Այսօր ԱԺ նիստում քվեարկության դրվեց կառավարության եւ ՕԵԿ պատգամավորների ներկայացրած «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Այն ընդունվեց 92 կողմ, 4 դեմ, 12 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
ԱԺ նիստում շարունակվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը: Օրենքը տարածվում է 1992-ի աշնանային զորակոչից մինչեւ 2013-ի դեկտեմբերի 1-ը զինծառայություն չանցած քաղաքացիների վրա, իսկ կառավարությունն առաջարկում է, որ ժամկետը երկարաձգեն եւ այն տարածվի մինչեւ 2014-ի դեկտեմբերի 31-ը զինծառայություն չանցածների վրա, որպեսզի 27 տարեկանը լրացածները կարողանան համապատասխան վճարումները, տույժ-տուգանքները կատարել եւ խնդիրը կարգավորել:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը խմբակցության տեսակետը ներկայացնելիս վստահեցրեց, որ այս նախագծով նպաստում են, որ հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացիները չվերադառնան մինչեւ 27 տարեկանը, սպասեն 27-ը լրանա, նոր վերադառնան, հետո որոշակի գումար մուծելով՝ ազատվեն զինծառայության պարտականությունից եւ նորից հեռանան ՀՀ-ից:
Նա մի վերլուծություն ներկայացրեց. «Համաներում սկսել է կիրառվել 1997-ից: Վերջին ակտը 2013-ին է եղել: Համաներման տեքստերում համաներումը տարածվել է 75, հիմա նաեւ 327-րդ հոդվածի վրա: Օրենսդիրը ժամանակ է տվել, որ 327 հոդվածով հետախուզման մեջ գտնվող զինծառայողները ներկայանան իրավապահ մարմիններ, նրանց նկատմամբ համաներում կիրառվի եւ մեկնեն զինծառայության: 2004-ից 4 համաներում ենք ընդունել եւ դա չի տարածվել 327 հոդվածով հետախուզման մեջ գտնվող զինծառայողների վրա, բայց տարածվել է ծանր, առանձնապես ծանր որոշ հանցագործների վրա: Օրենքը նպաստում է, որ զինծառայողը չգա ծառայության, չներկայանա իրավապահ մարմիններ, այլ արտասահմանում թաքնվի, սպասի, 27 տարին լրանա, նոր գա: Ֆորմալ կողմը թողնենք մի կողմ, որ հարուստը խուսափում է ծառայությունից : Ես կարող եմ ինչ-որ բաների վրա աչք փակել, բայց սա խայտառակություն է, մենք թույլ չենք տալիս, որ 18-27 տարեկան երիտասարդը ներկայանա նույնիսկ համաներման ակտով»:
Կարդացեք նաև
Գագիկ Ջհանգիրյանը հույս հայտնեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հնարավոր համաներման կիրառման դեպքում դա կտարածվի նաեւ այդ զինապարտ քաղաքացիների վրա. «Ոչ թե ստիպենք, որ մնան արտագաղթի մեջ, որ հետո փող մուծեն մեզ: Մենք բանակում ծառայության խնդիրը կապում ենք բանակում ինչ-որ վճարումների հետ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ