հայրը:  Իսկ Ադյանն էլ  պնդում է, որ Նարինե Նիկողոսյանն ինքնակամ է տվել երեխային:

Այսօրվա դատական նիստին, երբ Նիկողոսյանի փաստաբանն ասաց, որ բժշկի եւ Ադյանի ու նրա ազգական Յուրա Ադյանի միջեւ երեխայի առուվաճառքի գործարք է տեղի ունեցել, դատավոր Արղամանյանը հարցրեց` «Երեխայի առուվաճառքն, ըստ ձեզ, նրանք իրականացրել են առանց մոր համաձայնությա՞ն»: Փաստաբանն էլ պատասխանեց` «Միանշանակ, եւ

այդ ուղղությամբ քննություն չի կատարվել: Գործի քննության ժամանակ լրագրողներ են կապվել բժիշկ Կալուստյանի հետ, քննչական մարմինը պատճառաբանել է, որ չի կարողացել հայտնաբերել բժշկին: Քրեական գործը կարճելուց առաջ, գոնե հարցում անեին, պարզեին` բժիշկը հանրապետությունո՞ւմ է, թե` ոչ»: Ապա դատավորը հետաքրքրվեց` թե այդ ի՞նչ է արել բժիշկը, ինչին ի պատասխան փաստաբանը վստահեցրեց, որ Նիկողոսյանի վստահությունն է ձեռք բերել եւ գործարք արել Ադյանի հետ:

«Շատ կներեք, եթե ես իմ մեքենան չեմ վաճառում, ո՞նց կարող են այն վաճառել»,-ասաց դատավորը: «Եթե դուք ձեր մեքենան վստահեք բրոքերին կամ բժշկին, կարող է վաճառել»,-պատասխանեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ բժիշկ Կալուստյանը մեզ հետ զրույցում վստահեցրել է, որ որեւէ գործարք տեղի չի ունեցել:

Դատական նիստից այլ հետաքրքիր մանրամասները կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930