ԱԺ-ում շարունակվում է «Ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու մասին ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ստորագրված համաձայնագրի» վավերացման հարցի քննարկումը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանին հարցրեց. «Ինչո՞ւ ատոմակայանի գործող տարիֆը՝ 11 դրամը, չի ներառում ներդրումները անվտանգության ուղղությամբ եւ ինչո՞ւ է անհրաժեշտ դրա համար պարտք վերցնել»:
Հրանտ Բագրատյանը կոնկրետ ամսաթվով հիշեցրեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի հայտարարությունը. «Համաձայն, Ռոբերտ Նազարյանի հայտարարության, էլեկտրաէներգիայի գործող տարիֆներում ինվեստիցիոն բաղադրիչներն ամբողջությամբ նախատեսված են: Հայտարարությունն արվել է 1 տարի առաջ՝ ԱԺ-ում, երբ էլեկտրաէներգիայի սակագինը 38 դրամից դարձնում էին 41.85 դրամ»:
Արեգ Գալստյանը պատասխանեց, որ կապիտալ վերանորոգման համար ծախսեր անհրաժեշտ են լինում. «Ե՛վ ընթացիկ, ե՛ւ կապիտալ վերանորոգման համար ծախսեր են արվում: Իսկ ժամկետի երկարաձգման ծախսերը միանշանակ սակագնի մեջ չէր կարող ներառված լինել»:
Կարդացեք նաև
Հրանտ Բագրատյանն անկեղծացավ. «Մենք նոր բլոկ ենք գործադրում, գիտեք ինչքան նրբորեն եմ վերաբերվում ատոմակայանին՝ ինչ-որ տեղ համարելով իմ զավակը: Որովհետեւ հենց ես եմ ընդունել այդ որոշումը՝ առաջին անգամ աշխարհում վերաշահագործել ատոմակայանը: Դա մեծ ռիսկի որոշում էր: Հրանտ Բագրատյանն ասաց, որ Լեհաստանում ոչ ավանդական էներգետիկայով արդեն 3 քաղաք են հանձնել: Նա առաջարկեց ուշադրություն դարձնել ոչ ավանդական էներգետիկայի վրա:
Այդ առնչությամբ Արեգ Գալստյանն ասաց, որ դեռ 2000-ից հաշվարկներ է արել, իսկ մարդիկ այդ ծրագրերի մեջ ուտոպիա են տեսել. «Նախատեսված է, որ մենք լայնածավալ աշխատանքներ պետք է սկսենք էլեկտրոտրանսպորտի մասնաբաժինն ավելացնելու համար: Ջրածնային էներգետիկայի զարգացման առումով ծրագիր ենք ուսումնասիրում, տեսնենք՝ կարո՞ղ ենք այստեղ անել, թե՞ ոչ»:
Հրանտ Բագրատյանը նաեւ հետաքրքրվեց՝ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու համար վարկն ինչո՞ւ է վերցնում ՀՀ-ն, մեր պետությունը, այլ ոչ թե ատոմակայան ձեռնարկությունը:
Փոխնախարարը պատասխանեց, որ վարկը պետությունն է վերցնում իր երաշխիքով, բայց վերադարձնում է ատոմակայանը՝ սակագնի մեջ արտացոլելով: Ատոմակայանի վարկը միայն պետական երաշխիքներով կարող է տրամադրվել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ