«Ատոմակայանի հետ կապված ամիսներ առաջ լրջագույն սկանդալներ եղան՝ չարաշահումների համար ձերբակալվեց փոխտնօրենը: Նախարարությունը հաշվարկներ արե՞լ է, թե այդ ոլորտում որոշ բարձրաստիճան պաշտոնյաների չարաշահումների արդյունքում ինչքան վնաս է հասցվել պետությանը: Ես չարաշահումը մեղմ եմ ասում: Պետությանը հասցված վնասն ի վերջո հատուցում է ՀՀ քաղաքացին, հարկատուն»,- այսօր ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու մասին ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ստորագրված համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այս հարցն ուղղեց էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանին:
Փոխնախարարը պատասխանեց, որ աշնանը կատարված այդ դեպքի նախաքննությունը դեռ շարունակվում է, ուստի չեն կարող դեռ գնահատական տալ, թե ինչ չարաշահումներ են կատարվել, ինչ ծավալով եւ ինչ վնաս է հասցվել: Իրոք, խոսքը փոխնտնօրենի մասին է գնում, հիմա ես որեւէ գնահատական տալ չեմ կարող:
Նաիրա Զոհրաբյանի դիտարկմամբ, մեր երկրում վաղուց ժամանակն է, որ հանրությունն իմանա, թե ինչ լուրջ չարաշահումներ են եղել ատոմակայանում. «Կոնկրետ մարդիկ պետք է ստանան իրենց կոնկրետ պատիժը: Մեկը կես մլն դոլարով 2 բիոզուգարան բերեց, որն այսօր որպես մետաղի ջարդոն մի անկյունում շպրտված է, մի ուրիշը վարկային ծրագիր բերեց, հետո պարզվեց, որ ծախսվել է ընդամենը մի քանի դասախոսություն կարդալու վրա: Ի վերջո, մեր երկրում պիտի՞ գործի հստակ պատասխանատվության ինստիտուտ: Ոչ թե մարդիկ կատարեն հանցագործություն՝ ներվի դա նրանց կամ գնան ուրիշ երկիր՝ վայելելու իրենց հանգիստը՝ այսպես ասած կոմֆորտ պաշտոնով»:
Նա նաեւ մտահոգություն հայտնեց, որ փոխնախարարը կասկածել էր ծրագրի արդյունավետությանը եւ ասել, որ հաշվարկներ դեռ չեն արվել, 100 տոկոսով չի կարող երաշխիք տալ, որ ծրագիրը կաշխատի եւ մինչեւ 2026-ը ատոմակայանը կշահագործվի:
Կարդացեք նաև
Արեգ Գալստյանը պատասխանեց. «Միանշանակ դուք ճիշտ եք: Մենք գումարները կվերցնենք, գումարի ծավալը կորոշվի միայն առաջին էտապից հետո: Մոտ 1-1.5 տարվա ընթացքում մենք կհասկանանք, թե ինչ իրավիճակում ենք գտնվում: Հիմնականում մետաղի վիճակն է, ռեակտորի վիճակը: Եթե նորմալ կլինեն, մինչեւ 270 մլն դոլար ռեսուրս կվերցնենք: Ռուսական ընկերությունների փորձ կա, իրենք 3 էներգաբլոկում նման աշխատանքներ են կատարել, երկարաձգել ժամկետը: Նմանատիպ էներգաբլոկ է, մեր շահագործման ժամկետը մի փոքր քիչ է եղել, դրա համար ակնկալում ենք, որ մի քիչ քիչ գումարով հնարավոր է ծրագիրն ավարտենք:
Նաիրա Զոհրաբյանը նաեւ կոնկրետ հարց ուղղեց փոխնախարարին՝ համառորեն լուրեր են շրջանառվում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին: Բարձրանալո՞ւ է, թե՞ ոչ, որովհետեւ սոցիալական կատաստրոֆիկ վիճակում գտնվող ՀՀ քաղաքացու համար այսօր սա թիվ 1 հարցերից մեկն է:
Արեգ Գալստյանն էլ պատասխանեց, որ սակագների բարձրացումը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է որոշում. «Հանձնաժողովը, ստանալով հայտեր շուկայում մասնակից ընկերությունների կողմից, ինքն է որոշում այդ առաջարկությունները բավարարել, թե չբավարարել: Այդ հայտերի հիման վրա իրենք մարժային տարվա համար որոշում կընդունեն: Կբարձրացնեն, թե ոչ՝ ես հիմա չեմ կարող ասել: Ամեն տարի նման քննարկումներ են լինում, ամեն տարի իրենք հայտերը ստանում են, այդ թվում ներդրումային ծրագրերի հիման վրա, դրանք, պարզ է, իրենց արտացոլումն ունենում են սակագնի վրա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ