Վարչական դատարանը մերժել է «Ոսկու աշխարհի»՝
65 միլիոն դրամ տուգանքը չեղյալ համարելու հայցը
«Ոսկու աշխարհի» սեփականատեր Վաղարշ Աբրահամյանն, իսկ ավելի ճիշտ՝ նրա կինը՝ Նունե Նալբանդյանը, որը Աբրահամյանի կինն է եւ «Ոսկու աշխարհի» տնօրենը, պարտվեց էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությանը: Անցյալ տարի «Վաղարշ եւ որդիներ կոնցեռնի» սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը, կարելի է ասել, զայրացել էր շուկայի վերահսկողության տեսչության կազմած 65 միլիոն դրամով տուգանելու ակտից եւ դիմել էր Վարչական դատարան` տուգանքը չեղյալ համարելու հայցադիմումով: Վաղարշ Աբրահամյանը լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ համաձայն չէ տեսչության ակտի հետ, այն բողոքարկելու է: «Ինձ թվում է՝ իրենք ակտը չեն կարողանա գրել, որովհետեւ մենք ապացուցելու ենք, որ նման խախտումներ չունենք։ Երկրորդը՝ ես պետք է պահանջեմ, որ իրենք իմ բարի համբավը առանց ակտը գրելու արատավորում են։ Մինչեւ իրենք ակտը չգրեն, օրինական ուժի մեջ չմտնի, ի՞նչ իրավունք ունեն ինձ վարկաբեկելու»,- հայտարարել էր Վաղարշ Աբրահամյանը:
Օրերս Վարչական դատարանը մերժել է «Վաղարշ եւ որդիների» հայցը. 65 միլիոն դրամը Աբրահամյանը պետք է վճարի պետբյուջե, ըստ դատարանի որոշման, եթե, իհարկե, Աբրահամյանն այս վճիռն էլ չբողոքարկի:
2013 թվականին շուկայի վերահսկողության տեսչությունը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով ստուգումներ էր իրականացրել «Վաղարշ եւ որդիներ կոնցեռնում», արդյունքում արձանագրվել էին բավականին մեծ թվով խախտումներ, 95 միլիոն դրամով տուգանելու ակտ էր կազմվել տեսչության կողմից: Հետո էկոնոմիկայի նախարարությունում նիստերի ժամանակ Վաղարշ Աբրահամյանը որոշ հիմնավորումներ եւ առարկություններ էր ներկայացրել, ինչի արդյունքում 95 միլիոնը դարձել էր մոտ 65 միլիոն դրամ:
Շուկայի վերահսկողության ծառայության պետ Լեւոն Խալիկյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ «Վաղարշ եւ որդիներ կոնցեռնում» ստուգումների արդյունքում հայտնաբերել էին, որ այս ընկերությանը պատկանող տաղավարներում վաճառվող ոսկյա իրերը եղել են թերի մակնշմամբ: Այսինքն` ըստ Խալիկյանի, այդ ոսկյա իրերի վրայից բացակայել են կամ հարգադրոշմները, կամ հարգորոշողը, եղել են ոսկիներ, որոնք ներմուծված են եղել, եւ դրանց վրայից բացակայել են հայկական հարգադրոշմները. «Օրենքը պահանջում է, որ յուրաքանչյուր ոսկյա իր, որը հանվել է վաճառքի, հարգը նշված լինի, ինչպես նաեւ այդ հարգը որոշ ընկերության պիտակը լինի: Մեր հայտնաբերած խախտումներում կային եւ առանց հարգի, եւ առանց հարգորոշ ընկերության պիտակի: Կամ` երկուսը միասին: Յուրաքանչյուր ոսկու, որը խախտումով էր վաճառվել, տուգանքը 50 հազար դրամ է եղել: Պետք է նշեմ, որ այս տուգանքը վերաբերում է միայն «Վաղարշ եւ որդիներին», սակայն լուրեր են տարածվել, որ այդ տոնավաճառում այլ առեւտրականների վրա էլ է տարածվում տուգանքը: Այդպես չէ, այն տնտեսվարողները, որոնք պարզապես տաղավար են վարձակալել այդ տոնավաճառում եւ իրենց ոսկիներն են վաճառում, չեն ստուգվել, ուստի այդ տուգանքի հետ կապ չունեն: Տուգանքն ամբողջությամբ վերաբերում է միայն Վաղարշ Աբրահամյանին»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ շուկայի վերահսկողության տեսչության կողմից կազմված 65 միլիոն տուգանքի ակտից հետո «Ոսկու աշխարհ» առեւտրի կենտրոնի առեւտրականների մոտ խուճապ էր առաջացել, շատերի մոտ մտավախություն կար, որ այդ տուգանքն «իրենց քթերից է դուրս գալու», եւ իրենք պիտի վճարեն այդ միլիոնները: Այս ակտից հետո Վաղարշ Աբրահամյանը մոտ 15 հազար դրամով բարձրացրեց շուկայում առեւտրականների վարձակալման տաղավարների եւ արտադրամասերի վարձավճարները:
Պարոն Խալիկյանին հիշեցրինք Վաղարշ Աբրահամյանի` 25.02.2014 թվականին լրատվամիջոցներից մեկին ասած հայտարարությունը շուկայի վերահսկողության տեսչության մասին. «Իրենք շատ անգրագետ, լկտի, անհիմն բաներ են արել: Շուկայի վերահսկողության տեսչության պետը տուգանելու իրավունք չուներ։ Նման լիազորություն ի պաշտոնե միայն էկոնոմիկայի նախարարն ունի»։ Այս առնչությամբ պարոն Խալիկյանն ասաց, որ չի ուզում մեկնաբանել պարոն Աբրահամյանի խոսքերը. «Դատավճիռն ամեն ինչ ասաց, մենք գործել ենք օրենքի սահմաններում, եւ ժամանակը ցույց տվեց` ով է հիմնավոր, ով՝ գրագետ»:
«Առավոտը» փորձեց նաեւ Վաղարշ Աբրահամյանից պարզել, թե ինչ կարծիք ունի Վարչական դատարանի վճռի մասին, եւ արդյոք չի՞ պատրաստվում այն բողոքարկել, սակայն Աբրահամյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.03.2015