Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զախարյանը՝ գազի էժանացման մասին

Ապրիլ 29,2015 18:24
Ervand Zaxaryan

«2 օր է՝ Հայաստանում խոսվում է գազի գնի մասին: 2 անգամ պաշտոնական հաղորդագրություն գնաց, որ 190 դոլարը սահմանի վրա դառնում է 165 դոլար: Բայց դրանից հետո պաշտոնական հայտարարվեց, որ դա չի ազդելու սակագնի վրա: Մեր գազի սակագինը իր մեջ պարունակում է սահմանի վրա սակագինը 189 դոլար եւ 122 դոլար մարժան, որը գումարվելով՝ կազմում է միջին 311 դոլար գինը: Հիմա այդ 122 դոլարի մեջ 25 դոլարը պակասել է, որը կապված չէ ինչ-որ մեկի շնորհքի հետ: Սահմանից այս կողմ ստեղծվել է հնարավորություն քաղաքացու համար գազն էժանացնելու՝ մասնավորապես, մի դրույթով՝ ԱԱՀ-ն համապատասխան չափով պետք է նվազեցվեր, եթե ուրիշ ոչ մի նվազեցում չի լինում: Միայն ԱԱՀ-ի մասով, եթե սահմանի վրայի գինը իջնում է, ապա քաղաքացու համար գազի գինը պետք է այդքան իջներ: Ո՞վ է իրավունք տվել պաշտոնական նման հայտարարություն անել, որ գազը չի էժանանալու քաղաքացիների համար, երբ գազի գինը պետք է որոշեր ՀԾԿՀ-ն»,- ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսպիսի հարց ուղղեց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին:

Նախարարը պատասխանեց. «Իրոք, մամուլում եղավ հայտարարություն, որ գազի գինը սահմանի վրա իջել է 25 դոլարով: Նախ, դա ՀՀ-ի եւ ՌԴ-ի իշխանությունների հանձնարարությամբ է ընթացել բանակցությունները: Դա 2.5 ամսվա բանակցությունների արդյունք է, որ իջել է գազի գինը: Նախ, փաստաթղթավորում չկա առայժմ, որ իջել է գազի գինը: Գազի գնի ներքին սպառողի համար պահպանման հետ կապված պետական որեւէ հայտարարություն չի եղել, որ գազի գինը մնում է անփոփոխ, որովհետեւ դրա համար կա հատուկ մարմին՝ ՀԾԿՀ-ն: Հանձնաժողովն ուսումնասիրություն կկատարի եւ կանի հայտարարություն»:

Արամ Մանուկյանն էլ ասաց, որ Գազպրոմի մամուլի պատասխանատուն է հայտարարել, որ փոփոխություն չի լինելու. «Դրամ-դոլար հարաբերության հետ կապված կորուստներ են եղել, փոխհատուցելու են դրանով: Սա նշանակում է, որ իրենք արդեն ուղղորդում են, որ այդ իջեցված 25 դոլարը գնալու է մի տեղ: Եթե դուք սա նորմալ եք համարում, խնդրում եմ հայտարարեք՝ էժանացում լինելո՞ւ է, թե՞ չէ»:

Երվանդ Զախարյանն էլ պատասխանեց, որ Գազպրոմը, հավանաբար, այդ տեղեկությունները շահարկում է, որովհետեւ պատրաստվում է այդ հիմնավորումները ներկայացնել հանձնաժողով: Բայց պետական մակարդակով որեւէ հայտարարություն առայժմ չի արվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930