Ապրիլի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել Հայրենական Մեծ պատերազմի տոնական միջոցառումների շրջանակում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կազմակերպած երկրորդ աշխարհամարտի վետերանների մեծարման ցերեկույթին:
Մեծարման ցերեկույթից առաջ նախ բժշկական համալսարանի բակում Հայրենական պատերազմին նվիրված հուշակոթողի մոտ ներկաները հարգանքի տուրք մատուցեցին պատերազմի ընթացքում զոհված հայորդիների հիշատակին: Իսկ համալսարանի դահլիճում կազմակերպված ցերեկույթը մեկնարկեց բուհի ռեկտոր Միքայել Նարիմանյանի ելույթով, որից հետո խոսք տրամադրվեց Հայաստանում ՌԴ դեսպանության դեսպանորդ Անդրեյ Իվանովին: Ելույթով հանդես եկավ նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց 2015 թվականին հայ ժողովրդի համար երկու նշանակալի իրադարձությունների՝ Հայոց Մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցին և Հայրենական պատերազմում խորհրդային ժողովուրդների՝ այդ թվում հայ ժողովրդի մասնակցությամբ տարած հաղթանակին՝ կարևորելով այդ նվաճման գործում հայ զինվորական բժիշկների ունեցած ներդրումը:
Միջոցառման բանախոսները ներկայացրին նաև հայ բժիշկների՝ Հայրենական պատերազմում ունեցած մասնակցության մասին համառոտ ակնարկ, որից հետո ՀՀ առողջապահության նախարարության կողմից պատերազմի վետերան բժիշկներն արժանացան պատվոգրերի, իսկ բուհի ռեկտորի կողմից՝ համալսարանի ոսկե մեդալի: Պարգևներ հանձնվեցին նաև «Առողջապահության կազմակերպիչների ասոցիացիա» առողջապահական հասարակական կազմակերպության կողմից: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անձնվեր ծառայության համար գերատեսչական մեդալներ հանձնեց երկրորդ աշխարհամարտի մասնակից Հայրենական պատերազմի մասնակից վետերան բժիշկներին:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ