Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիայի գործով» Բաղդասարովի անունը կտա՞

Ապրիլ 29,2015 14:39

Առաջին անգամը չէ, երբ քրեակատարողական հիմնարկներից կալանավորները դատարան են բերվում ծանր առողջական վիճակով, կալանավորներին «սովորեցրած», թե ինչ ֆունկցիա պիտի իրականացնի դատարանը:

Այսպես եղավ նաեւ այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, երբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ պետք է շարունակվեր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Վիկտորյա Մալոյանի քրեական գործով նիստը: Քրեական գործը հայտնի է «Արմավիայի գործ» անվամբ:

Վ.Մալոյանը նիստը սկսելուն պես հուզվեց, լաց լինելով ասաց, թե տարիներ շարունակ սրտի արատ ունի, մի քանի օր է՝ վիճակը կտրուկ վատացել է, այսօր իրեն այցելել է բժիշկը:

«Դա նորմա՞լ է, որ ես պետք է այս վիճակով գտնվեմ դատարանում, սպասեմ մինչեւ մյուս նիստերն էլ ավարտվեն, որ ժամը 6-ին ինձ տանեն այստեղից»,-ասաց կալանավորը, որը նաեւ հայտնեց, թե իրեն ասել են՝ դատարանում թող կանչեն շտապօգնություն:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն արձագանքեց, որ դա նրանց խնդիրը չէ, եթե դատական նիստի ժամանակ ամբաստանյալը վատանա, համապատասխան միջոցներ իրենք կձեռնարկեն:

Ամբաստանյալի պաշտպանը՝ Գայանե Գրիգորյանը չէր ներկայացել դատարան, ուստի դատավորը ամբաստանյալին բացատրեց նաեւ, որ եթե սրտի արատը հնարավոր չէ «Դատապարտյալների հիվանդանոցում» բուժել, ապա պաշտպանի հետ պետք է վիճարկեն՝ դիմելով հսկող դատախազին, արդարադատության նախարարության համապատասխան մարմնին: Կալանավորը գտնվում է Կոտայքի մարզի ազատազրկման վայրում, կարող էր, ըստ դատավորի, դիմել տեղի դատարան:

Դատավորը հորդորեց հստակեցնել պաշտպանի հարցը, քանի որ հաջորդ նիստին ամբաստանյալը պետք է ցուցմունք տար:

Ի դեպ, ամբաստանյալը երկու երեխաների մայր է, ունի անչափահաս դուստրեր, որոնք գտնվում են մոր խնամքի տակ:

Նա մեկ տարի չորս ամիս է, ինչ անազատության մեջ է գտնվում:

Ըստ նրան առաջադրված մեղադրանքի, նա զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ:

Նա «Արմավիա» ՍՊ ընկերությունից ստացել է մի քանի խմբաքանակ արտոնյալ չվերթների ավիատոմսեր: Ստացված ավիատոմսերի դիմաց, ստանձնել էր իրականացնել ընկերության գովազդը:

Մեղադրանքի կողմի համաձայն, նա ոչ գործարքների, ոչ ավիատոմսերի ֆինանսական վիճակի վերաբերյալ հստակ իրավական, հաշվապահական ձեւակերպումներ չի կատարել, առանց պետական գրանցման է գործել, սակայն դրանից տեղյակ է եղել «Արմավիայի» վերնախավը հանձին Միքայել Բաղդասարովի:

Պատճառված վնասը կազմում է 21 641 537 ՀՀ դրամ:

Մեկ այլ դրվագով էլ՝ 18 ավիատոմսեր է ձեռք բերել, սակայն գումարը հափշտակել է:

Դատարան, ի դեպ, մի տուժող է միայն գալիս, որը պահանջ չունի ամբաստանյալից:

Ամբաստանյալն ունի թարգման:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930