Այսօր ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մասին. «Ինձ հուզում է՝ այս կարեւորագույն ծրագիրը սահմանամերձ համայնքներում ինչպես է կազմակերպվել: Խոսքը 2 եւ ավելի երեխա ունեցող ուսանողերին կրթաթոշակ տրամադրելու մասին է, եւ սահմանամերձ համայնքում բնակվող այն ուսանողների, որոնք պետք է ստանային հիմնադրամի կողմից աջակցություն»:
Վահե Էնֆիաջյանը տարակուսեց, թե ինչու է նախարարությունը azdarar.am կայքում տեղադրել իր հարցին ի պատասխան տեղեկությունները, հաշվետվությունը եւ ոչ թե հիմնադրամի պաշտոնական կայքում:
Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերը նպատակ ունեն օգնել այն ուսանողներին, որոնք տվյալ պահին սովորում են հավատարմագրված պետական եւ ոչ պետական ուսումնական հաստատություններում: Նա նշեց, որ հարցադրման պահին որեւէ բուհ չի ունեցել հավատարմագրում՝ կրթության որակի նոր չափանիշներին համապատասխան: Իսկ հիմա կան:
Ինչ վերաբերում է հաշվետվությունը azdarar.am կայքում տեղադրելուն, նախարարն ասաց, որ այն հանդիսանում է պետական ճանաչված միջոց՝ հանրային ծանուցումների համար. «Թե ինչու հիմնադրամն իր պաշտոնական կայքէջում դա չի տեղադրել, դա հարց է, որը կարող եք ուղղել հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանին»:
Կարդացեք նաև
Վահե Էնֆիաջյանը պատասխանից դժգոհեց. «Կարեն Ավագյանի տեղը ես լավ գիտեմ: Եթե հարցս ուղղելու լինեի նրան՝ կուղղեի նրան: Պատահական չի, որ հարցս կառավարությանն եմ ուղղել, որովհետեւ կառավարության ներկայացուցիչներ կան, որոնք հոգաբարձուների խորհրդի անդամներ են հանդիսանում: Դուք ինքներդ էլ հոգաբարձուների խորհրդի անդամ եք, որը վերահսկող մարմին է հիմնադրամի: Վերոհիշյալ հիմնադրամն ունի 105 դոնոր: 2014-ի բյուջեն հիմնադրամի կազմում է 724 մլն դրամ, որտեղ աշխատում են 117 աշխատակից: Ոչ մի տեղ ամրագրված չի, թե նրանք ինչ գործունեություն են ծավալում: Գաղափարը, որը դրված է ծրագրում, լավն է, բայց ուսանողներին մերժելու հիմք չէ բուհի իրավաբանական վիճակը »: Նա վստահեցրեց, որ այդ գումարները արդյունավետ չեն ծախսվում:
Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Եթե խոսում ենք մասնավոր բուհերում ուսանողների կարգավիճակի մասին, ապա մասնավոր բուհերի ճնշող մեծամասնությունն ունի հստակ սեփականատեր: Նախեւառաջ պետք է մասնավոր ուսումնական հաստատություններում դնել կառավարման բարեփոխման խնդիրը, որ մասնավոր բուհերը կախված չլինեն բուհի սեփականատիրոջից»:
Արմեն Աշոտյանն ակնարկեց, որ ԲՀԿ պատգամավորը հրապարակախոսական պաթոսից դուրս գա եւ ուսանողների խնդիրները լուծելու համար դրան նպաստող օրենսդրական նախաձեռնություններին կողմ քվեարկի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ