Այսօր՝ 2005 թ.-ից Հայաստանում ապրիլի 29-ը նշվում է Պարի միջազգային օրը, իսկ աշխարհում այն նշում են 1982-ից: Այդ առիթով «Զարկերակ» ակումբում ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բալետմայստեր Գագիկ Կարապետյանը եւ «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանը հանդիպեցին լրագրողների հետ:
Կարեն Գևորգյանի ասելով, այս օրը իր սիրտը հպարտությամբ է լցվում, քանի որ հայ ազգը ծնել է զավակներ, որոնք դասական պարի անմնացորդ նվիրյալներ են եղել եւ արժանի են հարգանքի: Նա հիշեցրեց, որ 1924-ին Երեւանում բացվել է պարարվեստի առաջին ստուդիան, որի հիմնադիրն էր Վահրամ Արիստակեսյանը, որն իր ամբողջ կյանքը նվիրել է ազգային պարերի բանահավաքչությունը, ինչի համար 37-ին աքսորվել է: Ի թիվս այլոց, Կարեւ Գեւորգյանը երախտավորների թվում նշեց Սրբուհի Լիսիցյանի, էդվարդ Մանուկյանի, Արտաշես Կարապետյանի եւ այլոց անունները:
Գագիկ Կարապետյանն էլ փաստեց, որ հայ պարի նկատմամբ ուշադրությունը գնալով աճում է: Նրա ասելով. «Պետական խմբերում խաղացանկային պրոբլեմ կա, այսօր պարում են պարեր, որ 25-30 տարվա վաղեմություն ունեն, մինչդեռ պարն էլ բարոյապես մաշվում է, այսօրվա ու այն ժամանակների հանդիսատեսի ընկալումները տարբեր են: Սա վերաբերում է նաեւ բալետին, նրա խաղացանկն էլ արժի թարմացնել: Մեծ ցանկության դեպքում համեստ միջոցներով էլ կարելի է անել լուրջ բեմադրություններ»:
Կարեն Գեւորգյանը նշեց, որ ամեն տարի Պարի միջազգային խորհուրդը հանդես է գալիս հայտարարությամբ, այս տարի այն առաջարկում է միավորել պարը՝ գեղանկարչության, քանդակագործության եւ արվեստի այլ ճյուղերի հետ: Նա հավելեց, որ այսօր Լոռիում անցկացվելու է «Դասական պարի այբուբենը» գրքի շնորհանդեսը, Կապանում մոմավառություն է լինելու, Սամվել Գասպարյանի նախաձեռնությամբ Գյումրիում համերգ կկայանա, իսկ Երեւանում դիպլոմների եւ շքանշանների հանձնման արարողություն: Դրանք կհանձնվեն լավագույն պարախմբերին ու անհատ պարողներին: Կարեն Գեւորգյանի խոսքով. «Այսօր պարարվեստի փրկիչներն ավելի շատ են, քան գործը շարունակողները, նոր մարդիկ եկել ու բանահավաքչությամբ են զբաղվում, մինչդեռ պարը վաղուց հավաքված է, Սրբուհի Լիսիցյանը մեզ է կտակել մի ամբողջ ժառանգություն»:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ Պարավեստի միության վարչությունը եւ քույր կազմակերպությունները միասին պատրաստվում են լուծել «Պարի մասին օրենքի» բացակայությունը, պետք է օրենքում ամրագրվի, թե ով իրավունք ունի պար դասավանդել, միջազգային բեմերում ներկայացնել մեր ազգային պարը, ինչպիսի տարազներ հագնել: «Պարախմբի ղեկավարներից շատերը ազգային տարազը դարձրել են շաքարաքլորի նման մի բան, ախր չէ՞ որ ունենք մեր գունային սիմվոլները, ազգային տարազը, տարազը մեր ժողովրդի ազգային նկարագիրն է, այն չի կարելի աղճատել»,-ասում է Կարեն Գեւորգյանը:
Նա տեղեկացրեց, որ հաջորդ տարի այս օրը կայանալու է ազգային պարի մրցանակաբաշխությունը՝ տարբեր անվանակարգերում:
Գագիկ Գինոսյանի հետ կապված խնդրին էլ անդրադարձ եղավ: Կարեն Գեւորգյանը հայտնեց, որ նամակ են պատրաստել ՀՀ նախագահին, որին կցված է բոլոր մասնագիտական հաստատությունների կարծիքը:
Մանրամասները՝ տեսանյութերում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ