Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն այսօր ամփոփել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Նրա տպավորությամբ, կազմակերպչական մասով փայլուն էր:
«Մեր ցավը դուրս եկավ ազգային շրջանակներից: Մի ազգ ենք, որի պատմության մեջ ոչ միայն 1915 թվական է եղել` ցեղասպանություն, այլեւ Սարդարապատ, Բաշ Ապարան, ղարաբաղյան շարժում… հաղթանակներ: Այսինքն, միավորվել կարելի է ոչ միայն ողբի ու պարտության շրջանակներում, այլեւ` հաղթանակի»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Ռուբեն Բաբայանը:
Նրա խոսքով, Հռոմի պապը իր գնահատականներով ցույց տվեց, թե հայերն ինչ ազգ են. «Մենք Գրիգոր Նարեկացու ազգն ենք, մի ազգ ենք, որն իր տեղն ունի քաղաքակիրթ աշխարհում: Նա մեր ողբերգությունը չառանձնացրեց ու եւս ողբերգություններ բերեց ու դրանով եւ մեր ողբերգությունը դարձրեց համաշխարհային երեւույթ: Ցեղասպանությունն էլ ինչքան ուղղված լինի կոնկրետ ազգի, ռասային, այն համարվում է ոճրագործություն մարդկության հանդեպ»:
Ռուբեն Բաբայանը հայկական հարցում դրական առաջընթաց համարեց նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի` կաթողիկոսությանը պատկանած պատմական կալվածքների պահանջատիրության հարցի բարձրացումը. «Նա անցավ իրավական հարթություն, որովհետեւ միայն քաղաքական հայտարարությունները կսպառեն իրենց: Եթե նոր էլեմենտ չմտցվի, մարդիկ շուտ կհոգնեն, որովհետեւ նոր բան է պետք: Եթե ուզում ենք` այն, ինչ պահանջում ենք, իրականանա, պարտավոր ենք հարցը տեղափոխել իրավական հարթություն»:
Կարդացեք նաև
Նրա համոզմամբ, հիմա Հայաստանն իր քաղաքական ողջ ուժը պետք է ուղղի Թուրքիայի հետ սահմանները բացելուն. «Սահմանների բացումը մեզ պետք է օդի պես: Փակ սահմանները ցեղասպանության շարունակությունն են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ