ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ԵՊՀ: Նախագահը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԵՊՀ-ի կողմից հիմնված Երախտիքի ծառուղու բացման արարողությանը: Ծառուղու աջ և ձախ կողմերում տեղադրվել են Հայոց ցեղասպանության ողբերգական տարիներին և հետագայում հայապահպան, հայանպաստ գործունեություն ծավալած եվրոպացի և ամերիկացի մտավորականներից, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներից 12-ի՝ Յոհաննես Լեփսիուսի, Կարեն Յեպպեի, Ֆրիտյոֆ Նանսենի, Հենրի Մորգենթաուի, Ֆրանց Վերֆելի, Ջեյմս Բրայսի, Արմին Վեգների, Անատոլ Ֆրանսի, Յակոբ Քյունցլերի, Ռաֆայել Լեմկինի, Պիեռ Քիյարի և Ալմա Յոհանսոնի կիսանդրիները:
Սերժ Սարգսյանը կրթության ոլորտի պատասխանատուների և ԵՊՀ ռեկտորի ուղեկցությամբ այնուհետև շրջայց է կատարել համալսարանի նորաբաց «Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոն»-ում, ծանոթացել Նորարարությունների մրցակցային հիմնադրամի կողմից Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում հիմնված կենտրոնի հնարավորություններին:
Երևանի պետական համալսարանի «Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնը» հիմնվել է միջառարկայական կրթություն, հետազոտություններ իրականացնելու և գիտության առաջընթացը տարբեր ոլորտներում կիրառելի դարձնելու նպատակով: Կենտրոնի առաքելությունը կրթության, գիտության և արտադրության միջև կամուրջներ ստեղծելն է՝ հիմք ընդունելով կրթության կազմակերպման և գիտական հետազոտությունների իրականացման միջազգային արդիական փորձն ու մոտեցումները:
Շրջայցի ընթացքում Հանրապետության Նախագահին ներկայացրել են կենտրոնի լաբորատորիաների հնարավորությունները, որոնք հագեցած են գերժամանակակից սարքավորումներով: Այստեղ արդեն իսկ իրականացվում են ինչպես կիրառական, այնպես էլ հիմնարար հետազոտություններ: Կենտրոնի հետազոտական աշխատանքներում ընդգրկված են նաև ԵՊՀ բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողներ և ասպիրանտներ:
Կարդացեք նաև
Շրջայցից հետո ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 2015 թվականի անդրանիկ նիստին: Օրակարգը, թիվս այլ հարցերի, ներառել է խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունների վերաբերյալ հարցերը: Խորհրդի անդամների կողմից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվել է Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Խորհրդի քարտուղար է ընտրվել Միքայել Մալխասյանը, ում թեկնածության օգտին արտահայտվել են ինչպես խորհրդի անդամ դասախոսները, այնպես էլ ուսանողները, նշելով, որ խորհրդի քարտուղարի նոր թեկնածուն ԵՊՀ պատմության ֆակուլտետի 2-րդ կուրսի ասպիրանտ է, հեղինակ է 20-ից ավելի գիտական հոդվածների և 2 մենագրության: Նա նաև Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահն է, առիթ է ունեցել Հայաստանը ներկայացնել միջազգային գիտաժողովներում, որպես ուսանող՝ համալսարանում ակտիվ գործունեություն է ծավալում և օժտված է մարդկային բարձր հատկանիշներով:
Օրակարգի հարցերի շրջանակներում հաստատվել են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի աշխատակարգը, ԵՊՀ ռեկտորի ընտրության կանոնակարգը, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կանոնադրությունը: Նիստում խորհուրդը որոշել է հայտարարել Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար բաց մրցույթ: Հոգաբարձուների խորհրդի քարտուղարին հանձնարարվել է ԵՊՀ ռեկտորի ընտրության կանոնակարգով սահմանված կարգով և ժամկետներում ապահովել մրցույթի անցկացման մասին հայտարարության հրապարակման, թեկնածուների հայտերի և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը: Որոշվել է ԵՊՀ ռեկտորի բաց մրցութային ընտրությունը անցկացնել 2015թ. հունիսի 19-ին:
ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
օօօօօօ:):):)