Լրահոս
Օրվա լրահոսը

«Մշակույթի նախարարությունում դեռ մի բան էլ ինձ են հարցնում՝ շենքից ի՞նչ կա». Ժիրայր Դադասյան

Ապրիլ 29,2015 16:54

«Ոչ մի բացատրություն չկա, թե ինչու չի լուծվում Մնջախաղի թատրոնի շենքի հարցը: Մեզ մեծ շենք հարկավոր չէ՝ հարյուր տեղանոց դահլիճ, օժանդակ տարածքներ. լրիվ բավական է: Կենտրոն համայնքում երեք-չորս սենյականոց բնակարանի գնով կարելի է կառուցել մնջախաղի թատրոն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

Նրա համար անհասկանալի է մնում, թե ինչպես կարող է թատրոնի եզակի ժանրերից մեկը՝ մնջախաղը, տարիներ շարունակ թատրոնի շենք չունենալ: Նույնիսկ առաջարկներ, բացատրություններ չի ստանում:

«Թատրոնի շենքի կառուցման հարցում շահագրգիռ է նաև քաղաքաշինության ներկայիս նախարարը, իսկ ես էլ ատյան չի մնացել, որ չդիմեմ այդ հարցով, բայց, միևնույն է, ոչ մի տեղաշարժ չկա: Մշակույթի նախարարությունում դեռ մի բան էլ ինձ են հարցնում՝ շենքից ի՞նչ կա»,- ասում է Ժ. Դադասյանը:

Թատրոնը, սակայն, շենքը չէ, ինչպես ասում է Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը, և իրենք ակտիվորեն աշխատում են՝ չնայած «ոչ թատերական» պայմաններին:

«Կարող եմ ասել, որ մեր թատրոնն ամենաշատն է հյուրախաղերի գնում և դրսում հայկական թատերարվեստը ներկայացնում: Հիմա էլ պատրաստվում ենք Թբիլիսի գնալ, իսկ աշնանը՝ Մեքսիկա»,- ասաց Ժ. Դադասյանը:

Նրա խոսքով՝ ժամանակակից մնջախաղի ժանրը քաղաքային մշակույթի տեսակ է, և եթե իրենք իրենց տարածքն ունենան մայրաքաղաքի կենտրոնական հատվածում, ապա Երևանի կենտրոնական փողոցները «կենդանի քանդակների պողոտայի» կվերածեն՝ ստեղծելով առանձնահատուկ քաղաքային միջավայր ու տրամադրություն:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930