Վերջերս մամուլում հաճախ են տեղեկությունները, որ մայիսին կառավարությունում նախատեսվում են լուրջ փոփոխություններ: Դրանց շրջանակներում, նշվում է, որ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կգործուղվի եվրոպական երկրներից մեկը`դեսպանի պաշտոնում: «Ասեկոսեներ և բամբասանքներ մեկնաբանելու նպատակահարմարություն չեմ տեսնում, անտեղի ժամանակի կորուստ է: Իսկ թե ով որտեղ կհայտնվի քաղաքական որոշակի լուծումների պայմաններում, գիտեք, եթե երկրի նախագահը որոշում է կայացնում, բնական է, որ հենց այդպես էլ կլինի: Բայց կարծում եմ, որ բոլոր այդ հրապարակումները, հատկապես վերջին ժամանակաշրջանի, բամբասանքի ոլորտից են»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այդ հարցին, ասաց Հովհաննես Մանուկյանը:
«Կարծում եմ, որ բամբասանքը այն դաշտն է, որտեղ մեր մամուլի միջոցները պակաս չեն զգում»,- թեման եզրափակեց Հովհաննես Մանուկյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ