ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի՝ հարկային մարմնի գործողությունների վերաբերյալ վերջին բնորոշումների առնչությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն անհրաժեշտ է համարում հանդես գալ պարզաբանմամբ: Մասնավորապես, ի թիվս այլ ձևակերպումների, Ա.Աղաբաբյանը «Հրազդան» տոնավաճառի նկատմամբ հարկային մարմնի քայլերը որակել է որպես «բանսարկություն»: Այդ առնչությամբ հայտնում ենք հետևյալը. 2013թ. նոյեմբերի 5-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ՝ «Հրազդան Կենտրոնական Մարզադաշտ» ՓԲ ընկերության տնօրեն Գ.Ժամհարյանի կողմից հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում, հաշվետվություններում և հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով խոշոր չափերի հասնող հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲ ընկերությանը պատկանող Հրազդանի կիրճ 4/1 հասցեում գտնվող «Հրազդան» մարզադաշտին հարակից տարածքն ընդգրկված է որպես ավտոկանգառի ծառայություն մատուցելու համար նախատեսված տարածք, որտեղ կազմակերպիչը վաճառատեղեր չի տեղաբաշխել:
Չնայած այդ հանգամանքին, նշված վայր կատարված այցելությամբ պարզվել է, որ շաբաթ և կիրակի օրերին այդ վայրում իրականացվում է մանրամեծածախ առևտուր, որի կազմակերպումը չի կարող համարվել տոնավաճառ, քանի որ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 18-րդ մասի և 9-րդ կետի 9-րդ մասի պահանջների համաձայն` տոնավաճառները կազմակերպում են Տեղական ինքնակառավարման մարմինները` շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված տոնական օրերին: Այսինքն, տվյալ պարագայում, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգի պահանջները տարածվում են «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲ ընկերության վերոնշյալ տարածքի վրա: Բացի այդ, պարզվել է, որ նշված տարածքում գտնվող 538 տաղավարներում, ըստ նախապես կնքված վարձակալության պայմանագրերի, առևտրային գործունեություն է իրականացնում 481 ֆիզիկական անձ՝ 167-188 հազար ՀՀ դրամ ամսավճարներով: Այդ անձինք անվտանգության ծառայության համար ամսական վճարում են 10-12 հազար ՀՀ դրամ, նրանցից 19-ը՝ սեփական ավտոմեքենայով տարածք մուտք գործելու համար՝ 40-60 հազար դրամ, իսկ 10 անձ՝ 4-20 հազար դրամ՝ պահեստային մասից օգտվելու համար, սակայն նշված գումարները չեն արտացոլվել հարկային տեսչություն ներկայացված հարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում: Արդյունքում, ընկերությունը, հարկվող շրջանառությունը թաքցնելու միջոցով, խախտել է «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջները: 2014թ. սեպտեմբերի 10-ին ՀՀ ՖՆ օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության կազմած սեպտեմբերի 8-ի համապատասխան ակտով «Հրազդան Կենտրոնական Մարզադաշտ» ՓԲԸ-ում կատարված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ընթացքում ընկերությանն առաջադրվել է պետբյուջե լրացուցիչ գանձման ենթակա 52.949.380 դրամի հարկային պարտավորություն, որից հարկի գումար` 25.691.053 դրամ, տույժեր` 11.793.689 դրամ, տուգանք` 15.464.638 դրամ: Ստուգման ակտի հիմքում դրվել են ինչպես նյութերի նախապատրաստման ընթացքում ընկերության տարածքում գործունեություն ծավալող շուրջ 220 անձանց բացատրություններում, այնպես էլ քրեական գործով նրանց ցուցմունքներում ձեռք բերված ելակետային տվյալները: Նախաքննության ընթացքում «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲ ընկերության տնօրեն Գ.Ժամհարյանը պետբյուջե է վերականգնել ընկերությանն առաջադրված լրացուցիչ գանձման ենթակա 52.949.380 դրամի հարկային պարտավորությունները: Միաժամանակ, ընկերությունը ստուգման ակտը բողոքարկել է դատական կարգով: Նախաքննության ընթացքում ի հայտ են եկել նոր ելակետային տվյալներ, որոնք ներառված չեն նշված ստուգման ակտով արձանագրված խախտումների մեջ և ունեն քննությամբ ստուգելու անհրաժեշտություն: Դրա շուրջ իրականացվում է նախաքննություն:
Գործունեության հավասար պայմանների ապահովման ուղղությամբ Ֆինանսների նախարարության քայլերը բիզնեսի ոչ բոլոր ներկայացուցիչների կողմից են միանշանակ ընկալվում: Ուստի, ժամանակն է, որ տնտեսվարող սուբյեկտները սթափ գնահատեն օրենքի դաշտում լիարժեք գործելու անխուսափելիությունը և դրա կարևորությունը՝ սեփական երկրի տնտեսության առաջընթացն ապահովելու հարցում:
ՀՀ ֆինանսների նախարարության
Կարդացեք նաև
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին