«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը ապրիլի 29-ին ներկայացրեց իր կողմից հրատարակած երրորդ ձեռնարկը՝ «Կիբերտիրույթ. Տեղեկատվական անվտանգություն եւ իրավունք»:
Ձեռնարկի հեղինակներն են իրավաբաններ Արա Ղազարյանը, Սարգիս Դարբինյանը եւ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Շնորհանդեսի ընթացքում «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Դեհերյանն ասաց, որ ձեռնարկը հրատարակվել է «Ազատ, վստահելի եւ անվտանգ առցանց տեղեկատվություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում: Այդ ծրագրի շրջանակներում հասարակական կազմակերպությունը նաեւ դասընթացներ է անցկացրել, պատրաստել է «Համացանց եւ իրավունք» էլեկտրոնային տեղեկագիրը. «Մեր դասընթացներին մասնակցեցին նաեւ մարզային լրագրողներ նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «2014 թվականին իրականացված այս ծրագրի ընթացքում ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների մոտ 60 ներկայացուցիչներ կարողացան ստանալ մեր փորձագետների գիտելիքները»:
Գրքում տեղ է գտել նաեւ «Առցանց անվտանգության կանոնների պահպանում Հայաստանին» թեմայով հարցումը: Հարցմանը մասնակցել է Հայաստանի լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության 50 ներկայացուցիչ: Պարզվել է, որ նրանցից 30 հոգին օրվա ընթացքում համացանցից օգտվում է միջինը ութ ժամ եւ ավելի, իսկ մնացածը՝ մինչեւ հինգ ժամ, Սուրեն Դեհերյանը նկատեց, որ այդ ցուցանիշը աճման միտում ունի:
Կարդացեք նաև
Նա ընդգծեց, որ բոլոր հարցվածները անձնական էջեր ունեն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որից հետո լրագրողների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մոտ առավել հայտնի են «Google +» եւ «Վկոնտակտե» սոցիալական ցանցերը: Հարցվածներից 46-ը էլեկտրոնային հասցեներ ունեն «Gmail»-ում, որին հաջորդում է «Mail.ru»-ն եւ կորպորատիվ էլեկտրոնային հասցեները:
Հարցվածների 50 տոկոսը նշել է, որ սարքերից տեղեկատվական կորուստ չի ունեցել, մյուսը 50 տոկոսը նշել է, որ ունեցել է, նրանցից 24 տոկոսը նշել է, որ կասկածում է՝ ունեցե՞լ է, թե՞ ոչ, իսկ 26 տոկոսը վստահ է, որ ունեցել է: Մասնակիցների 78 տոկոսի սարքերում վիրուս է հայտնաբերվել, 12 տոկոսը համոզված չէ, թե սարքերում վիրուս ունեցե՞լ է, թե՞ ոչ, իսկ 10 տոկոսը վստահ է, որ չի ունեցել:
Aravot.am-ը Սամվել Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով՝ հայ լրագրողները եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հասե՞լ են այն մակարդակին, որ համացանցից անվտանգ օգտվեն, նա պատասխանեց՝ շատ քչերը. «Այստեղ նաեւ հարցը նրանում է, որ լուրջ վտանգներ չեն սպառնացել, եթե Հայաստանում լրագրողին վտանգ է սպառնում դա կիբեր անվտանգությունից չէ, դրանք ավելի շատ օֆֆլայնային են, հաստ վզով եւ մեծ փորով, քան հաքերային: Բայց կարծում եմ, որ այն լրագրողները, որոնք ադրբեջանական հարցերով են զբաղվում, նրանք ավելի շատ են վտանգված եւ ավելի ուշադիր են անվտանգության հարցում, քան այլ լրագրողները; Կարծում եմ՝ այստեղ իրավիճակը կարող է փոխվել, որովհետեւ ցանցում հետապնդումները պետության մենաշնորհից դուրս են եկել եւ արդեն մասնավոր կազմակերպություններ կան, որոնք պատվերով կարող են հետեւել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ