Լրահոս
Օրվա լրահոսը

Կարելի է շնորհակալություն հայտնել Պոզներին, որ կարողացավ դրդել Սերժ Սարգսյանին անկեղծանալու. «Ժողովուրդ»

Ապրիլ 29,2015 11:57

Այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը եւ Հայաստանի իշխող էլիտան, հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները, կապ չունեն Հայաստանի Հանրապետության անկախության հետ, վաղուց էր հայտնի։ Բայց եթե մինչ օրս դա ընդամենը ենթադրության մակարդակի տեղեկություն էր, նախօրեին այն դարձավ կոնկրետ փաստարկված իրողություն։

Սերժ Սարգսյանն ապրիլի 27-ին հյուրընկալել էր ռուս հայտնի հեռուստահաղորդավար, գրող եւ հրապարակախոս Վլադիմիր Պոզներին եւ բավական երկարաշունչ հարցազրույց տվել։ Հարցազրույցը հիմնականում նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, սակայն հընթացս մեկ-երկու «կյանքից վերցրած» հարցեր եւս հնչեցին։ Հենց դրանցից մեկին էլ Սերժ Սարգսյանի տված պատասխանն ամբողջությամբ ախտորոշեց այս գործչի տեսակը եւ լիարժեք հասկանալի դարձրեց, թե ինչու է Հայաստանն այսօր նման ծանր կացության մեջ հայտնվել։

Պոզները մասնավորապես հարցրեց. «Ձեզ մոտ չկա որեւէ զղջում այն բանի համար, որ Խորհրդային Միությունն այլեւս չկա»։ Ուշադրություն դարձրեք՝ իրեն անկախ պետության նախագահ հռչակած գործչին հարցնում են, թե արդյոք նա չի զղջում, որ իր Հայրենիքն այլեւս օտար կայսրության մաս չի կազմում։ Թվում էր, թե առաջնահերթ պետք է կարեւորեր իր ղեկավարած երկրի Անկախությունը, եւ պատասխանն էլ այս մոտիվով պետք է լիներ:

https://www.youtube.com/watch?v=jmrVmGyFkYI

ԽՍՀՄ-ի եւ այդ երկրի կազմում հատկապես Հայաստանի հայտնվելու մասին պատկերացում ունեցող միջին վիճակագրական հայն անգամ իրեն թույլ չէր տա այնպես պատասխանել, ինչպես Սերժ Սարգսյանը, եւ նման կարծիքը հաստատ կվիրավորեր նրա ազգային արժանապատվությունը։ Չէ՞ որ Սերժ Սարգսյանը խոսում էր ոչ թե որպես ճակատագրի բերումով Անկախ Հայաստանի քաղաքացի դարձած ինչ-որ այլազգի, որը շարունակում է երազել ՌԴ քաղաքացի դառնալու մասին, այլ իբրեւ Հայաստանի Հանրապետության ղեկավար։ Այսինքն՝ նա Հայաստանի հավաքական տեսակետն էր ներկայացնում, որը, սակայն, իրականում կապ չուներ ո՛չ Հայաստանի Հանրապետության եւ ո՛չ էլ ընդհանրապես հայության հետ։

Թերեւս կարելի է շնորհակալություն հայտնել Վլադիմիր Պոզներին, որ կարողացավ դրդել Սերժ Սարգսյանին անկեղծանալու եւ խոստովանելու, որ ինքն Անկախ Հայաստանի հետ ոչ մի առնչություն չունի, եւ իր համար միեւնույն է, թե Հայաստանի Հանրապետության հետ ինչ տեղի կունենա, իր հայրենիքը այստեղից մի քանի հազար կիլոմետր հեռու է։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930