Վաղը Մոսկվայի տանը տեղի կունենա Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակին նվիրված հուշ-երեկո, որի նախաձեռնողը Մոսկվայի տունն է, և դրա վրա պետական գումարներ չեն ծախսվել:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը: Նրա փոխանցմամբ՝ Կրկեսը տարին ենգիբարյանական է հռչակել. Ենգիբարյանի 80-ամյակին նվիրված միջոցառումների շարքն իրենք սկսել են դեռ հունվար ամսից, և երկու շրջիկ թատերախմբերով Հայաստանի բոլոր մարզերում Ենգիբարյանի նովելների հիման վրա ներկայացումներ են բեմադրում:
«Ենգիբարյանը որքան կրկեսինն է, նույնքան էլ մնջախաղինն ու գրականությանն է,- ընդգծեց Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը,.- նրա կերպարն այնքան սիրելի է ժողովրդին, որ անունն անգամ լսելիս մարդկանց դեմքին ժպիտ է առաջանում: Մենք ուղղակի պարտավոր ենք հանրահռչակել նրան թե´ դրսում, թե´ ներսում»:
Ժ. Դադասյանը վստահ է, որ սեպտեմբերին պետական մակարդակով (ինչպես կանխավ որոշվել է) կտոնվի Ենգիբարյանի հոբելյանը, քանի որ նման հոբելյանը, ըստ պարոն Դադասյանի, չենք կարող շրջանցել:
Կարդացեք նաև
«Ճիշտ է, սա պայմանական հոբելյան է, քանի որ մեր երազի մեջ Ենգիբարյանը միշտ երիտասարդ կմնա, բայց պետք է կարողանանք այն պատվով նշել»,- շեշտեց Ժ. Դադասյանը:
Ի դեպ, վաղը կայանալիք միջոցառման մուտքն ազատ է լինելու:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ