«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության նախաձեռնությամբ Հայաստանի շախմատի ակադեմիայում կազմակերպված էներգահամակարգի Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի մասնաճյուղերի միջեւ շախմատի մրցաշարին մասնակցում է նաեւ Հայաստանի ԱԺ թիմը:
Տուրերի միջեւ փոքր դադարի ընթացքում ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով իմաստունների խաղի մասին՝ ասաց. «Շախմատը Հայաստանում ամենուր է՝ տներում, բակերում, այգիներում, դպրոցներում, հաստատություններում, այդ թվում՝ խորհրդարանում: ԱԺ-ում շախմատը սիրված է: Մենք այս թիմով (մասնակցում են նաեւ Արայիկ Հովհաննիսյանը, Կորյուն Նահապետյանը, Ալեքսան Պետրոսյանը եւ Լյովա Խաչատրյանը, իսկ մարզչի պարտականությունները կատարում է Տաճատ Վարդապետյանը) սիրում ենք ազատ ժամանակ միմյանց հետ շախմատ խաղալ, մրցել, մասնակցել տարբեր մրցաշարերի»:
Հարցին, թե մրցաշարի առաջին օրն ինչպե՞ս են ընթանում գործերը, պատգամավորը պատասխանեց. «Լարված պայքար է ընթանում, բոլոր թիմերում էլ լավ խաղացողներ կան: Փորձում ենք խաղալ մեր ուժերի ամբողջ ծավալով: Տեսնենք, թե ինչ կստացվի: Անձամբ ես Վրաստանի դուստր ձեռնարկության հետ խաղում մրցակցիս նկատմամբ բացարձակ հաղթած դիրք ունեի, բայց չկարողացա իրացնել: Դեռ խաղեր ունենք ու հուսով եմ, որ կկարողանանք ետ բերել կորցրածը»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ