Հայաստանի «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը վաղը՝ ապրիլի 30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդիսատեսին կներկայանա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգով:
«Հանուն սիրո և կյանքի» խորագրի ներքո անցկացվող համերգի ընթացքում կհնչեն հայ, հրեա և արտասահմանյան հայտնի հեղինակների (Կոմիտաս, Ռոբերտ Պետրոսյան, Երվանդ Երկանյան, Դավիթ Հալաջյան, Օռլանդո դի Լասսո, Էմիլիո Դուբլանք, Սթինգ, Յոնի Ռեշթեր) ստեղծագործություններից։
Համերգը կղեկավարեն երաժշտական աշխարհում մեծ համբավ վայելող իսրայելական «Էֆրոնի» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Մայա Շավիթը և Հայաստանի «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը:
Հոլոքոստը վերապրած հրեա ժողովրդի ներկայացուցիչն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հայոց ցեղասպանության ողբերգության մասին իմացել է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպից. «Այդ օրվանից Հայաստան գալն իմ երազանքներից էր, և երբ հրավիրեցին, մեծ սիրով համաձայնեցի: Այդ օրվանից Հայաստան ասելիս կարծես դիպչում են հոգուս մի լարի. սա ինձ համար յուրահատուկ թեմա է, քանի որ իմ ժողովուրդն էլ է ցեղասպանություն տեսել: Գիտե՞ք՝ դուք շատ առանձնահատուկ ժողովուրդ եք. ձեր ոգին անկոտրում է, ու դա փայլուն կերպով արտացոլված է նաև ձեր մշակույթում»,- ասում է Մայա Շավիթը:
«Էֆրոնի» երգչախմբի ղեկավարը մենակ է եկել Հայաստան: Երգչախմբին չի բերել, քանի որ պետական աջակցություն չի եղել, և ճանապարհածախսը պետք է ծնողները հոգային: Իսկ Հայաստանի «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի հետ աշխատելը մեծ պատիվ է համարում: Առաջին փորձն անցկացնելուց հետո Մայա Շավիթը «Փոքրիկ երգիչներին» որակել է զարմանահրաշ. «Նրանք աշխարհում լավագույն երգչախմբերի դասին են պատկանում: Երկու փորձի ընթացքում յուրացրին այն, ինչ հրամցվեց: Աշխարհում մի քանի երգչախմբեր կան, որոնք հասնում են նման բարձունքի»,- ասում է իսրայելական երգչախմբի ղեկավարը։
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ