«Ղեկավարությունից շատ մարդիկ էինք հրավիրել այստեղ, տեսնում եմ, որ ոչ մեկը չկա, ուզում եմ ասել, որ ղեկավարները գալիս են, գնում, բայց «Փրկություն»-ը փրկություն է մեզ պես հոգսաշատ, մեզ պես «ծանր խաչ» ունեցող ընտանիքների համար»,-այսօր, «Փրկություն» հ/կ-ի, որը զբաղվում է մտավոր խնդիրներ ունեցող դեռահասների եւ երիտասարդների ցերեկային խնամքով, կազմակերպած միջոցառման ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում ասաց շահառուներից մեկի` Արամ Ավետիսյանի մայր` Նելլի Դանիելյանը:
Միջոցառումը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Բեմականացման մեջ Արամը մարմնավորում էր ոստիկանի կերպարը, որին իր պատմելով շատ պատասխանատվությամբ է մոտեցել, քանի որ պետք էր պահպանել մարդկանց կարգ ու կանոնը: Արամի մայրը պատմեց, որ որդու հիվանդության մասին իմացել են, երբ տղան 11 ամսական է եղել: Այն ժամանակ բժիշկները տղային ապրելու հույս չեն տվել, բայց ծնողների հոգատար վերաբերմունքի շնորհիվ Արամը հիմա 33 տարեկան է եւ մասնակցում է «Փրկություն» հ/կ-ի կազմակերպած խմբակների դասերին: Արամը պետությունից ստանում է 18 հազար դրամ հաշմանդամության նպաստ, որն, ըստ տիկին Դանիելյանի, շատ չնչին գումար է տղայի կարիքները հոգալու համար, քանի որ նմանատիպ երեխաների համար չի գործում ո’չ զեղչեր, ո’չ էլ արտոնյալ պայմաններ. «Ես, որպես մտավոր խնդիրներ ունեցող երեխայի ծնող չեմ զգում, որ այս պետությունը ինչ-որ մի ձեւով մեր մատից փուշ է հանում»,- ասաց Արամի մայրը:
Կարդացեք նաև
Մտավոր խնդիրներով մասնակիցները ներկայացրեցին մի պատմություն, որը պատմում է մի աղջկա եւ իր պապիկի` հայրենի հողերի կարոտի մասին: Պապ ու թոռ գնում են Արեւմտյան Հայաստանի այն քաղաքներ, որոնք մեծ կորուստներ են ունեցել ցեղասպանության ժամանակ: Մասնակիցներից մի քանիսը մարմնավորում էին այդ քաղաքները, որոնք հավաքվելով եւ շրջան կազմելով միասին ասացին` մեզ բացակա մի դրեք: Շուրջ 30 մասնակիցները մոմեր վառեցին եւ ծաղիկներ դրեցին ցեղասպանությանը նվիրված սիմվոլիկ հուշահամալիրում:
«Փրկություն» հ/կ նախագահ Արփինե Աբրահամյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ինչպես աշխարհասփյուռ հայությունն է նշում ցեղասպանության 100-ամյա տարելիցը, այնպես էլ իրենց կենտրոն հաճախողները միջոցառման միջոցով ցույց են տալիս, որ հիշում եւ պահանջում են ցեղասպանության ճանաչումը:
Մանրամասները` տեսանյութում
Թեմայի մանրամասները վաղվա տպագիր «Առավոտ»-ում:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ