«Հարցի հասցեատերը ես չեմ, նախագահն է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին`համաներում կլինի՞, ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Նա տեղյակ չէ`կլինի՞ համերում, թե՞ ոչ: Ըստ նախարարի, նախագահը համաներում իրականացնելու մասին հանձնարարություն չի տվել: Սակայն դա դեռ չի նշանակում, որ մինչև մայիսի 5-ը, երբ կայանալու է ԱԺ արտահերթ նիստը և ենթադրվում է, որ համաներման հարցը կներկայացվի օրենսդիրներին, այդ հանձնարարությունը չի լինի:
Լրագրողներից մեկը տարակուսեց, որ մեր երկրում հաճախակի են լինում համաներումներ: Նախարարը պատասխանեց, որ համաներման ինստիտուտը կապ չունի դատական համակարգի արդյունավետության հետ. «Աշխարհում, իհարկե, համաներման տարաբնույթ պրակտիկա է կիրառվում: Ավելի շատ ակցենտավորում են պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը, որը ավելի շատ անհատականացման էլեմենտներ է պարունակում, թե ինչպես է ուղղվելու մարդը, արդյոք հասարակական վերասոցիալիզացիան արդյունավետ կարող է ընթանալ, թե ոչ: Բայց չի կարելի ասել, որ որևէ մոդել բացարձակ ճիշտ է կամ սուտ: Մեզ մոտ հազվադեպ չեն համաներումները, բայց ես հակված եմ ոչ թե քննարկելու համաներման արդյունավետությունը, կամ որ հաճախ է կիրառվում, այլ ես մտահոգ եմ վաղաժամկետ ազատման ինստիտուտի կատարելագործմամբ»:
Հարցին, արդյոք Ժիրայր Սեֆիլյանի գործն ուսումնասիրե՞լ է և Սեֆիլյանին համարո՞ւմ է քաղբանտարկյալ, նախարարը պատասխանեց, որ գործի ուսումնասիրությունն իր իրավասությունների մեջ չի մտնում. «Ես իրավունք չունեմ գործը ուսումնասիրել կամ որևէ փաստաթուղթ ուսումնասիրել: Դա նախաքննության մարմինների իրավասությունն է: Քաղբանտարկյալ հասկացության հետ համաձայն չեմ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ