Ամենայն հավանականությամբ, մինչև 2016 թվականի վերջ կբացվի Երևանի կրկեսը:
Այս պահին մասշտաբային շինարարական աշխատանքներ են ընթանում, որոնք, ըստ Կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի, ավարտին կհասցվեն մինչև եկող տարի:
Սոս Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նորակառույց շենքը լիովին համապատասխանելու է նման կառույցների համար սահմանված միջազգային բոլոր չափանիշներին:
Հարցին՝ արդյոք ո՞րն է պատճառը, որ շինարարությունն այդքան ձգձգվում է, Սոս Պետրոսյանը պատասխանեց. «Ես ձեզանից շատ եմ ուզում, որ շուտ բացվի, բայց մի քիչ էլ համբերեք: Ջրահեռացման աշխատանքների համար ահագին ժամանակ էր պետք: Մի ամբողջ տարի կրկեսի տակը լիճ էր»:
Կարդացեք նաև
Ս. Պետրոսյանի խոսքով՝ շատերին թվում է, որ եթե կրկեսը փակվել է, ուրեմն Հայաստանում կրկես չկա. «Մեր բոլոր դերասանները, կենդանիներն այժմ արտասահմանյան շրջագայության են: Կրկեսը թատրոնից տարբերվում է նրանով, որ կոնտրակտային համակարգ է գործում՝ մի քանի ամիս մի խմբի հետ ենք պայմանագիր կնքում, հաջորդ մի քանի ամիսը՝ մյուսի: Երբ կրկեսը պատրաստ լինի, կհավաքենք նրանց: Իսկ ինչ վերաբերում է կադրերին, մենք գործող ստուդիա ունենք, և այդ հարցը լուծվում է»,- շեշտեց նա:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ