«Կովկաս» ինստիտուտում փորձագետները ամփոփեցին, թե ինչ տվեց մեզ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
ԵՊՀ պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանն այս առիթով նշեց. «Հարյուրամյա տարելիցի կարևոր նշանակությունն այն է, որ շատ մարդիկ հիշեցին ու հպարտացան իրենց ինքնությունով»: Դավիթ Հովհաննիսյանը կարծում է, որ ականատես եղանք, թե ինչպես կարող ենք աշխարհն ավելի լավը դարձնել՝ միասնական լինելով:
Պարոն Հովհաննիսյանը որպես սկզբունքային հարց բարձրացրեց այն, թե ինչ ենք թուրքերից պահանջելու և արդյոք դա անելու է պետությո՞ւնը: Ըստ պրոֆեսորի՝ պետք է իրատես լինել ու ընդունել, որ ՀՀ-ն այժմ նման ռիսկերի չի կարող գնալ: Դավիթ Հովհաննիսյանը մտահոգված է այն խոսակցություններից, որոնց համաձայն՝ անգամ հեղինակավոր գործիչներ կարծիք են հայտնում, թե երբ մեր հողերը վերադարձնեն, մենք այնտեղից դուրս կհանենք այն ժողովրդին, որոնք ապրում են, ինչպես դա արեց Գերմանիան:
Դավիթ Հովհաննիսյանի կարծիքը միանշանակ չէ նաև Արամ Կաթողիկոսի ներկայացրած հայցի վերաբերյալ: Նշենք, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Թուրքիայի Սահմանադրական դատարան հայց է ներկայացրել Սիսի պատմական կաթողիկոսարանը վերադարձնելու պահանջով: Այս առիթով ԵՊՀ պրոֆեսորը նկատեց. «Արամ Կաթողիկոսի հայտարարությունից հետո Քառասուն մանկանց վանքը Հալեպում պայթեց: Մենք նման քայլերով առանց այդ էլ վտանգավոր համայնքները նոր հարվածների տակ դնելու իրավունք ունե՞նք, թե՞ ոչ»:
Կարդացեք նաև
Այնուհետև պարոն Հովհաննիսյանը քննադատեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի` SOAD խմբի տղաների հասցեին հնչեցրած հայտարարությունները՝ որպես հակակշիռ նշելով, որ նման պահվածք ունենալու փոխարեն պետք է լուրջ, մտածված գործիքների օգտագործմամբ պետական քաղաքականություն վարել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հալէպի Ս. Քառասնից Մանկանց եկեղեցւոյ տարածքը ռմբակոծելու վատ արարքը Ցեղասպանութեան 100-ամեակին առիթով հնչած հայկական պահանջատիրութեան ընդհանրապէս, եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի կողմէ առաջ քաշուած Սիսի Կաթողիկոսարանապատկան կալուածներուն վերաբերող դատական հայցին հետ ուղղակի կապելու նշմարներու հեղինակները պէտք է ծանօթանան անզուքական Յեղափոխական եւ մտաւորական՝ Քրիստափոր Միքայէլեանի ՝՝Ամբոխային Տրամաբանութիւնը՝՝ աշխատութեան հասկնալու համար, որ առկախ մեր արդար պահանջատիրութեան քայլերէն՝ թշնամին պիտի շարունակէ հարուածել մեզ ջլատելու համար մեր ոյժերը:
Յայտարարել, որ հայկական ազգային պահանջատիրութեան ձայնին ուղղակի հակահարուած էր Հալէպի Ս. Քառասնից Մանկանց եկեղեցւոյ տարածքը ռմբակոծելու վատ արարքը, համազօր է այդ արարքին պատասխանատուութիւնը բեռցնել հայկական պահանջատիրութիւնը բարձրաձայնողերուն վրայ:
Այդ տրամաբանութիւնը սխալ էր երէկ, սխալ է նաեւ այսօր:
Եկէ՛ք ջուր չլեցնենք այդ տրամաբանութեան ջրաղացին:
Մ.Մ.