Իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչն ասում է` ավելի լավ է քիչ աճ,
քան անկում, ու մեղադրում է միջազգային կառույցներին
Ազգային վիճակագրական ծառայությունն օրերս հրապարակեց 2015 թվականի առաջին եռամսյակի (հունվար-մարտ) տնտեսական ակտիվության ցուցանիշները: Դրանց համաձայն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ Հայաստանի տնտեսության ակտիվությունը 2.5%-ով աճել է, իսկ սույն թվականի մարտ ամսին, փետրվարի համեմատ, ակտիվությունն աճել է 13.1%-ով։ Ուշագրավ է, որ հունվար-մարտին 0.8%-ով աճել է շինարարության ծավալը` կազմելով 42.5 մլրդ դրամ։
Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 288.7 միլիարդ դրամ` նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ արձանագրելով 2%-անոց աճ։ Ծառայությունների ոլորտն աճել է 3.9%-ով (ծավալը` 254.4 միլիարդ դրամ), իսկ աճի ամենաբարձր տեմպը գրանցվել է գյուղատնտեսության ոլորտում` 4.5% (ծավալը` 74.9 միլիարդ դրամ)։ Եթե վստահենք ու հավատանք այս թվերին, աճի տեմպը, իհարկե, թույլ է, բայց ավելի լավ է` թույլ աճ, քան անկում: Միաժամանակ մեր երկրում 12 ամսվա կտրվածքով սպառողական ապրանքների գներն աճել են 5.8%-ով, սակայն միջին ամսական անվանական աշխատավարձն ավելի արագ է աճել` 9.4%-ով: Փաստորեն, կյանքը Հայաստանում այդքան էլ վատ չէ:
Ի հեճուկս ԱՎԾ-ի տվյալների` տակավին վերջերս Համաշխարհային բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսումներ հրապարակեցին` ՀԲ-ն կախատեսեց, որ Հայաստանը տարին կփակի զրո տոկոս տնտեսական աճով, ԱՄՀ-ն մեկ տոկոս աճ կանխատեսեց` ավելի հոռետեսական` զրոյական ցուցանիշը եկող տարվա տեղափոխելով: Իշխող կուսակցության պատգամավոր, ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը տարակուսանքով է վերաբերվում միջազգային կառույցների գնահատականներին: Տարեվերջյան արժութային տատանումներն, ըստ պատգամավորի, անվիճելի լուրջ ազդեցություն ունեցան տնտեսական աճի հեռանկարի առումով, ավելին, իր համոզմամբ էլ` տարին տնտեսական առումով բարդ է լինելու. «Բայց դա չի նշանակում, որ ընդհանրապես չենք կարող տնտեսական աճ ունենալ: Տնտեսական որոշակի ակտիվություն տարեվերջից սկսած, կարծում եմ, նկատելի կարող է դառնալ:
Կարդացեք նաև
Այդ տնտեսական ակտիվությունն իրեն զգացնել կտա հատկապես երկրորդ եռամսյակի ընթացքում` չնայած մեզ սպասվող դժվարություններին, քանզի ճգնաժամային երեւույթները դեռեւս չեն նահանջում, հակառակը` ավելի շատ են զգացնել տալիս»: Տնտեսական աճի տեմպը շատ կլինի, թե քիչ` մեր զրուցակիցն ասում է, որ դեռ կանխատեսելի չէ: Նաեւ հավելում է, որ միշտ չէ, որ միջազգային կառույցների հեռանկարային դիտարկումները անպայման պետք է իրականություն դառնան:
Գագիկ Մելիքյանը նաեւ մեղադրանք հնչեցրեց միջազգային կառույցների հասցեին. «Հաճախ նրանց դիտարկումները սուբյեկտիվ բնույթ են կրում, եւ այդ դիտարկումները կարող են նաեւ ոչ դրական ազդեցություն ունենալ տնտեսության աճի վրա ընդհանրապես: Դրանց մեծ մասը նաեւ հենց այդ իրավիճակով էլ իրականացվում է»: Մեր ճշտող հարցին` միտում ունեն տարբեր երկրներում տնտեսությունը քանդելո՞ւ, եւ Հայաստանի պարագայում ո՞րն է բացասական կանխատեսման շահը, մեր զրուցակիցն ասաց, որ միջազգային կառույցների գնահատականները միշտ չէ, որ իրատեսական են լինում եւ իրականության հետ աղերս են ունենում: Նա պնդում է, որ կան դիտարկումներ, համաձայն որոնց` միջազգային ֆինանսական կազմակերպություններն այս պահին տարբեր երկրներում իրենց կանխատեսումներով փորձում են բացասական ազդեցություն ունենալ տնտեսության զարգացման վրա:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած թվերը Գագիկ Մելիքյանը իրական է համարում: Դիտարկմանն էլ, որ ընդդիմադիրների պնդմամբ` դա աճ է թղթի վրա կամ թվերի մանիպուլյացիա, պատասխանում է. «Դա ընդդիմության ոճի մեջ է, սուբյեկտիվ կարծիք է»: Իշխող կուսակցության պատգամավորին հիշեցրինք, որ դարձյալ պաշտոնական տվյալների համաձայն` անցյալ տարեվերջից էականորեն նվազել են Հայաստան եկող տրանսվերները, ապրանքաշրջանառությունը նվազել է, ԵՏՄ-ից մեր ակնկալիքները դեռ արդարացված չեն, սոցիալական բեռը շատացել է եւ այլն: «Այո, ԱՎԾ-ի տվյալներն էլ հիմնավորում են ձեր թվարկածը, բայց աճ էլ կա: Համաձայն եմ` աճ էլ կա, աճ էլ: ԱՎԾ-ի ներկայացրած աճը այն աճը չէ, որը ցանկալի է, ու չեմ կարծում, որ ժողովուրդն այդ աճի արդյունքները կզգա իր վրա: Աճն այդքան մեծ չէ, ավելին` շատ փոքր է եւ իր ազդեցությունն արտահայտված ցույց տալ չի կարող»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.03.2015
«Իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչն ասում է`…Կյանքը Հայաստանում այդքան էլ վատ չէ
…«Ում է ժպտում կյանքը» կինոնկարից…