Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսել եմ հասկանալ, թե մարդիկ ինչպես եւ ինչու են դառնում բյուրոկրատ

Ապրիլ 29,2015 19:58

Երանելի ժամանակներ, երբ լրագրող էի՝ օրվա նյութս անում, ու գալիս էի խմբագրություն՝ դուռս կողպում, ու հոդվածս գրում: Այս վերջին տարիներին, ինչ պարտականություններս փոխվել են՝ դուռս միշտ բաց պիտի լինի՝ աշխատակիցների հետ շփվելու համար: Ու դրա անուղղակի հետեւանքով՝ ամեն օր ենթարկվում եմ ֆրանսիական «իսկական օծանելիք», թուրքական «լավ նասկի-կալգոտկիներ» եւ նման բաներ վաճառողների գրոհին: Նրանք չեն հանձնվում, ու հուսով են, որ մի օր կհասկանամ, թե իսկական ֆրանսիականը հենց իրենց տոպրակի մեջ գտնվողն է, ուստի գրեթե ամեն օր հետաքրքրվում են, թե արդյոք ուզո՞ւմ եմ գնել կամ ոչ:

Երկրորդ խումբն այցելուներն են: Որ պատկերացում կազմեք, թե նաեւ ինչ տեսակ մարդիկ են գալիս խմբագրություն՝ մի երկուսը նկարագրեմ միայն երեկվա այցերից:

Երեկ առավոտյան սենյակս մտավ մի տղամարդ: Անհրաժեշտ պարզաբանում՝ ոչ նա, ոչ էլ որեւէ այլ մեկը, որպես կանոն, նախապես չեն պայմանավորվում այցի մասին, ու վատ բնավորություն ունեն գալու կայքի համար հատկապես ծանրաբեռնված ժամերին: Առաջարկեցի նստել: Սա նստել ու չէր խոսում: Ես համակարգչին էի նայում՝ մամուլի տեսությունն էի պատրաստում, ու առաջարկեցի խոսել՝ ինքս ստիպված էի շարունակել աշխատել: Նա առարկեց. «Չէ, սենց չեղավ, գոնե մի տաս րոպե պետք է ինձ հատկացնեք»: Ես պատասխանեցի, թե այդ պահին չունեմ այդքան ժամանակ: «Պարզ է», – ասաց, ու հպարտորեն հեռացավ:

Սակայն րոպեներ անց նորից մտավ սենյակս ու հետաքրքրվեց, թե չկա՞ որեւէ լրագրող, որն իրեն կլսի: Ասացի՝ գոնե ներկայացրեք, թե ինչ թեմայով եք ուզում զրուցել, որ որոշեմ, թե որ լրագրողը: Պատասխանեց, թե Ղարաբաղից է եւ ուզում է խոսել ընտրությունների մասին: Անմիջապես զանգեցի մեր լրագրողներից մեկին, ու մինչ ասում եմ թեման՝ այդ մարդը գոռում է, թե հեռախոսով տեղեկություններ չհայտնեմ, ազգանուններ չասեմ…. Հա, ընթացքում լրագրողին տեղեկացրի գլխավոր խմբագրի հետ մի պայմանավորվածության մասին՝ օգտագործելով «շեֆ» բառը: Այդ մարդը կասկածանքով հարցրեց, թե ում նկատի ունեի՝ ասելով «շեֆ»: Պարզաբանեցի: Կարծես չհավատաց:

Ինչ որ է: Թողել գնացել էր՝ չսպասելով լրագրողին: Մինչ այդ մեկ այլ լրագրողի ասել էր, թե ես ասել եմ «շեֆ», ուստի խիստ հիասթափված է մեր խմբագրությունից:

Քիչ անց դուռս առանց թակելու բացեց մեկ այլ այցելու, եւ բորբոքված բողոքեց, թե ինքը սոցիալապես անապահով է, ուզում է հարցազրույց տալ «Արմենիա» հեռուստաընկերությանը, իսկ մեր լրագրողներն ասում են, թե միայն իրենք կարող են նյութ պատրաստել: «Չե՞ք կարող այստեղ հեռուստատեսություն կանչել, բա մի բանով չե՞ք ուզում օգնել»:

Ի դեպ, հեռուստաընկերությունների մասին: Այսօր էլ մեկը զանգեց, ու հետաքրքրվեց. «Դո՞ւք եք վիդեոներ գցում»: Ասում եմ, չէ, ես չեմ, ի՞նչ եք ուզում: Բողոքում է՝ ձեր լրագրողը՝ չգիտեմ ով էր, ինձ հետ հարցազրույց արեց, ասաց, թե «տելեվիզրով» ցույց չեն տա, բայց ցույց են տվել: Ասում եմ՝ դուք հեռուստաընկերություն չեք զանգել: Ասում է՝ հա գիտեմ, բայց ձեր տեսանյութը ցույց է տվել «Արմքոմեդին»:

… Հետո երկար լսում էի, թե ինչպես էր այդ տեսանյութը նկարած մեր լրագրողը սրտնեղած բացատրում, թե ինքը չէր կարող երաշխիք տալ, որ հեռուստատեսությունները չեն ցուցադրելու մեր տեսանյութը, ու չի կարող պահանջել «Արմքոմեդիից», որ հաղորդումից հեռացնեն մեր կադրերը:

… Մի խոսքով, ի ամոթ ինձ՝ սկսել եմ հասկանալ, թե մարդիկ ինչպես են դռանը փակցնում «կողմնակի անձանց մուտքը խստիվ արգելվում է» ցուցանակը, կամ թեկուզ ինչու են դառնում բյուրոկրատ եւ հեռախոսազանգերից ու այցելուներից պատսպարվում քարտուղարուհիների եւ գործավարուհիների թիկունքում:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գնել Նալբանդյան says:

    Մենք նրան կորցնում ենք….

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930