Հինգշաբթի կառավարության նիստում Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին կզեկուցի, որ 2017 թվականին գնում են Ղազախստան`«Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսին մասնակցելու նպատակով: Կարեն Ճշմարիտյանը կասի նաեւ, որ ցուցահանդեսին մասնակցելու աշխատանքներին պատրաստվելու համար գլխավոր հանձնակատար պետք է նշանակվի էկոնոմիկայի նախարարը, այսինքն` ինքը, իսկ ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության ազգային օպերատոր կնշանակվի Հայաստանի զարգացման հիմնադրամը, որն էլ պետք է ապահովի «Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսին մեր երկրի մասնակցության նախապատրաստական եւ կազմակերպչական աշխատանքների իրականացումն ու ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը:
Զարգացման հիմնադրամը պետք է եռամսյա ժամկետում էկոնոմիկայի նախարարին ներկայացնի էքսպոին մասնակցության միջոցառումների ծրագիրը եւ ժամանակացույցը, որպեսզի կառավարությունը քննարկի եւ հաստատի:
Ղազախստանի մայրաքաղաքում ցուցահանդեսին մասնակցելը էկոնոմիկայի ոլորտի պատասխանատուները բացատրում են այսպես. «Մասնակցությունը համաշխարհային ցուցահանդեսներին ուրույն հարթակ է հանդիսանում երկրի պատմությունը եւ մշակույթը ցուցադրելու, նորարարական գաղափարներ եւ նվաճումներ փոխանակելու, ինչպես նաեւ ապագայի գլոբալ խնդիրների նկատմամբ երկրի մոտեցումները ներկայացնելու համար»:
Ցուցահանդեսի խորագիրն է «Ապագայի էներգիա»: Միջոցառման շրջանակներում կցուցադրվեն մարդկության լավագույն ձեռքբերումները կանաչ էներգետիկայի զարգացման մեջ: Ավելի քան 20 երկրներ արդեն իսկ հաստատել են ցուցահանդեսին իրենց մասնակցությունը:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ