Ապրիլի 29-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների (բժիշկ-վետերանների) մեծարմանը նվիրված միջոցառում։ «Հիշում և հպարտանում ենք» խորագրով ծրագրի ընթացքում նախ ծաղիկներ խոնարհվեցին ԵՊԲՀ-ի Հաղթանակի հուշաքարի մոտ, այնուհետև պարգևներ հանձնվեցին բժիշկ-վետերաններին։
Բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը ողջույնի իր խոսքում նշեց, որ այս միջոցառմամբ մեկնարկում է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարք։ Նա ընդգծեց այն փաստը, որ 1941թ. Խորհրդային Հայաստանում ապրում էր 2 միլիոն մարդ, որից 600 հազարը մասնակցեցին Մեծ հայրենականին, նրանց թվում նաև՝ բազմաթիվ բժիշկներ։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորեց նման միջոցառումները։ Նա նշեց, որ Մեծ հայրենականի հաղթական ելքի համար մեծ ներդրում է ունեցել հայ ժողովուրդը։ §Հայ ժողովուրդը միշտ էլ մոտ է եղել ռազմական գիտությանն ու տեսությանը և հատկապես՝ ռազմական բժշկությանը։ Եվ ավագ սերնդի սխրագործություններն են, որ արտացոլվել են մեր սերնդակիցների գործողություններում՝ տանելով հաղթանակներ Արցախյան ազատամարտի ժամանակ, ազատամարտ, որի ընթացքում մեծ դերն են ունեցել նաև բժիշկները։ Պատերազմը, առանձնանալով իր դժվարություններով, դաժանություններով, այնուամենայնիվ, հնարավորություն է ստեղծում մարդկանց առանձնանալու իրենց պատրաստակամությամբ, անձնուրաց գործողություններով, և մենք այդ ժամանակահատվածում ունենում ենք հերոսներ, և այդ հերոսների ջանքերի շնորհիվ է, որ մենք կարողացել ենք հաղթել ու խաղաղություն ապահովել¦,- ասաց պաշտպանության նախարարը։
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց միջոցառմանը ներկա վետերան-բժիշկներին։ Նա ընդգծեց, որ այս տարիներին, երբ խաղաղությունը նոր արժեքավորում է ապրում, և մայիսյան տոները զուգակցված են մեր ազգի ազատագրական պայքարի ու հաղթանակի հետ, մենք ևս մեկ անգամ մեծարում ենք, գլուխ խոնարհում վետերան-բժիշկների առջև։
ԵՊԲՀ հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ Վահան Մելիքյանը հանդես եկավ «Հայ բժիշկները Հայրենական պատերազմի ժամանակ» խորագրով զեկույցով։ Նշենք, որ բժշկական համալսարանից Երկրորդ աշխարհամարտին մասնակցել է մոտ 600 հայ մասնագետ, 55-ը՝ դասախոսական անձնակազմից, զորակոչվել են ավարտական և բարձր կուրսերի վաղաժամկետ դիպլոմ ստացած մոտ 450 շրջանավարտներ։
«Հիշում և հպարտանում ենք» խորագրով միջոցառումն ուղեկցվում էր մշակութային ծրագրով։
Բժիշկ-վետերանների մեծարմանը նվիրված միջոցառումը կազմակերպել էին ՀՀ առողջապահության նախարարությունը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ն։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն