Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Թե ինչպես Էրդողանը տարանջատեց Թուրքիան քաղաքակիրթ աշխարհից

Ապրիլ 29,2015 16:00

Թուրքիայի ԱԳՆ-ն վերածվել էր 
«բողոքի» տեքստեր տիրաժավորող մի հիմնարկի

Սխալված չենք լինի, եթե արձանագրենք, որ անցած օրերը Հայաստանի համար շրջադարձային էին: Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ` միջազգային հանրության կողմից գնահատականները, աշխարհի տարբեր քաղաքներում Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով հիշատակի միջոցառումներն ու միջազգային առաջատար մամուլի արձագանքն իսկապես աննախադեպ էին:

Այսօր պատեհ առիթ է` ընդգծելու, որ Թուրքիայի իշխանություններին չհաջողվեց դիմագրավել ապրիլի 24-ից առաջ աշխարհի կողմից ըստ արժանվույն արված Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ուղերձներին, որն ուղղվեց Թուրքիայի իշխանություններին: Իսկ այն պահվածքը, որն այս օրերին դրսեւորում է պաշտոնական Անկարան, ոչ միայն մտահոգիչ է, այլեւ նույնիսկ բավական զավեշտալի:

Թուրքիայի նախագահ Էրդողանն օրերս դատապարտել է Երեւանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին Ռուսաստանի ու Ֆրանսիայի առաջնորդների մասնակցությունը. «Թե Պուտինը, թե Օլանդը չպետք է մեկնեին Հայաստան: Նախ` նրանք պետք է մտածեին սեփական պատմության սեւ էջերի մասին: Վերջինը, ով կարող է խոսել Ցեղասպանության մասին, Ռուսաստանը, Ֆրանսիան ու Գերմանիան են: Հենց Գերմանիան է սանձազերծել երկու համաշխարհային պատերազմներ, որոնք հանգեցրել են անհամար աղետների»: Էրդողանը ԵՄ-ին մեղադրել է «կեղծավորության» մեջ` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Իսկ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն անդրադառնալով Առաջին համաշխարհային պատերազմին` նշել է, թե «հայերին հրահրողները» եղել են Ֆրանսիան, Անգլիան եւ Ռուսաստանը. «Բոլոր ժողովուրդներին ամեն տեսակ վատություն անողներն այս երեք երկրներն են։ Նրանց ձայնը շատ է հնչում։ Նրանք ճիշտ չեն»։

Հատկանշական է, որ պաշտոնական Անկարան քննադատության սլաքը ուղղեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ուղղությամբ: Թուրքիայի իշխանությունները կոշտ քննադատության ենթարկեցին հենց այս երկրներին: Թուրքիայի ԱԳՆ-ն մի քանի օր է, ինչ վերածվել է «բողոքի» տեքստեր տիրաժավորող մի հիմնարկի:

Թեեւ հայ հասարակությունը հիասթափված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ելույթից` այն առումով, որ նա դարձյալ չարտասանեց «ցեղասպանություն» եզրույթը, սակայն դա, միեւնույն է, չի գոհացրել Թուրքիայի իշխանություններին: Անկարայի դժգոհությունն ինչ-որ առումով կարելի է հասկանալ. Օբաման ողջունեց Ֆրանցիսկոս պապի ելույթը (որում, ինչպես հայտնի է, Հռոմի պապը 100 տարի առաջ տեղի ունեցածը ցեղասպանություն անվանեց), ապա ԱՄՆ նախագահը արձանագրեց, որ «1915-ից սկսած` Օսմանյան կայսրությունում ապրող հայերը տեղահանվեցին, կոտորվեցին եւ իրենց մահը գտան գաղթի ճանապարհին, ոչնչացվեցին նրանց մշակույթը եւ ժառանգությունը իրենց հինավուրց հայրենիքում», եւ կրկին հայերենով օգտագործեց «Մեծ եղեռն» ձեւակերպումը: Այսինքն` ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ընդունումը միանշանակ է, եւ սա հստակ գիտակցում են Թուրքիայի իշխանությունները: Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտեց Օբամայի հայտարարությունը. «ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի արած հայտարարությունը շատ հեռու է հայերի ու թուրքերի համատեղ պատմության ցավոտ հատվածի վերաբերյալ արդար հիշողության հիման վրա գնահատականից… Մենք դատապարտում ենք 1915թ. դեպքերի վերաբերյալ ԱՄՆ նախագահի միակողմանի հայտարարությունը եւ մերժում ենք դրանց իրավական գնահատականի հանդեպ յուրաքանչյուր խտրական ու կանխակալ մոտեցում»:

Դե, իսկ Գերմանիայում տեղի ունեցող վերջին օրերի իրադարձությունները հունից հանել են պաշտոնական Անկարային. այստեղ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի կողմից «ցեղասպանություն» բառի գործածումը առիթ հանդիսացավ Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքին. «Գերմանիայի նախագահն իրավունք չունի պատմական ու իրավական իրողություններին հակասող ձեւով թուրք ժողովրդին անհիմն մեղադրել նման հանցանքի մեջ, որը նա չի գործել: Թուրք ժողովուրդը չի մոռանա եւ չի ների Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի խոսքերը»: Ավելին` Թուրքիայի ԱԳՆ-ն նույնիսկ շեշտեց, թե Գաուկն «անտեսել» է թուրքական ծագում ունեցող եւ Գերմանիայի քաղաքացի հանդիսացող հարյուր հազարավոր մարդկանց կարծիքը:

Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա այս երկրին թուրքական իշխանությունները վաղուց են համարում «հայերի բարեկամ»: Թուրքիայի ԱԳՆ-ն Օլանդին նույնպես մեղադրեց «թուրքական ինքնագիտակցությանը, պատմությանն ու հասարակությանն «անհիմն մեղադրանքներ» ներկայացնելու մեջ եւ հիշեցրեց, որ Ֆրանսիայում բնակվում է 600.000 թուրք, որոնք բացասաբար են ընդունում Ֆրանսիայի ղեկավարության այդօրինակ «խտրական» հայտարարությունները:

Հետաքրքրական էին Հայոց ցեղասպանության ճանաչման առիթով ռուս-թուրքական հայտարարությունները: Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտեց անգամ Երեւանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, չնայած մեր բոլոր զգուշացումներին ու կոչերին, 1915թ. իրադարձությունները որակել է որպես ցեղասպանություն: Թուրքիայի տեսանկյունից այդօրինակ հայտարարություններն անընդունելի են»:

Թուրքիայի գնահատականներն անարձագանք չմնացին: Պաշտոնական Մոսկվան անմիջապես արձագանքեց Անկարայի մեղադրանքներին` հավանաբար փորձելով մեղմել Էրդողանի իշխանության զայրույթը: Նախ` ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեցին, որ ՌԴ-ն գնահատում ու կարեւորում է Թուրքիայի հետ հարաբերությունները եւ չի կարծում, թե նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը Երեւանում կայացած միջոցառումներին բացասաբար կազդի դրանց վրա։ «Լիովին բնական է, որ նախագահն այլ առաջնորդների հետ Երեւանում էր։ Կարեւոր է ուշադիր ծանոթանալ նախագահ Պուտինի ելույթի հետ, եւ կարեւոր է չմոռանալ, որ Թուրքիան մեր ռազմավարական գործընկերն է»,- ասել էր Պեսկովը։

Եթե ամփոփենք վերջին օրերի իրադարձությունները, ապա պետք է նկատենք, որ պաշտոնական Անկարան իր իսկ գործողությունների արդյունքում հայտնվեց որոշակի ինքնամեկուսացման մեջ, էլ ավելի տարանջատվեց քաղաքակիրթ աշխարհից եւ իր ոչ դիվանագիտական ու անհասկանալի կեցվածքի արդյունքում, կարծես, ավելի վանեց միջազգային հանրությանն իրենից:

Սակայն այս ամենի մեջ կա նաեւ հուսադրող բան` թուրքական հասարակության ընկալումների մեջ տեղի ունեցող փոփոխությունները, եւ հիմք ընդունելով թե Թուրքիայում, թե աշխարհի տարբեր երկրներում թուրքերի կողմից արվող հայտարարությունները` կարելի է կանխատեսել, որ գուցե ամենեւին էլ հեռու չէ այն օրը, երբ հենց թուրք հասարակությունը Թուրքիայի իշխանությունից կպահանջի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930