Հանրապետությունում համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի իրականացման արդյունքում նախատեսվում է ունենալ 14 համայնքային փունջ: Լոռու մարզից ընդգրկված է յոթ համայնք՝ Աթան, Շամուտ, Լորուտ, Ահնիձոր, Մարց, Քարինջ գյուղական համայնքները և Թումանյան քաղաքը: Նշված 14 համայնքային փնջերի համար ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությամբ Եվրամիությունը տարածքային զարգացման գործընթացներին աջակցության դրամաշնորհային ծրագրեր կիրականացնի:
Դրամաշնորհային ծրագրի առաջարկներին և պահանջներին ծանոթացնելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի, Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանի, վարչության աշխատակիցների, Եվրամիության ներկայացուցիչների, Լոռու և Տավուշի մարզերի ծրագրում ընդգրկված համայնքների ղեկավարների, հկ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ ապրիլի 28-ին հանդիպում-սեմինար էր կազմակերպվել Վանաձորի «Արգիշտի» հյուրանոցում: Ողջունելով ներկաներին՝ Ա. Գիլոյանը ներկայացրեց համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը՝ ևս մեկ անգամ հավաստելով, որ այն բխում բնակիչների շահերից, քանի որ խոշորացման արդյունքում տնտեսված միջոցներով հնարավոր կլինի այդ համայնքներում զարգացման ծրագրեր իրականացնել, այդ նպատակով ներդրումներ կկատարվեն պետական բյուջեից, ծրագրեր կիրականացվեն միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Նա մեկ անգամ ևս հավաստեց, որ խոշորացման արդյունքում փոփոխություններ կլինեն միմիայն համայնքների կառավարման ապարատներում, իսկ հանրային ծառայություն մատուցող հիմնարկները չեն օպտիլացվի:
Եվրամիության ներկայացուցիչները հանգամանորեն ներկայացրին համայնքային փնջերին առաջարկվող դրամաշնորհային ծրագրերը՝ նշելով, որ դրանք աղքատության նվազեցման, վարչական, տնտեսական, սոցիալական խնդիրների լուծման նպատակ են հետապնդում: Կարևոր պայման է, որ այդ ծրագրերը բխեն համայնքային փնջերում ընդգրկված բոլոր համայնքների շահերից: Առաջարկվող դրամաշնորհների համար, որոնց առավելագույն չափը 500 հազար, իսկ նվազագույնը՝ 300 հազար եվրո է, իսկ ծրագրի տևողությունը 2-3 տարի, կարող են դիմել ինչպես հասարակական կազմակերպություններն, այնպես էլ համայնքապետարանները: Դրամաշնորհային այս ծրագրի մեկնարկը կտրվի հաջորդ ամսվա սկզբին:
Լոռո մարզպետարան