Լրահոս
Օրվա լրահոսը

«1915» ֆիլմը՝ անցյալի հետ չփակված հաշիվների մասին

Ապրիլ 29,2015 14:00

Սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Կարին Հովհաննիսյանն
առաջարկում է անցյալի աչքերին նայելու քաջություն ունենալ

Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Կարին Հովհաննիսյանի ու Ալեք Մուհիբյանի «1915» ֆիլմի երեւանյան պրեմիերան: «1915»-ում նկարահանվել են Անժելա Սարաֆյանը (Անգելա), Սիմոն Աբգարյանը (Սիմոն Մամուլյան), Սամուել Փեյջը (Ջեյմս) եւ Նիկոլայ Քինսկին (Թոնի): Երաժշտությունը գրել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը: Ֆիլմում իբրեւ բնաբան ընտրված է Ռափայել Պատկանյանի բառերով «Արի իմ սոխակ» հայտնի օրորոցայինը, որը իրականում հստակ ուղերձ ունի. «Թո՛ղ որսդ, արի՛, քաջասի՛րտ բազե, Քու երգը գուցե իմ որդին կուզե,/ Բազեն որ եկավ` որդիս լռեցավ,/ Ռազմի երգերի ձայնով քնեցավ»։

Կարին Հովհաննիսյանը ֆիլմից առաջ կայացած ասուլիսում զգուշացրել էր, թե տարօրինակ ֆիլմ եք նայելու՝ այն գաղտնիքներ ունի դերակատարների, երաժշտության մեջ, եւ ուշադիր ու ազատ դիտելու դեպքում կարելի է գտնել իմաստը: Իսկապես, «1915»-ը տարբերվում է մինչեւ հիմա ստեղծված թեմատիկ ֆիլմերից՝ չկան արյունով տեսարաններ, ավեր, այդ ամենը, սակայն, ծածկագրված է հերոսների գենետիկ հիշողության, աչքերի թախծի, խոսքերի, անցյալի հետ անհաշտության մեջ: Ֆիլմի հեղինակները ներկայացել էին ուրույն ձեռագրով ու նոր կինոլեզվով, նպատակը պատմության միջոցով իրականությունն ու անցյալից ժառանգված ցավը հաղթահարելն էր, բայց դրա համար պետք է անցյալը չժխտելու ու անցյալի աչքերին նայելու քաջություն ունենալ:

film2-6-1

Սերժ Թանկյանը, Անժելա Սարաֆյանը եւ Կարին Հովհաննիսյանը:

Կարին Հովհաննիսյանն ասում է, որ դեռ չենք փակել մեր հաշիվներն անցյալի հետ, դրա համար էլ հարյուր տարի է՝ մեր չճանաչված ուրվականներն անհանգիստ թափառում են աշխարհով մեկ, նրանք չեն խաղաղվի, մինչեւ չվերանան ժխտման գործողությունները:
Ֆիլմի սյուժեն հետեւյալն է. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից ուղիղ մեկ դար անց ռեժիսոր Սիմոն Աբգարյանը Չարլի Չապլինի հիմնադրած «Լոս Անջելես» թատրոնում որոշում է բեմադրել մի ներկայացում, որով հարգանքի տուրք կմատուցվի Եղեռնի զոհերի հիշատակին։ Նրա ներկայացման թեման վիճահարույց լինելու պատճառով «սրերով» է ընդունվում հատկապես այն դրվագի պատճառով, որ հայ կնոջ փրկությունը թուրք գնդապետի միջոցով է կայանում: Ոմանք սա համարում են ոչ հարգալից վերաբերմունք Եղեռնի զոհերի հիշատակի հանդեպ, ինչի արդյունքում էլ շրջափակում են թատրոնը, սպառնալիքներով նամակներ ու զանգեր ուղղում ռեժիսորին, վախ տարածում պրոդյուսերի եւ դերասանների շրջանում։ Սիմոն Մամուլյանի մտահղացումը բավական վտանգավոր է, բայց ախր անցյալի հոգիներն ամենուր են, նրանք սպասում են անցյալի ու ներկայի կամրջմանը՝ հիշողության միջոցով: Դերասաններից մեկն առաջարկում է փոխել պատմության ավարտը, գեղեցկացնել, բայց Սիմոնը անդրդվելի է՝ Ցեղասպանությունը դրական ավարտ չի ունեցել, պատմությունը չի կարելի գունազարդել: Ներկայացումն, այնուամենայնիվ, բեմադրվում է, ֆիլմն էլ ավարտվում է փրկված Անգելայի շուրթերց հնչող «Արի իմ սոխակ»-ով… Նայած՝ ով ինչպես կհասկանա ֆիլմի ասելիքը, ի վերջո ընկալման խնդիր է:

Նշենք, որ «1915»-ն արդեն ցուցադրվել է ԱՄՆ-ում, Ռուսաստանում:
Ըստ սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Կարին Հովհաննիսյանի, ֆիլմի նախապատրաստական աշխատանքները տեւել են մի քանի տարի, իսկ նկարահանումներն իրականացվել ընդամենը 20 օրում: Կարինն ուրախ է, որ ֆիլմը իրենց ուրույն խոնարհումն է 1915-ի Եղեռնի զոհերի հիշատակին:

Հիշեցնենք, որ Կարին Հովհաննիսյանը, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի որդին է, հեղինակն է նաեւ «Գերդաստան ստվերաց» գրքի, որը նվիրված է ցեղասպանության հետեւանքով հայրենազրկված իրենց գերդաստանի մեկդարյա պատմությանը: Գիրքը պատմում էր նրա մեծ պապի` Կասպարի մասին, որ մի կերպ փրկվելով Եղեռնից, նոր կյանք էր սկսել ԱՄՆ-ում: Կասպարի որդին` Ռիչարդն առաջինն էր ԱՄՆ-ում, որ զբաղվեց հայագիտությամբ ու ցեղասպանագիտությամբ: Ինչ վերաբերում է Կասպարի թոռանը` Րաֆֆի Հովհաննիսյանին, նրան եւս հանգիստ չի տալիս անցյալը, դրա համար էլ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում, հետագայում դառնալով նորանկախ երկրի առաջին արտգործնախարարը ու այդ կերպ ազգանպաստ գործունեություն ծավալել:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

28.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930