Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ վտանգ չկա, եթե ատոմակայանի սեփականատերերը լինեն նաեւ մասնավոր, բացի պետությունից». Փոխնախարար

Ապրիլ 29,2015 16:20

«Գաղտնիք չէ, որ ատոմակայանը միայն էլեկտրաէներգիա արտադրող կառույց չէ, ռազմավարական օբյեկտ է: Ուսումնասիրե՞լ եք, թե ատոմակայանում մինչեւ այս պահը որքան արդյունավետ են ծախսվել գումարները: Արդյոք ատոմակայանը սեփական միջոցներից ներդրումներ է արել վերազինման համար մինչեւ այսօր»,- այսօր ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու մասին ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ստորագրված համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ Խաչատուր Քոքոբելյանն այս հարցն ուղղեց էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանին:

Նա դժգոհեց, որ կառավարությունը համաձայնագիր է բերել, որտեղ միայն հարցականներ են եւ անորոշություն. «Հայտնի չէ, թե ինչ չափի գումար է անհրաժեշտ, հայտնի չէ, թե տեխնիկական տվյալները կհամապատասխանեն, թե չէ, արդյոք ծրագիրը նպատակահարմար կլինի, թե՞ ոչ: ԱԺ-ին ներկայացնելու համար գոնե սա պետք է որոշակիացվեր եւ հստակ թիրախավորված ներկայացնեինք, թե որ ծախսերն ինչի համար է նախատեսված: Հակառակ դեպքում տպավորություն է, թե կա անհրաժեշտություն երկարաձգելու եւ առանց խորանալու մի փաստաթուղթ եք ներկայացրել, որտեղ որոշակի միայն մի բան կա՝ շատ անորոշ է ամեն ինչ»:

Արեգ Գալստյանը պատասխանեց. «Ուրեմն ես հստակ չեմ ձեւակերպել իմ մտքերը, եթե այդպիսի տպավորություն է: Այդ ծրագիրը մանրակրկիտ ուսումնասիրել ենք, ներառել այն միջոցառումները, որոնք մենք պետք է կատարենք: Օրինակ, էլեկտրական ենթակայանը պետք է ամբողջությամբ վերազինենք, հստակ դա գիտենք: Մոտավոր արժեքը կա, փորձը կա: Այդ 270 մլն-ի տակ կան բազմաթիվ միջոցառումներ, որոնք պետք է իրականացվեն: Օրինակ, ռեակտորի մետաղի զննության մասնագետին որքան ենք վճարելու, դա հստակ գիտենք: Պետք է պարտադիր հովացուցիչ աշտարակների մոդեռնիզացիա կատարենք, ունենք խնդիր չափիչ սարքերի եւ կարգավորող սարքերի հետ կապված: Մենք միանշանակ գիտենք ինչ պետք է անենք»:

Ինչ վերաբերում է ատոմակայանի ներդրումներին՝ սեփական միջոցներից՝ փոխնախարարն ասաց. «Մեզ դոնորներն օգնել են, որ մենք անվտանգության մակարդակը բարձրացնենք, մոտ 110 մլն դոլար է ծախսվել: Դա ուղղակի չի ծախսվել, գնահատականը կա, աշխատանքն իրականացվել է: Միայն ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտը մոտ 50 մլն դոլարի այդպիսի աշխատանքներ է կատարել: Ատոմակայանը ավելի համեստ, բայց ինքն էլ իր կողմից գումար դրել է՝ աշխատանքների իրականացման համար: Հիմնականում այդ աշխատանքները կատարվել են բավականին արդյունավետ»:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ հարցրեց բնակա՞ն ճանապարհով է վերանորոգման խնդիր առաջացել ատոմակայանի 2-րդ էներգաբլոկում, թե՞ ապաշնորհ կառավարման: Արեգ Գալստյանը պատասխանեց. «Ատոմակայանի սակագնում ներառված են միայն այն հոդվածները, որոնք անհրաժեշտ են՝ բնականոն շահագործում ապահովելու համար: Այլ գումարներ այնտեղ, բացի ընթացիկ վերանորոգումների եւ կապիտալ վերանորոգումների, այլ շռայլություններ մենք մեզ չենք կարողացել թույլ տալ»:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ հետաքրքրվեց ատոմակայանը սեփականաշնորհելու խնդրով: Նա ասաց, որ գործող ատոմակայանը պետք է պետական մնա, այլ բան, որ նոր կառուցվող ատոմակայանը մասնավոր բաժնեմասով լինի:

Արեգ Գալստյանը հայտարարեց. «Նոր ատոմակայանի բլոկի կառուցման հարցի ժամանակ առաջարկվել է թույլ տալ, որ մասնավոր ընկերությունները կարողանան մասնակից լինեն: Ես համամիտ եմ: Որեւէ վտանգ չկա, եթե ատոմակայանի սեփականատերերը լինեն նաեւ մասնավոր, բացի պետությունից: Այն իրավիճակում, որ մենք գտնվում ենք, թվեր ասեմ, եթե 10 մեգավատանոց բլոկ ենք կառուցելու, շուրջ 5 մլրդ դոլարի մասին է խոսք գնում: Եթե պետությունն է ուզում կառուցի, կամ պետք է իր միջոցն ունենա, կամ վարկային միջոցներ ձեռք բերի: Մենք նման բան չենք կարող մեզ թույլ տալ, ակնհայտ է, որ պետք են ներդրումներ, մասնավոր սպեկտր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930