Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էլեկտրաէներգիայի սակագինը կարող է բարձրանալ. ատոմակայանը շահագործվելու է մինչեւ 2026-ը

Ապրիլ 29,2015 14:08

Այսօր ԱԺ նիստում քննարկվեց «ՀՀ նախագահի ներկայացրած 2014-ի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին համաձայնագիրը» վավերացնելու հարցը:

Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը նշեց, որ համաձայնագրում ամրագրված է, որ աշխատանքները կատարվելու են երկու փուլով: Առաջին փուլում զննելու են հիմնական սարքավորումների իրավիճակը եւ վերլուծական աշխատանքների հիման վրա մշակվելու է երկարաձգման ծրագիրը, թե ինչքան կարժենա:

Ծրագրով նախատեսված է, որ եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի, մինչեւ 2026 թվականը ատոմակայանը կարող է աշխատել:

ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը հարց ուղղեց փոխնախարարին. «Աղմկահարույց դեպքեր են տեղի ունեցել ատոմակայանի շուրջ՝ որոշ ձերբակալություններ: Կուզենայի ճշտել, թե ֆինանսների մասով, վարկային պարտավորությունների մասով ՀՀ-ն ի՞նչ պարտավորություններ է վերցնում»:

Փոխնախարարը պատասխանեց. «Քանի որ մեզ չհաջողվեց նոր էներգաբլոկի կառուցումը սկսել նախատեսված ժամկետում, մենք այս քայլը ստիպված ենք կատարել: Եթե մոտակա տարիներին չունենանք նոր էներգաբլոկ եւ գործող բլոկն էլ կանգնեցնենք, որովհետեւ շահագործման ժամկետը լրանում է 2016-ին, ապա ունենալու ենք բազիսային հզորությունների լուրջ դեֆիցիտ»:

Արեգ Գալստյանն ասաց, որ հաշվարկները ցույց են տվել, որ մինչեւ 270 մլն դոլար է պահանջվում այդ ծրագրի համար, մինչեւ 30 մլն դոլար դրամաշնորհ տրամադրվում է ՌԴ-ի կողմից. «Չի բացառվում, որ կարողանանք ավելի քիչ գումարով ծրագիրն ավարտել»:

Վահան Բաբայանը ճշտեց՝ վստա՞հ է, որ մինչեւ 2026-ը ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը կգործի, թե՞ ծրագիրը թղթի վրա միայն նորմալ կլինի: Փոխնախարարը պատասխանեց. «Մենք գործ ունենք մետաղի հետ: Բավականին սպեցիֆիկ պայմաններում է, այդ մետաղի վիճակը պետք է մանրակրկիտ զննենք: Երբ 100 տոկոսով կհամոզվենք, որ մետաղը իրոք համապատասխանում է նորմատիվներին, նոր մենք կարող ենք ծրագիրն իրականացնել»:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ անցյալ տարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ժամանակ պատճառաբանվեց, որ ատոմակայանը 88 օր նախատեսված ժամկետից ավելի կանգնել էր վերանորոգման. «Այս շահագործման ժամկետի երկարացման դեպքում հաշվարկե՞լ եք, թե քանի օր է կանգնելու ատոմակայանը եւ դա սակագնի վրա ո՞նց է ազդելու, ինչի՞ է բերելու»:

Արեգ Գալստյանը պատասխանեց. «Իրոք, 88 օր 2013-ին նախագծային ժամկետից ավելի շատ կանգնել է, բայց ոչ թե ամբողջ բլոկը, այլ կես հզորությամբ աշխատել է: Ամեն տարի մենք առնվազն 45 օրով պարտադիր կանգնացնում ենք էներգաբլոկը, որ վերանորոգում անենք, վառելիքի վերալիցքավորման աշխատանքներ: Հիմա նույն սկզբունքով ենք աշխատելու: Ամեն 3 տարի 45 օրով ենք կանգնացնում, 4-րդ տարին՝ մի քիչ ավելի շատ: Պլանային վերանորոգման ժամանակ լրացուցիչ սակագնի վրա դա բեռ չի նստելու: Բեռ կնստի միայն այս վարկային ռեսուրսները, որոնք մենք վերցնելու ենք: Խոսքը գնում է 2.5 դրամ՝ 1 ԿՎտ/ժ-ի դիմաց՝ ներառյալ ԱԱՀ-ն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930