Լրահոս
Օրվա լրահոսը

Վերահսկիչ պալատը խուսափում է կոշտ գնահատականներից. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 29,2015 10:25

Ազգային ժողովի հերթական նստաշրջանի օրակարգում տեղ է գտել նաեւ Վերահսկիչ պալատի անցած տարվա տարեկան հաշվետվությունը։ Այս անգամ ՎՊ-ն փորձել է հնարավորինս խուսափել ուսումնասիրությամբ հայտնաբերված խախտումներին կոշտ գնահատական տալուց։

Անցած տարի Վերահսկիչ պալատը ուսումնասիրություն էր կատարել 9 ոլորտում։ Դրանք ներառում են էկոնոմիկան, գյուղատնտեսությունը, կրթությունը, ընդերքի օգտագործումը, ճանապարհաշինությունը, քաղաքաշինությունը, ֆինանսները եւ այլն։ Ըստ ՎՊ հաշվետվության, իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ որեւէ բողոքարկում չի եղել։ Այլ կերպ ասած, դրանք ընդունվել են վերահսկվողների կողմից։

Մտահոգիչ է իրավիճակը գյուղատնտեսության աջակցության նպատակով ներգրավված որոշ վարկերի պարագայում, որոնք մինչեւ գյուղացուն հասնելը տասնապատիկ թանկացել են։

Առանձին դեպքերում պետական աջակցության շրջանակներում արվում են հատկացումներ, որ ոչնչով հիմնավոր չեն լինում։ Դրա հետեւանքով գումարները պարզապես փոշիանում են առանց արդյունք տալու։

Անցած տարի Վերահսկիչ պալատը էկոնոմիկայի նախարարությունում ուսումնասիրել է մի շարք ծրագրեր։ Բացահայտվել են բազմաթիվ թերություններ եւ խնդիրներ, որոնք բացասաբար են ազդել ծրագրերի իրականացման ընթացքի վրա։ Սկսնակ փոքր եւ միջին բիզնեսին աջակցելու նպատակով դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսված է եղել տրամադրել 300 դրամաշնորհ, որի 50 տոկոսը՝ կին գործարարներին։ Այս պահանջը չի պահպանվել։ Ֆինանսական աջակցություն է ստացել 54 կին գործարար (ընդամենը 28 տոկոսը)։

Էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է նաեւ արտահանման խթանմանն ուղղված ծրագրեր։ Այդ նպատակով «Արդյունաբերության զարգացման հիմնադրամին» անցած երկու տարիներին տրամադրվել է 965 մլն դրամից ավել գումար, որի մի մասը պարզապես ավանդադրվել է բանկերում։

Ֆինանսական ոլորտում Վերահսկիչ պալատը ուսումնասիրություն է կատարել պետական բյուջեի մուտքերի ապահովման վերաբերյալ։ «Դիտարկման արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել»,- արձանագրել է ՎՊ-ն։ Հակառակ դրան՝ ռիսկային է համարվել ներմուծման ժամանակ ներկայացվող հաշիվ-ապրանքագրերի արժանահավատությունը։ Դրանց իսկությունը ճշտելու համար մաքսային մարմինները կատարում են հարցումներ, բայց ոչ միշտ են ստացվում պատասխաններ։
Նման խնդիրներ կան հատկապես Չինաստանից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Հնդկաստանից եւ մի շարք այլ երկրներից ներմուծումների դեպքում, որոնք կազմում են ընդհանուրի շուրջ 40 տոկոսը։ ՎՊ-ն համարում է, որ այդ փաստը բացասաբար է ազդում բյուջեի մուտքերի հավաքման գործընթացի արդյունավետության վրա։

 

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930